Տոնոյանը պնդում է՝ Շուշիի մասին Քննիչ հանձնաժողովը պետք է լսի ազատազրկված Միքայել Արզումանյանին


Կալանքի մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մի քանի ժամ անցկացրել է Աժ-ում։ Դատարանը նրան տվել է երկու օրվա թույլտվություն՝ օգոստոսի 1-2-ի համար, կալանավայրից Աժ այցելելու և 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։ Տոնոյանը այլ ձևաչափով էր պատկերացնում իր մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Նա առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ հեռարձակմամբ քննարկում կազմակերպել, բայց հանձնաժողովը մերժել է այդ տարբերակը։ Պաշտպանության նախկին նախարարը առանձին է հրավիրվել հանձնաժողով, քննարկումների մի մասը հանրային հասանելիություն ունի, մյուսի՝ գաղտնիություն պարունակող հատվածի համար նախատեսված է դռնփակ ռեժիմ։
Հանձնաժողովի անդամները Դավիթ Տոնոյանի համար նախապատրաստել էին 30 հարց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վկայություններից հետո աշտպանության նախկին նախարարը շտապել է ներկայացնել նաև իր ունեցած տեղեկությունները։
Մեկուսարանից ուղիղ Աժ եկած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմական և նախապատերազմական որոշ դրվագներում շփոթում կամ մոռանում է ժամկետներ, բայց հստակ հիշում է, որ պատերազմին նախորդող ժամանակ է սկսվել և պատերազմից մեկ տարի առաջ ավարտվել ԶՈՒ հիմնական ռեզերև հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերի կրճատումը։ Խոսքը Գորիսի և Կապանի զորամասերի մասին է։
«Դրա մեջ դավադրություն տեսնելու որևէ խնդիր չեմ տեսնում։ Այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձևավորվել է տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տաբեր կորպուսներում։ Եվ դրա հիմնավորումը եղել է ԶՈւ կոլեգիալ հիմնավորումը»։
Դավիթ Տոնոյանը ակնհայտ անակնկալի եկավ, երբ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից տեղեկացավ՝ քննիչ հանձնաժողովում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը այլ կարծիք է հայտնել այդ որոշման առնչությամբ։
—Անդրանիկ Քոչարյան. Փակ մասում ավելի մանրամասն կքննարկենք, ինքը ափսոսում էր, որ իր՝ ԳՇ պետ նշանակվելուց առաջ այդպիսի որոշում է եղել։ Այն ժամանակ Արթուր Դավթյանն է եղել ԳՇ պետ, երբ այդ որոշումը կայացվել է։ Հատուկ նշանակության ստորաբաժանումների առնչությամբ հանձնաժողովը հարցեր է ուղղել նաև վարչապետին և ԳՇ պետին, ունենք որոշ բացատրություններ, որոնք համադրելով կներառենք մեր զեկույցի մեջ։
-Դավիթ Տոնոյան. Բայց այն, որ ասացիք, որ ԳՇ պետը ափսոսանք է հայտնել ․․․
-Անդրանիկ Քոչարյան. Ես արձանագրում եմ փաստ։
-Հայկ Սարգսյան- Սխալվե՞լ է Օնիկ Գասպարյանը, երբ ափսոսանք է հայտնել։
-Դավիթ Տոնոյան. Պետք չէ հակադրել իմ ու ԳՇ նախկին պետերի մոտեցումները, բայց եթե փոփոխություն էր անհրաժեշտ այդ մոտեցման մեջ, նա կարող էր և ներկայացնել։
Օնիկ Գասպարյանի անվան հետ կապվում է նաև մեկ այլ դրվագ Հայաստանի Անվտանգության խորհրդում։ Գլխավոր շտաբի նախկին պետը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի երրորդ օրը արդեն ԱԽ նիստում զեկուցել է, որ ՀՀ ԶՈւ ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան և պնդել՝ պատերազմը անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։ Իսկ ի՞նչ է այդ օրերին ասել Դավիթ Տոնոյանը։
«Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ ԱԽ-ին ներկայացնելու մեր մոտեցումը։ Դրա հիմնական պատճառը այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր։ Կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է եղել։ Խնդրում եմ նաև ուշադրություն դարձրեք, որ այդ ներգրավումը իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ՝ «ձիու քայլով» արցախյան թատերաբեմում։ Մեր կողմից այդ հաշվարկը թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան»։


Տոնոյանը ուշադրություն է հրավիրում, որ թուրքական օդուժը միացված էր ՆԱՏՕ-ի համակարգին և նրա մասնակցությունը պատերազմին եղել է անմիջական։
Եղել են նաև այլ սխալ հաշվարկներ։ 2018-ի գնահատականների համաձայն՝ Հայաստանի զինված ուժերը պատրաստ էին իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու ու ապահովելու Արցախի անվտանգությունը՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը, և այն բնագծերը, որտեղ գտնվում էին ԶՈՒ-ն։ Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը միշտ գնահատվել է հավական կամ խիստ հավանական, հուլիսյան դեպքերից հետո՝ հատկապես։ Բայց այստեղ էլ սպառնալիքների գնահատման հաշվարկներում սխալվեցին․
