Գերդաստաններ

Քիմիկոսը, դեղագետն ու բժիշկները. Սարգսյաններ. «Գերդաստաններ»

2022 թվականին նա արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ վիրաբույժ» մրցանակին, նա հուզմունքի և ուրախության արցունքներ կարող է պարգևել և՛  Գեղարքունիքի, և՛ այդ տարածաշրջանին մոտ գտնվող բնակավայրերի մարդկանց, նա Սևանի բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական ծառայության ղեկավարն է։ Ռաֆայել Սարգսյանն է այդ բժիշկը, որի գերդաստանի մեծ մասը բժիշկներ են։

1828 թվականին հին Բայազետից Սարգսյանները գաղթեցին Արևելյան Հայաստան և  բնակություն հաստատեցին Սևանի ավազանում։ Նրանք տարբեր նախասիրությունների տեր էին, սակայն հետաքրքիրն այն է, որ բոլորն էլ սիրում էին բնությունը, հիմնում էին բանջարանոցներ, աճեցնում էին օգտակար բույսեր։ Նրանցից Ռաֆիկ Սարգսյանը, որը մեր հերոսի պապն է, մասնագիտությամբ  քիմիկոս էր և ուսուցիչ, դպրոցի բակում բանջարանոց էր հիմնել և հաճախ էր իր աշակերտների հետ այստեղ զրույցներ անցկացնում, ծանոթացնում էր բույսերի  քիմիական բաղադրությանն ու նրանց օգտակար և վնասակար հատկանիշներին։

Շուտով քիմիկոս-ուսուցչի որդին՝ Արմենը, ընտրեց բժշկի մասնագիտությունը։

2017 թվականի դեկտեմբեր ամիսն էր, երբ բժիշկ Արմեն Սարգսյանը, հայտնվել էր  հիվանդանոցում և նրա հիվանդներից մեծ մասը հիվանդանոցի բակում էին։ Նրանց համար թանկ էր սիրելի բժշկի կյանքը։

Հոգատար բժշկին ճանաչում են ամենքը։ Տունը, ասես, վերածվել էր հիվանդանոցի։  Հարազատներն ու հարևաններն այստեղ էին գալիս՝ իրենց գանգատներով, վերցնում բժշկական խորհուրդներ, նույնիսկ կաթիլային ընդունում, իսկ երեխաները սովորում  էին այն, ինչ տեսնում էին։ Նրա որդին՝ Ռաֆայելը, քույրիկի տիկնիկներին այնքան էր    կաթիլային ներարկել, որ անկարող էին ոչ քայլել, ոչ էլ ձայն հանել, իր մանկության, եղբոր ու հոր մասին պատմում է Արմինե Սարգսյանը։

Երևի, թե պարզ է, որ Ռաֆայելն ու Արմինեն պիտի իրենց ուսումը շարունակեին բժշկական ուղղությամբ։ Ռաֆայելը հայրիկի հետ անընդհատ մասնագիտական և ընկերական կապերի մեջ էր։ Հայրը երբեմն ստուգում էր հիվանդին նրա  ներկայությամբ, ծանոթացնում հիվանդության պատճառներին ու հետևանքներին,  բուժման հերթական կանոններին։ Սակայն տղայի մտքում իր մեծ երազանքն էր. ոչ  թե թերապևտ, այլ վիրաբույժ դառնալ, ասում է Ռաֆայելը։

2022 թվականն էր, ամառ, երբ Երևանում բնակվող, սակայն Գեղարքունիքում  հանգստացող Մերի Հովակիմյանը հանկարծակի սուր ցավեր զգաց և տեղափոխվեց հիվանդանոց։ Նրան զննեց Ռաֆայելը, բացահայտվեց հիվանդությունը։ Հմուտ   վիրահատություն, որից հետո աղջկա կյանքն այլևս վտանգված չէր, պատմում ինքը՝  բուժառուն։

Արմինե Սարգսյանը՝ Ռաֆայելի քույրը, «Էսկուլապ» դեղագործական ընկերությունում դեղագործական ցանցի պատասխանատուն է։ Նա դեղագետ  դարձավ հոր խորհրդով։ Արմինեի գիշերային երազը նախաքննական օրերին,  հավատ ներշնչեց նրան։ Երազը կատարվեց։

Բժշկի քույրը՝ Մարինե Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգում էսթետիկ-բժիշկ է։ Նրան   այցելում են շատերը և հիացմունքով ու ժպիտով հեռանում, քանի որ դեմքի ու մարմնի երիտասարդացումն ու գեղեցկությունը շատերին է անհրաժեշտ։

Գերդաստանի երիտասարդներից Էդգար Սարգսյանը դեռ պատանի է, երբ Ռաֆայելի  հետ զրույցներ էր անցկացնում  բժշկական թեմաներով։ Իսկ համալսարան ընդունվելուց հետո նա հաճախ է լինում հիվանդանոցում և երբեմն խնամքի կարիք  ունեցող հիվանդներին օգնում ճիշտ կատարել բժշկի և բուժքրոջ խորհուրդները, ասում է Էդգարը։

Այս գերդաստանում գեները հզոր են, փոքրիկները գիտեն, որ ճնշման  տատանումների ժամանակ անհրաժեշտ է, որ վազեն և պահարանից հանեն ու   շտապ բերեն տոնոմետրը, որ դեղահաբերը պետք է պահեն իրենց  համապատասխան տուփերով, ցիր ու ցան չանեն, որ տանը չաղմկեն, երբ հիվանդ  կա։

Back to top button