Ազդ անցյալից

19-րդ դարի Թիֆլիսը՝ հայ մշակույթի, կրթության և գործարարության կենտրոն․ «Ազդ անցյալից»

Իստակ մոմ , շատ աժան գնով…

Զագրանիցայից նոր ապրանքներ…

Է՛ստի, է՛ստի…

Այսօր հրավիրում եմ ձեզ 19-րդ դարի Թիֆլիս՝ Թումանյանի ասած այդ մեծ հարսանքատունը՝ հայ մշակույթի, կրթության և գործարարության կենտրոնը: Քաղաք, որտեղ տպագրվող հայկական թերթերի անգամ ծանուցումներն ու գովազդներն են շաղախված հատուկ կոլորիտով: Այսօր միասին մի փորձ անենք՝ 1-2 ծանուցման կամ գովազդի օրինակով փորձենք պատկերացնել 19-րդ դարի կեսերի այս հիասքանչ քաղաքի հայկական կյանքը՝ առևտրից՝ թատրոն, կենցաղից՝ բարբառ:

Հայկական թատերախումբ, Թիֆլիս

1872 թվականի «Մշակ» թերթի համարներից մեկում կարդում ենք. «Ոսկերիչ ԼՕԿՍԸ և ժամագործ ԿԱՑԸ իրանց մագազինում շատ ժամանակ չէ որ ստացան արտասահմանից անմիջապես գործարաններից մեծ քանակութիւն ոսկեղէն բաներ, որք են. պարանոցի շղթաներ, որոնք յարմար են նույնպէս ժիլէտի և մեդալիօնների համար: Զարդարանքներ, բրօշկէք, օղեր, շապկի զապօնկէք, մեդալիօններ, բրասլէտներ և այլն: Փարիզում դուրս եկած վերջին մօդան: Ստացան նոյնպէս Զվիցէրիայից մեծ քանակութիւն ոսկեցէն ծոցի ժամացոյցներ այր մարդկանց համար 45-ից 250 մանէթի արժողութեամբ. Նմանապէս կանանց՝ 30-120 մանէթ: Արծաթեղէն նոյնպէս զանազան գնանոց 13-50, մինրև 60 մանէթ: Ուղիղ և անսխալ ընթացքի համար մագազինը ապահովացնում է: Մեդալիօններ՝ 7-150 մանէթի արժողութեամբ: Մի  խօսքով ծախւում են ձեռնտու գնով: Օտարաքաղաքցիները թող բարեհաճեն դիմել վերոյիշեալ մագազինը»:  

Հին Թիֆլիս

Բազմաէթնիկ և բազմադավան Թիֆլիսի քաղաքցիներ՝ ոսկերիչ Լոկս և ժամագործ Կաց, որոնք իրենց խանութի թանկանոց ապրանքների գովազդը տեղադրում էին նաև հայկական թերթերում: Վստահաբար հաշվի առնելով թիֆլիսահայ որոշակի խավերի ոչ միայն գնողունակությունը, այլև ընտանիքների միջև առկա քաղքենի մրցակցությունը:

Ժամացույցների «ուղիղ և անսխալ ընթացքի  համար մագազինը ապահովացնում է»,- հատուկ շեշտում են Լօկսը և Կացը՝ թերևս շուկայագիտական առումով  հետաքրքիր հնարք  բանեցնելով, գնորդի մոտ վստահություն առաջացնելու համար, նշելով խանութի հանձնառությունը ժամացույցների պատշաճ, ստույգ աշխատանքի համար:

Թատրոնի ներքին հարդարանքը

«Պարանոցի շղթաներ, բրօշկէք, օղեր, շապկի զապօնկէք, մեդալիօններ, բրասլէտներ…»- այս բազմապիսի զարդարանքների պես, որքան խայտաբղետ է թիֆլիսյան բարբառը:   

Ներկայացնում է բանասիրական գիտությւոնների դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանը:

