Սփյուռքի ձայնը

Բրյուսելից Կապան՝ բեռնատարով. մի ռոյալի պատմություն. «Սփյուռքի ձայնը»

Որպեսզի «Կապան մյուզիք ֆեստը» կայանար, Steinway D վերջին սերնդի դաշնամուրը, Բելգիայից անցնելով ողջ Եվրոպան, հասել է Հայաստան։

Հուլիսի 4-14-ը Կապանում անցկացվեց «Կապան մյուզիք ֆեստը», որի հիմնադիրն ու կազմակերպիչը տարիներ Բելգիայում բնակվող թավջութակահար Սևակ Ավանեսյանն է։

Ասում է՝ դժվար, սակայն հետաքրքիր ճանապարհ է անցել՝ դաշնամուրը Հայաստան հասցնելու ժամանակ։ Հիշում է՝ եվրոպական մի շարք երկրներով անցնելու խնդիրները, սակայն առավել ոգևորվում է արած աշխատանքի ու շատ սրտացավ մարդկանց մոտեցումից։ «Դաշնամուր ձեռք բերելու համար արված հայտարարությունից հետո, մոտ երեք ամիս մենք փնտրում էինք դաշնամուր, քանի որ արդեն որոշակի գումար ունեինք, նաև օգտագործելով անձնական կապերս, փնտրում էի լավ գործիք, որը համապատասխան կլիներ Կապանի հրաշալի դահլիճին։ Իսկ Կապանի երգեհոնային դահլիճը աշխարհում լավագույն ակուստիկա ունեցողներից է։ Թեև ցավով պետք է նշեմ, որ դահլիճը անմխիթար վիճակում էր։Այս դահլիճում 1985-թվականին նվագել է Գերգիևը, Ռաստրապովիչի սիրած դահլիճներից մեկն է եղել»։

Սևակը ոգևորված նախաձեռնությունից սկսեց դիմել մարդկանց, որոնք կարող էին օգնել դաշնամուրի ձեռք բերման հարցով։ Ասում է, որ տեղյակ  էր Վիեննայում գոյություն ունեցող մի սրահի մասին, որտեղ 150-ից ավելի դաշնամուր էր ներկայացված։

Երաժշտական այս փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ, ներկայացվել է նաև ամերիկաբնակ գրող Սոնա Վանի «Հայրս ասում էր» գիրքը։ Նա նաև փառատոնի օրերին Կապան բերված դաշնամուրի ձեռք բերմանը մասնակցած բարեգործներից է։ «Սևակին ես ճանաչում էի հեռակա՝ որպես մեր լավագույն երիտասարդ թավջութակահարներից, բացի այդ նրա՝ աշխարհին ուղղված կոչից հետո, երբ նա նվագեց Շուշիի կիսավեր եկեղեցում։ Եվ այս փառատոնը լավագույն առիթն էր մոտիկից ծանոթանալու երիտասարդ այն երաժշտի հետ, որն աշխարհին ցույց է տալիս ՝ինչ է հայ եկեղեցին հայ մարդու, երաժշտի համար և թե որքանով է աշախարհն արձագանքում քաղաքակրթական կուրությանը։ Իսկ փառատոնի մտահղացումը բերեց մեզ հայրենիք»։

«Կապան մյուզիք ֆեստը» 10 օր շարունակ կապանցիներին ներկայացրել է լավագույն երաժիշտներին։ Կազմակերպիչները խոստանում են՝ այն դարձնել ամենամյա։

Back to top button