«Իրական վիճակին, ինչը կատարվեց այդ ժամանակաշրջանում, եկեք ես այդ հարցին ավելի մանրամասն կանդրադառնամ փակ հատվածում, բայց բաց մասում ասեմ, որ հաշվի էինք առել դաշնակցի և այն դաշինքի մասնակցությունը, որում մենք գտնվում էինք»։
Պաշտպանության նախկին նախարարը թեև բավարար համարեց ԶՈՒ վիճակը այն պահին, երբ ստանձնեց պաշտոնը, միաժամանակ խոստովանեց խնդիրների մասին։ Օրինակ՝ ՄՈԲ ռեսուրսի կառավարման ձևը կամ զորահավաքային մոտեցումները, ասում է՝ իրականում թույլ չէին տալիս զորահավաքի շրջանակներում մարտունակ ստորաբաժանումներ ներգրավել։ Համոզված է, որ թերի էր այդ համակարգը։ ԶՈՒ առկա մեկ այլ թերության մասին խոսեց քննիչ հանձնաժողովի նախագահը․
—Անդրանիկ Քոչարյան. Հիմնավորեք այն, որ ձեր պաշտոնավարման օրոք Արցախի ՊԲ–ում և ենթակա զորամիավորումներում չեն կազմվել հակադիվերսիոն գործողությունների պլաններ, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ–ում ԱԹՍ կիրառման պլան, չնայած այն հանգամանքին, որ դրանց պարտադիր առկայությունը պահանջվում է համապատասխան դիրեկտիվով։
-Դավիթ Տոնոյան. Չեմ կարող մանրամասնել այդ հարցերը բաց նիստի ժամանակ։ Ես տեղյակ չեմ, որ այդպիսի դիրեկտիվներ, այդպիսի որոշումներ կամ այդպիսի պլաններ ԳՇ մակարդակում չեն եղել։
—Մենք պահանջել ենք և պարզվում է՝ չկան։
—Չեմ կարող պատասխանել այդ հարցին։
Պաշտպանության նախկին նախարարին ուղղված հարցերի մի մասն առնչվում էր «պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանի գործունեությանը։ Դավիթ Տոնոյանը հերքեց լուրերը, թե այդ անձը եղել է իր խորհրդականը, չնայած հարցեր եղան, թե պատերազմ սկսելու նախօրեին ուղեկցել էպաշտպանության նախարարին իր գործուղումներում կամ ինչ գործ ուներ արդեն պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում։ Տոնոյանի խոսքով՝ համացանցում հայտնված նկարներում պատկերված անձինք չեն մասնակցել քննարկումների ու որոշումների կայացմանը, եղել են այլ սենյակներում։ Նրան չեն անհանգստացրել անգամ այն հրապարակումները, որ Դավիթ Գալստյանի անվան հետ կապվող «Մոսթ ինջեներինգ» ընկերության և Թուրքիայի պաշտպանությանը նախարարությանը պատկանող ընկերությունների միջև համագործակցություն է եղել։ Պաշտպանության նախկին նախարարը խոսում է Գալստյանի այլ ունակությունների և հնարավորությունների մասին։
«Ինքը եղել է այն անձը, որը անհրաժեշտ էր, որը հնարավորություն, հմտություն ու կարողություն ուներ մատակարարումների կազմակերպման՝ ՀՀ մատակարարման ուղիների «զմռսված» լինելու պայմաններում։ Եթե ձեզ անհրաժեշտ է, թե քանի թռիչքներ են եղել կամ ցանաքային ինչ «աճպարարության» շրջանակներում է հայտնվել սպառազինությունը ՀՀ-ում կխոսենք փակի ժամանակ։ Այն հպարտությունը, որոնք մենք նշում ենք 600 միլիարդի գնումների վերաբերյալ, մի ստվար մաս բերվել է Հայաստան այդ անձի կողմից»։
Պաշտպանության նախկին նախարարը շեշտում է, որ պատերազմը բացահայտեց նաև օրենսդրական թերությունները, որոնք կառավարման հարցում առաջացնում են շփոթ։ 2021 թվականից հետո կատարված փոփոխությունները բավարար չի համարում և կարծում է, հրատապ կարգով պետք է վարչապետին օժտել Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններով նաև խաղաղության պայմաններում։
Տոնոյանը ակնկալում և կարևորում էր քննիչ հանձնաժողովի աշխատանքի գոնե փակ հատվածին խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը։ Անգամ ՀՀԿ ու Դաշնակցության գործիչներին ուղղեց իր խոսքը, որպես համակարգային հիշողություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների։
«Կարծում եմ անվտանգության ու պաշտպանության կազմակերպման հարցերում տեղեկատվությունը, որը իմ կողմից է տրամադրվելու, հետագա իրենց որոշումների համար կարևոր է։ Հակառակ դեպքում, ես կխնդրեի նույն կուսակցության ներկայացուցիչներին այլևս հրապարակային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերին»։
Հանձնաժողովը առաջիկայում պատրաստվում է լսել նաև Արցախի ՊԲ նախկին ղեկավար Ջալալ Հարությունյանին։ Նախնական պայմանավորվածությունը արդեն ձեռք է բերվել։ Դավիթ Տոնոյանը իր հերթին հուշեց ևս մեկ անձի, ում լսելը քննիչ հանձնաժողովում խիստ կարևոր է համարում։ Նա պնդում է, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Միքայել Արզումանյանը անպայման պետք է խոսի Շուշիի և դրա հետ կապված շահարկումների մասին։