ԿարևորՎերլուծական

Իրան-Ադրբեջան առճակատումը մեղմացե՞լ է․ ի՞նչ է խոստացել Բաքուն Թեհրանին

Թեհրան-Բաքու առճակատումը ակնհայտորեն մեղմացել է։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թեհրան այցի ժամանակ Իրանի արտգործնախարարը վստահեցրել է, որ Ադրբեջանի նախագահը միտում չունի խոչընդոտներ հարուցելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում։ Սա այն է, ինչի մասին Թեհրանը բազմիցս շեշտել է որպես կարմիր գիծ, ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նա վստահեցրել է, որ «Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի համար կարմիր գիծ է» ձևակերպումն ընդունվել է Բաքվի կողմից։

Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը  պետք է իրականացնի Հայաստանը, հակառակ դեպքում պաշտոնական Երևանը չի համաձայնի այլ երկրի կողմից վերահսկողություն  իր երկրի տարածքում, կարծում է իրանագետ Արմեն Վարդանյանը, անդրադառնալով Թեհրանում Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ալիևի հավաստիացումներն էր փոխանցել հայ պաշտոնակցին։

Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահը Իրանին վստահեցրել է, որ միտում չունի արգելքներ ստեղծելու Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության հարցում։ 

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների քննարկման ժամանակ Իրանի ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ, սակայն, ըստ իրանագետի, կան նրբություններ, որոնք պետք է հասկանալ․

«Ամբողջ խնդիրն այն է, որ Ալիևը և՛ Իրանի իշխանություններին և՛ Արևմտյան երկրների ղեկավարներին  հավաստիացնում է, որ որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանից, որ այդ միջանցքը շարունակելու է մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության մաս, որ որևէ հավակնություն չունի այդ հարցում, սակայն դրա հետ միասին պնդում է, որ միջանցքում վերահսկողույունը պետք է իրականացվի ռուսական անվտանգային ուժերի կողմից, այսինքն, ֆորմալ առումով միջանցքը Հայաստանի մաս է կազմելու, եթե իրականում այդ տարածքը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները և Հայաստանը վերահսկողություն չունենա այդ տարածքով անցնող բեռների և մարդկանց փոխադրումների դեպքում, ապա փաստացի ստացվում է, որ միջանցքը գտնվում է Հայաստանի վերահսկողուոյունից դուրս։ Սա է նրբությունը, ինչը Հայաստանի համար անընդունելի է»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով Իրանի արտգործնախարարի վստահեցումը, որ լսել է Ալիևից, ցույց է տալիս, որ Իրան-Ադրբեջան առճակատումը  թուլացել է, դա արձանագրվել է վերջերս Իրանի ԱԳՆախարարի Ադրբեջան այցի ժամանակ։

«Ենթադրում եմ, որ  այնտեղ Իրանը պնդել է իր նախկին դիրքորոշումը միջանցքային տրամաբանության հետ, որտեղ ենթադրում եմ, որ  Բաքվից որոշակի պատասխան են տվել, որը բավարարել է Իրանին» ։

Բաքվի դիրքորոշման մեղմացումը քաղաքագետը նաև աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորում և ընդգծում, որ Ադրբեջանի համար բարենպաստ ժամանակաշրջանը ավարտվում է։

Հայաստանի արտգործնախարարի Թեհրան այցից ու նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումից հետո Իրանի նախագահի գլխավոր քաղաքական խորհրդական Մոհամմադ Ջամշիդին թվիթերում գրել է, որ Իրանի նախագահն առաջարկել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ լուծելու առկա տարաձայնությունները: Նա նշել է, որ Իրանի համար անընդունելի է Միացյալ Նահանգների և Իսրայելի միջամտությունը տարածաշրջանի գործերին։

Արարատ Միրզոյանն էլ  վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի վերածվի տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի կողմից հակաիրանական գործողությունների հարթակի։

Իրանի արտգործնախարարը նշել է Թեհրանի պատրաստակամությունը «3+3» ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան, Թուրքիա) հայ և ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու հարցում ։

Արա Պողոսյանի համոզմամբ «3+3» ձևաչափը անիրականանալի է, քանի որ բազամթիվ լուրջ հակասություններ կան հենց այդ ձևաչափում ընդգրկված երկրների միջև, սակայն Թեհրանից այս ֆորմատի մասին հիշեցվել է հասկացնելու համար, որ այլ երկրներ չպետք է նարգրավված լինեն տարածաշրջանային հարցերի լուծման գործում։

Իրանագետն Արման Վարդանյանի պարզաբանմամբ՝ Իրանի սրտով չէ նաև, որ ԵՄ դիտորդները ներկա են Հայաստանում․

«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան փորձում են միջազգային այլ դերակատարներին, իսկ ավելի կոնկրետ Արևմուտքին դուրս թողնել այս տարածաշրջանից և ՀԿ տարածաշրջանում իրենց լինեն հարցերը լուծողը։ Նմանատիպ ձևաչափով նրանք հաջողությամբ համագործակցել են Սիրիայում և փորձում են այդ համագործակցությունը բերել նաև ՀԿ տարածաշրջան և Հայաստանի շահերից չի բխում, որ Արևմուտքը դուրս մնա այս տարածաշրջանից։ Այդ դեպքում Հայաստանը լիակատար կախվածության մեջ կլինի Ռուսաստանից ու Թուրքիայից»։

Սակայն Հայաստանի համար Արևմուտքի ներկայությունն, ըստ իրանագետի, հանարավորություն է տալիս ավելի հավասարակշռված տարածաշրջան ունենալ և որոշ տեղերում մանևրել։ 

Back to top button