Թիֆլիսի բարբառն ունի գարբարյան բաղաձայնական համակարգ, այսինքն՝ եռաշարք: Միայն ֆ հնչյունը չունի, ինչպես Ղարաբաղի բարբառում: Եվ ֆ-ն արտասանվում է փ: Չնայած Գ.Ջահուկյանը համարում է Թիֆլիսի բարբառը Արարատյան խմբի բարբառ (ում- ճյուղի), բայց Թիֆլիսի բարբառն ունի նաև Կ-ճյուղի  բարբառի առանձնահատկություններ: Ներկա ժամանակը կազմվում է և՛ կ-ով և՛ ում-ով: Կարող ենք ասել՝ «գրում եմ» և կարող ենք ասել՝«կու գրիմ»: Կարելի է ասել, որ Թիֆլիսի բարբառը միջխմբային բարբառ է, ունի և՛ արևմտյան և արևելյան բարբառների հատկանիշներ: Բացառական հոլովը՝ այգեմէն, տունեմէն, քաղաքեմէն, արևմտյան բարբառների ձևեր են, իսկ ներգոյական հոլովը արևելյան բարբառի առանձնահատկություն է:      

Թիֆլիս, երեւանյան հրապարակ

Հիմա էլ լսենք, 150 տարվա հեռվից, մի քիչ գրոտեսկային, մի քիչ տարօրինակ հնչող, բայց համուհոտով և գովազդատու Ջանջուղազով եղբայրների կերպարը  բացահայտող ազդ-հայտարարությունը:

«Ե. եւ Ի. Ջանջուղազովները, որոնք ունին տղամարդոց  եւ կնկտերանց ոտնամանների դուքան և որոնք Նորին Կայսերական Մեծութեան արքունիքի համար ոտնամաններ պատրաստող Միքայել Լէոնիդեւիչ Կորոլեւի գործակատարներն են, պատիւ ունին յայտնելու յարգոյ հասարակութեանը, որ նորումս ստացել են շատ ընտիր ոտնամաններ թէ տղամարդոց եւ թէ կնկտերանց համար և ծախում են արժան գնով: Ստացել են նոյնպէս արտասահմանից (զագրանիցայից) տղամարդոց և կնկտերանց համար լայքայէ ձեռնոցներ և ժապաւէններ կանանց գարդիրոբի համար և զանազան ուրիշ ապրանքներ: Պ.Ջանջուղազովների դուքանը գտնվում  է պատւաւոր  քաղաքացի Գաբրիէլ Իվանիչ Թամամշեւի քարվանսարայի երկրորդ յարկում 30-երորդ, 31-երորդ, 32-երորդ համարներում, Ռուսաց հոգեւոր դպրոցի դէմուդէմը»:  

Թատրոնի շենքը

Ուրեմն՝ ինչպես շատերը ռուսական կայսրության հայկական միջավայրերում, Ջանջուղազյանները ևս տուրք են տվել իմպերիալիստական հովերին, աղճատելով հայկական ազգանվան վերջավորությունը, փորձել  են ավելի բարձր խավի ներկայացուցչի պատրանք ստեղծել, կամ էլ իրենք խորապես հավատացել են, որ վերածվելով Ջանջուղազովի, դառնում են այդպիսին:                                                     

Այո՛, իրենց մի աչքով պետք չէ նայել. նրանք սովորական թիֆլիսեցիներ չեն, այլ գործակատարն են ոմն Միքայել Լէոնիդեւիչ Կորոլեւի, որն էլ իր հերթին սերտ բիզնես կապի մեջ է ոչ ավել, ոչ պակաս Նորին Կայսերական Մեծութեան արքունիքի հետ: Այսինքն՝ միջնորդավորված, բայց առնչություն ունեն պալատի հետ: Եվ վերջապես՝ Ջանջուղազովների դուքանը գտնվում է քաղաքի լավագույն և  սուղ առևտրային հանգույցում՝  նույն ինքը Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Գաբրիել Թամամշյանի քարվանսարայում:

Մինչ Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Գաբրիել Թամամշյանի գործերից  հետաքրքրիր փաստ կպատմեմ, մի քիչ էլ լսենք թիֆլիսյան բարբառի մասին: Պատմում  է գիտությունների դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանը:

Ոսկերիչ լօկս

Այսօր մենք ամենայն մանրամասնությամբ կարող ենք ուսումնասիրել Թիֆլիսի բարբառը՝ վերցնելով Սայաթ Նովայի, ինչպես նաև Գաբրիել Սուդուկյանի ստեղծագործությունները: Իսկ «Մշակ» թերթում  օրինակ՝ թիֆլիսի բարբառով բազմաթիվ ֆելիետոն գրողներ են եղել: Թիֆլիսի բարբառը դժվարություններ չի առաջացնում նաև ձայնավորական առումով: Ձայնավորների հնչյունափոխությունը քիչ է: Օրինակ՝ քեզ-քիզ, մեզ-միզ (ե-ն դառնում է ի),(ո-ն դառնում է ու)՝ օրինակ՝ ոնց ես-վունց իս, նոր-նուր և այլն:   

Չմշկյան Գ.

Եվ այսպես՝ 1851-ին Թիֆլիսի Երևանյան հրապարակում դռներն է բացում Անդրկովկասում  1-ին թատերական շենքը, որի կառուցման գաղափարի հեղինակը և մեկենասը մեծապատիվ Թամամշյանն էր: Թամամշյանի թատրոնի բեմից իտալացի արտիստների կատարմամբ հնչել  է    Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերան: Թիֆլիսի հասարակությունը ծանոթացել է  բալետային արվեստին: Իսկ 1863 թվականին  Թիֆլիսի հայկական դերասանախումբը սկսել  է իր գործունեությունը «Արշակ Երկրորդ» ներկայացումով , ապա՝ առաջին անգամ բեմադրվել  է   Սուդուկյանի Պեպոն: Բեմ  են բարձրացել Գևորգ և Սաթենիկ Չմշկյանները, Քեթևան Արամյանը,   Ամիրան Մանդինյանը և ուրիշներ։ Ժամանակակիցները հիացմունքով են խոսել թատրոնի մասին՝ համեմատելով այն Փարիզի Գրանդ օպերայի հետ: Հայր Դյուման, որ ճամփորդում էր Թիֆլիսում, խոստովանել է՝ «Կյանքիս ընթացքին գրեթե բոլոր թատրոններում  եղել եմ, բայց դրանցից ոչ մեկը իր գեղեցկությամբ այս մեկի հետ չի համեմատվի»:  Թամամշյանի թատերական շենքի ներքին հարդարանքը նմանեցվել է ջնարակներից պատրաստված մի հսկայական ապարանջանի:

1874-ի սեպտեմբերի  11-ին բեմում ընթանում էր «Նորմա» օպերան: Մի անփույթ աշխատակցի պատճառով բռնկված հրդեհը  կործանում է թատրոնը հիմնադրումից 23 տարի անց: Հետաքրքիր է Թամամշյանը  ապահովագրե՞լ  էր այն, թե՝ ոչ: Համենայդեպս,  այդ ժամանակ արդեն  ապահովագրության ինստիտուտը գործել  է և հայկական մամուլը լեցուն է ապահովագրական  ընկերությու նների գովազդներով: Մենք դրանց առաջիկայում անպայման կանդրադառնանք:

Թատրոնի շենքը չվերականգնվեց, բայց աննկուն Գաբրիել Թամամշյանը նույն վայրում կառուցեց Թիֆլիսի ամենից մեծ քարավան սարայը: Սա էլ ավերվեց 1934-ին:Թամամշյանի այս և մյուս առևտրային շարքերը անցյալի ծանուցումներում ամենից հաճախ հիշատակվող հասցեներն են:  Դրանց մասին դեռ կլսենք:  

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին  և Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button