Միջազգային կոչերը բավարար չեն, գործողություններ են հարկավոր


Աշխատանքային այցով Վիեննա մեկնած արտգործնախարար Արարատ Միրզոյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել և դարձյալ ուշադրություն հրավիրել Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի ու խորացող ճգնաժամի վրա։ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, ըստ ԱԳՆ հաղորդագրության, մտքեր են փոխանակել այսօրվա մարտահրավերների պայմաններում կառույցի գործունեության և դերակատարման շուրջ: Մասնավորապես ընդգծվել է 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապությունը։
Օրախնդիր հարցերի շուրջ նախարարը խոսել է նաև Ավստրիայի արտգործնախարարի հետ։
Ցանկացած երկրի ցանկացած քայլ, որով կդատապարտվեն ադրբեջանական ոտնձգություններն ու քաղաքական զորակցություն կհայտնվի Հայաստանին ու Արցախին, ողջունելի ու գնահատելի է, բայց ոչ բավարար՝ ասում են փորձագետները՝ անդրադառնալով Ավստիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի Արցախի շրջափակման առնչությամբ արտահայտած մտահոգությանը։ Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ավստիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և պետք է դադարեցվի Լաչինի միջանցքի արգելափակումը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, սակայն, շեշետում է՝ Բաքվի համար միջազգային դերակատարների այս կոչերն ու հայտարարությունները որևէ նշանակություն չունեն։ Բաքուն պատրաստ չէ որևէ փոխզիջման, և նման պայմաններում ոչ թե կոչեր, այլ գործողություններ են հարկավոր։
«Ասածս վերաբերում է և Ռուսաստանին, և արևմտյան երկրներին։ Ժամանակն է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները գիտակցեն, որ Բաքվի վրա ազդեցություն կարող են ունենալ կոնկրետ միջոցառումները, օրինակ՝ պատժամիջոցները, հարկադրանքի այլ մեխանիզմները։ Եթե դրանք չկան, հայտարարություններն այլևս ոչինչ չեն փոխելու»։
Ավստրաիցի նախարարը, հիշատակելով վերջերս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները, շեշտել է, որ դրանք լարվածությունը թուլացնելու հույսեր են արթնացրել։
Արարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում։ Հատուկ ուշադրության է արժանացել ԵՄ առաքելության կազմում ավստրիացի դիտորդների ներկայությունը։ Որքանո՞վ ավստրիացի դիտորդների արձանագրած փաստերը վճռորոշ կլինեն միջազգային մեխանիզմների ներդրման, կամ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների կողմից գործուն քայլերի իրականացման հարցում։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի կարծիքով՝ պետք չէ թերագնահատել ԵՄ որևէ երկրի հնարավոր դերակատարումը վերոնշյալ հարցերում, սակայն՝
«ՄԱԿ ցանկացած կառույցում՝ լինի ԱԽ թե ԳԱ, ես դեռ չեմ տեսել որևէ երկիր, որ Հայաստանի համար որևէ քայլ անի այդ վերպետական կառույցում։ Որքան էլ Ավստրիան ԵՄ անդամ երկիր է, տնտեսական ու քաղաքական կշիռ ունի, այնուամենայնիվ, միջազգային հարաբերություններում այդ երկիրն այնպիսի վարքագիծ է դրսևորում, որ առհասարակ չի խառնվում կոնֆլիկտային իրավիճակներին, առավել ևս՝ այդ երկիրը չի դիմի քայլերի, որոնք պատժամիջոցներ են ենթադրում»։


Մինչ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը Ավստրիայում խոսում է Բաքվի կողմից Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների անտեսման մասին, ինչպես նաև 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապության մասին, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը շեշտում է, որ հայկական դիվանագիտական արսենալը մեծ կորուստներ է կրում և պետք է մտածել այլ քայլերի ուղղությամբ մտածել։ Որպես տարբերակ համաժողովրդական բողոքի ակցիաներն է մատնանշու։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դրանք էլ բավարար չի համարում։
«Ինչ-որ գործողություններ կատարվում են և Ստեփանակերտի, և Երևանի կողմից, բայց բավարար չեն, քանի որ դրանք չեն կարողանում սրբագրել այն սխալները, որոնք թույլ է տվել Երևանը բանակցային գործընթացում»։
Արցախում ճգնաժամի սրմանը զուգահեռ ավելի սուր են դառնում Արցախի իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին՝ կոչ անելով հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով»:
Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզված է,որ վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա: