Հայկոմկուսը իշխանափոխության պահանջով չի ուզում խանգարել ՄՄ անդամակցության գործին


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշումից մինչեւ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառումը: Հարցերի շուրջ է այսօր խոսել Կոմկուսի կենտկոմի նորանշանակ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անդրադարձ է կատարվել նաեւ ուկրաինական զարգացումներին եւ Ղրիմի ինքնորոշմանը:
Հայկոմկումսը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որը ոչ միայն քննադատում է իշխանություններին, այլեւ փորձում է քայլեր ձենարկել՝ թերությունները շտկելու ուղղությամբ, այսօր հայտարարեց կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից երկիրը դուրս կգա ՄՄ-ն անդամակցելու միջոցով միայն: Որոշումը կուսակցությունը ողջունել է եւ անհամբեր սպասում է փաստաթղթերի վերջնական ստորագրմանը: Հայաստանը, ըստ կոմկուսի առաջնորդի, այս կերպ կլուծի նաեւ ազգային անվտանգության խնդիրը, կվերականգնվեն խզված տնտեսական կապերը, կստեղծվի նոր տնտեսական միասնական տարածք:
«Քանի որ մենք հանձնել ենք իշխանությունը, մենք ոչ թե կողմնակից ենք իշխանափոխության, այլ կողմնակից ենք համակարգային փոփոխության։ Իհարկե՝ դեմ չենք, եթե իշխանափոխությունը կբերի համակարգային փոփոխության: Քանի որ այսօր Հայաստանի Մաքսային միության մեջ մտնելու հարցն է դրված, ուստի գիտակցաբար չենք ուզում խոչընդոտել ՀՀ նախագահին այդ քայլը կատարել, քանի որ մենք Մաքսային միությանն անդամակցությունը քաղաքական հզոր հաղթանակներից մեկն ենք համարում»:
Լրագրողի հարցին, թե ինչպես է կոմկուսը վերաբերվոմ ոչ իշխանական չորս ուժերի համախմբմանն ու համագործակցությանը՝ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն ասաց, որ նման փորձեր միշտ էլ եղել են սակայն, հաջողությամբ չեն ավարտվել:
«Ժամանակը ցույց կտա, թե այս փորձն ինչ արդյունք կունենա: Կսպասենք, կտեսնենք»:
Խոսելով կուտակային համակարգի ներդրման մասին՝ կոմկուսի առաջնորդն ասաց, որ համակարգին վստահողները կարժանանան 90- ականներին խորհրդային բանկերում միլիարդների խնայողություններ կորցնելու ճակատագրին:
«Մենք դեմ ենք, դրան»:
Ուկրաինական զարգացումներին անդրադառնալով՝ Տաճատ Սարգսյանն ասաց, որ Ուկրաինայում ներկայումս իշխանության ղեկին ֆաշիստներն են եւ դատապարտում են իրենց կուսակիցների վրա ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում նաեւ՝ Ուկրաինայի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի շենքի զավթումը Մայդանի զինված ակտիվիստների կողմից: Ղրիմի հանրաքվեն էլ, նրա խոսքով, ամբողջությամբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շրջանակում է անցել: Ռադիոլուրի հարցն թե արդոյք սա նախադեպ է ԼՂՀ –ն համար, Տաճատ Սարգսյանն այսպես պատասխանեց.
«Ես ցավում եմ, որ որոշ ընկերներ կատարում են Արեւմուտքի պատվերը եւ Ղարաբաղի հարցը խառնում են սրան: Ղարաբաղը ինքնորոշվել է, անկախ հանրապետություն է, Ղարաբաղի ժողովուրդն իր ուղին գտել է։ Իհարկե՝ մենք շնորհակալ ենք Ռուսաստանին, որ ՄԽ համանախագահների միջոցով կարողանում է ապահովել Ղարաբաղի ժողովրդի անդորրը»: