Ծանր հանցագործություններ՝ առանց քրեական պատասխանատվության․ ՀԿ-ներն ակնկալում են, որ նախագահը չի ստորագրի նոր օրենքը


Հասարակական մի քանի կազմակերպություններ դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին` կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն սահմանող օրենքը։ Հասարակական սեկտրում օրենսդրական այս փոփոխության մեջ անպատժելիությունը խթանող դրույթներ, ինչպես նաև չարաշահումների ռիսկեր են տեսնում։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ, քրեական գործերով փաստաբան Անահիտ Մկրտչյանը շեշտում է՝ օրենքի ընդունման դեպքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը ոչ թե մեղմ պատիժ է կրելու այլ առհասարակ չի ենթարկվելու որևէ քրեական պատասխանատվության, այլ կերպ ասած՝ դատարանի առաջ չի կանգնելու։
«Հաջորդ ամենակարևոր մտավախությունը դատախազի հայեցողական լիազորությունն է։ Այս դեպքում ամեն ինչ տեղի է ունենալու մինչդատական վարույթում, իսկ մինչդատական վարույթը կաշկանդված է նախաքննական գաղտնիքով ու հրապարակային չէ։ Մի շարք հանցագործությունների պարագայում հնարավոր է չլինի այդ որոշումը բողոքարկող կողմ քանի որ, որպես այդպիսին, չկա նաև տուժող անձ»,-ասում է Մկրտչյանը։
Արդարադատության նախարարությունն առաջարկել է լրացումներ անել Քրեական օրենսգրքում և գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տալ նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց։ ՀՀ արդարադատության նախարարության քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյանն ասում է՝ այս կարգավորումը գործել է նաև 2003թ․ ընդունված ու մինչև 2021թ․ գործած նախկին Քրեական օրենսգրքով․ այլ կերպ ասած՝ նախարարությունը պարզապես վերաամրագրում է նախկին մոտեցումը։
«Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե անձը առաջին անգամ է կատարել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն, ապա, որոշակի պայմանների առկայության դեպքում, նա գործուն զղջալու հիմքով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ներկայացված նախագծով ընդամենը ավելացվել է 3 նոր կետ, որոնցով հիմնականում սահմանվում է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ առաջին անգամ կատարած անձիք, որոշակի պայանների դեպքում, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից»,-մանրամասնում է Լալազարյանը։
Քրեական պատասխանատվությունից ազատվելու համար ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը նախ՝ պետք է համագործակցի քրեական հետապնդման մարմինների հետ, այլ կերպ ասած՝ օգնի գործի բացահայտմանը, հետո նաև ընդունի մեղքը և հանցագործության հետևանքով պատճառած վնասը փոխհատուցի։ Նախարարությունը սահմանում է նաև այն հանցագործությունները, որոնց պարագայում անձը այնուամենայնիվ չի կարող խուսափել քրեական պատասխանատվությունից։ Դրանք են՝ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, թրաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը խոշտանգելը, ինչպես նաև բոլոր այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում։
«Նախատեսված է նաև, որ այս կարգավորումը չի կարող տարածվել այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են հանցագործություն, որից տուժած անձը մինչև 14 տարեկան քաղաքացի է կամ իր հոգեկան, ֆիզիկական որոշակի թերությունների պատճառով չի կարող գիտակցել իր նկատմամաբ կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորությունը»։
Շաբաթներ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց այս լրացումը նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Որպեսզի Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունն ուժի մեջ մտնի, հանրապետության նախագահը պետք է ստորագրի օրենքը։ Նախարարությունը հիմնավորում է՝ այս փոփոխությունը թույլ կտա նաև բեռնաթափել դատական և քննչական համակարգը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, սակայն, օրենքի ընդունման դեպքում անպատժելիության վտանգ է տեսնում։


«Դե, եթե գնում ենք բեռնաթափման ճանապարհով, եկեք առհասարակ հայտարարենք, որ որոշ հանցագործություններ քրեորեն հետապնդելի չեն, և քննիչներն ու դատարանները ծանրաբեռնված չեն լինի։ Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը, որը ունեցել ենք և, ցավոք սրտի, ունենք անպատժելիության մտածելակերպի վերացումն է, այսինքն՝ հանրությունը պետք է իմանա, որ անպատժելիությունը, որպես համակարգային երևույթ, դիտարկվում է որպես լուրջ մարտահրավեր։ Ցանկացած փոփոխություն պետք է դիտարկել այն համատեքստում, թե արդյոք դա նպաստու՞մ է անպատժելիության վերացմանը»,-կարծում է Սաքունցը։
Անպատժելիության վտանգ, իհարկե, քննարկվել ու հաշվի է առնվել նախարարության կոմից՝ վստահեցնում է Քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյանը։ Դրան զուգահեռ նկատի են առնվել նաև ազատազրկվածների մեծ թիվը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։
«Մեր պետությունը ներկայումս ընտրել է պատժողականից վերականգնողական քաղաքականության անցման ճանապարհը և, ինչու չէ, կարող եմ ասել, որ սա էլ այդ գործիքակազմի որոշակի մասն է հանդիսանում»։
Ավելի վաղ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը ևս բացասական եզրակացություն էր տվել նախագծին, որում մասնավորապես շեշտվում էր, որ օրենքի ընդունումը կարող է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճի վտանգ առաջացնել։ Մասնագիտական գիտական հանրույթը, մասնավորապես, նկատել է, որ գործող օրենսգրքով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները 150-ից ավելին են և վերջին տարիներին նկատվում է այդ հանցագործությունների աճի միտում, իսկ ըստ քրեական իրավունքի համընդհանուր չափանիշների՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձը չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից: