Նարեկ Ամիրյանը ծնվել է 1994 թվականին Երևանում։ Ավարտել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, մասնագիտությամբ ընդհանուր լապորոսկոպիկ վիրաբույժ-էնդոսկոպիստ է։ Աշխատում է Սպիտակի բժշկական կենտրոնում, ինչպես նաև Երևանի «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ-ում որպես բրիգադի բժիշկ։
Նարեկն ամուսնացած է, կինը ևս մասնագիտությամբ բժիշկ է։ Ներկա պահին միասին աշխատում և ապրում են Սպիտակ քաղաքում։ Որդին՝ առայժմ միակը, ծնվեց պատերազմի օրերին։ «Կինս միշտ ասում էր՝ բա որ գնաս, քեզ մի բան լինի, կամ երեխան ծնվի, դու այնտեղ լինես, ի՞նչ եմ անելու։ Ես ասում էի՝ հանգի՛ստ եղիր, ինքը գիտի՝ երբ է ծնվելու։
«Այդպես էլ եղավ․ հոկտեմբերի 7-ին եկա Երևան և այդ գիշեր պիտի մեկնեի, բայց ստացվեց այնպես, որ կնոջս տարանք հիվանդանոց, հոկտեմբերի 8-ի առավոտյան տղաս ծնվեց»։ Նորածին որդին Նարեկին Երևանում պահեց ընդամենը երեք օր, ու նա կրկին մեկնեց Արցախ։ Պատերազմի օրերին զբաղված էր վիրավորների տեղափոխմամբ։ Նոյեմբերի 6-ին Քարվաճառի ճանապարհին բժշկական անձնակազմը հարձակման է ենթարկվում։
Բոլորը վիրավորվում են, իսկ Նարեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Ձեռքի ու հատկապես որովայնի շրջանում ստացած վիրավորումներով, կարելի է ասել, հրաշքով է փրկվել։ Պատերազմից հետո մեր հերոսը շարունակում է բուժել ու բուժվել նաև երաժշտությամբ։ Ասում է, որ միշտ սիրել է երգել, իսկ վերջերս «վիրաբուժական» կտրուկ քայլ կատարեց՝ մասնակցելով Կիևում կայացած «Ուկրաինայի ձայնը» նախագծին։


Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինն ավարտած բժիշկը կույր լսումների փուլում ժյուրիի բոլոր անդամների սիրտը գրավեց իր հրաշալի վոկալով։ «Եթերից հետո Երևանում քայլելիս մարդիկ ճանաչում և ասում էին՝ սա այն երգող վիրաբույժն է»,-պատմում է Նարեկը։