Դպրություն

Երևանի Ֆիզմաթ դպրոցը ձևավորում է կրթության ապագան․ «Դպրություն»

Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի։ World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։

«Դպրոցը ունի բազմաթիվ հաջողություններ՝ լավագույն մասնագետներ ունենալու շնորհիվ, ինչպես նաև բարձրակարգ, լավ ընդունակություններ ունեցող աշակերտների մրցույթով ընդունելու հետ կապված։ Այս ամեն ինչի հետ մեր կոլեկտիվի ազատության աստիճանը այնքան մեծ է, որ իրենք են որոշում, թե ինչ ձևաչափով պետք է դասերը վարեն։ Այս ամենի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք գրանցել հաջողություններ։ World’s Best School Prizes մրցույթին մեր մասնակցությանը նպաստել է կրթության ոլորտի փորձագետ Սուրեն Ալոյանը։ Այս մրցույթի մասին Հայաստանում պետք է խոսեն բոլորը, որովհետև սա 2–րդ փուլում դեպի հաղթանակ ճանապարհներից մեկն է»,– ասում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը։

«Չեմ կաշկանդվի և կասեմ, որ ֆիզմաթ դպրոցը այսօր հանրապետությունում առաջատար դպրոցներից մեկն է, եթե ոչ առաջատարը։ Մենք զգալի արդյունքներ ենք գրանցում մեր մանկավարժական կոլեկտիվի շնորհիվ։ Ստեղծված է լուրջ կրթական միջավայր՝ նվիրյալ աշխատողներով», – ասում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի փոխտնօրեն Տիգրան Սարդարյանը։

«Ֆիզմաթում սովորելու տարիներին վարժվում ես մրցակցությանը և դա դառնում է սովորական մթնոլորտ։ Բայց World’s Best School Prizes մրցույթին մասնակցությունը բնականաբար հեշտ չէր։ Մասնակցում էին 100–ից ավելի երկրներ։ Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցության հնարավորություն էր ստացել ու մեր դպրոցը փորձեց մասնակցության հայտադիմում ներկայացնել։ Բարեբախտաբար մենք հայտնվեցինք մեր «Դժվարությունների հաղթահարում» անվանակարգում՝ աշխարհի լավագույն դպրոցների թոփ տասնյակում», – ասում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտուհի, World’s Best School Prizes մրցույթի մասնակից Անուշ Սահակյանը։

«Մեր դպրոցը Հայաստանում իր ոլորտում առաջինն է և տալիս է բարձր ակադեմիական գիտելիքներ։ Ինձ համար ավելի կարևոր է այն փաստը, որ ֆիզմաթը ձևավորում է մտածողություն։ Իսկ նման հեղինակավոր մրցույթում՝ «Դժվարությունների հաղթահարում» անվանակարգում թոփ տասնյակում հայտնվելը իսկապես շատ մեծ հաջողություն է բոլորիս համար»,– ասում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտուհի, World’s Best School Prizes մրցույթի մասնակից Ռուզաննա Բարսեղյանը։

Back to top button