Այնպես, ինչպես Հայաստանի ու Արցախի մասին խոսվում է սփյուռքյան մամուլում, այնպես էլ Սփյուռքը պետք է հաճախ ներկայացվի հայաստանյան մամուլում, շեշտվեց Լիբանանում անցկացված «Հայության տեղաշարժերն ու փոխակերպումները 20-րդ դարում» թեմայով գիտաժողովում։
Այն կազմակերպել էին Լիբանանի Հայկազյան և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանները։ Այն երկրորդն էր, նախորդն անցկացվել էր Երևանում։ Երկօրյա գիտաժողովին մասնակցել են թե՛ հայաստանցի, թե՛ սփյուռքահայ գիտնականներ, սփյուռքը ուսումնասիրած մասնագետներ՝ ներկայացնելով հայկական սփյուռքի այսօրվա խնդիրները՝ ժամանակի ու տարածության մեջ:
Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բազմաթիվ գրքերի խմբագրակազմերի անդամ Անդրանիկ Դաքեսյանը նկատում է, որ վերջին 120 տարվա ընթացքում հատկապես սփյուռքում փոփոխություններ ու տեղափոխությունները շատ են եղել, որոնք նպաստել են թե՛ Սփյուռքի ձևափոխմանը, թե՛ խնդիրների գոյացմանը:
«Մենք այսօր ապրում ենք այդ անցումային շրջանը՝ չգիտակցելով, թե որոնք են լինելու դրանց հետևանքները։ Հենց այդ պատճառով անցկացվեց այս երկրորդ գիտաժողովը՝ իրականությունը տեսնելու համար։ Մեր ամենալուրջ խնդիրներից մեկը ցանցային աշխատանքի բացակայությունն է։ Օրինակ՝ Ֆրանսիայի կամ Լիբանանի հայությունը միմյանցից անտեղյակ են։ Խախտված են թե՛ եկեղեցական (հաշվի առնելով անթիլիասական ու էջմիածնական լինելը), թե’ կուսակցական հարաբերությունները։ Այս գիտաժողովը նպատակ ուներ արժևորելու մեր հարաբերություններն ու անելիքները»,- ասում է Անդրանիկ Դաքեսսյանը։
Խնդիրները շատ են, լուծումները՝ դեռևս ոչ այնքան հստակ։ Թեև տարիներ շարունակ անցկացվել են հանդիպումներ ու ներկայացվել համասփյուռքյան խնդիրները, դրանց մասին գրվել են ու հրապարակվել, սակայն գործնական քայլեր չեն արվել, ասում է Անդրանիկ Դաքեսսյանը։
«Այլևս ժամանակն է միասնական ներկայացնել հայկական աշխարհը՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը,- շարունակում է զրուցակիցս։ Պետք է դադարել տարանջատման գործընթացը և սկսել միասնական գործել։ Կարևոր է նաև երկկողմանի հետաքրքրություների մասին տեղեկանալն ու անելիքների մասին լսելը։ Օրինակ, որևէ սփյուռքյան մամուլ, որ թերթեք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մասին հոդվածներ մշտապես լինում են, իսկ հայաստանյան մամուլում սփյուռքի մասին կամ չի խոսվում, կամ քիչ է ներկայացվում։ Իսկ սա կարևոր է այն առումով, որ ենթագիտակցության մեջ կարող է բացառել միայն քեզ տեսնելը»,։
Նա նաև շեշտում է, որ հայության մի գերակշռող խումբ էլ գոյություն ունի, որը յուրաքանչյուր ժամ, օր ապրում է Հայաստանով, հետաքրքրվում հայկական կյանքով։
Լիբանանում անցկացված գիտաժողովից հետո հրատարակվելու է գիրք, որտեղ տպագրված կլինեն ներկայացված զեկուցումները։