Երկրորդ շնչառություն

Պատանեկության երազանքը` իրականություն, բայց 60-ին մոտ․ «Երկրորդ շնչառություն»

64-ամյա Կարինե Յարմալոյանը կենսաքիմիկոս է, նրա սիրտը միշտ է լեռներում եղել, իսկ վերջին տասը տարում էլ գրեթե ամեն կիրակի ֆիզիկապես է հասցնում մեկ բարձունք հաղթահարել:

Անհաս փառքի ճամփա Մասիս նույնպես հասել է կամքի, ոգու ու մեծ ցանկության շնորհիվ: Նրա պատմելով, թեև հայրը չի խրախուսել սարեր գնալու և երկրագիտություն ուսումնասիրելու նրա ցանկությունը, բայց զավակներին ու թոռներին մեծացնելուց հետո երբեք չլքած միտքը նպատակ է դարձրել ու իրականացրել:

«Երբ փոքրիկ թոռնիկս էլ արդեն գնաց մանկապարտեզ, այդ պահին զգացի, որ ես ազատ եմ ու կարող եմ անել այն, ինչ ուզում եմ»,-ասում է նա՝ պատմելով, որ զուգահեռաբար սկսել է զբաղվել մասնագիտությամբ ու կոսմետիկական միջոցների արտադրություն է հիմնել:

Գաղափարակիրներն ընկերուհիներն են, մտածել են՝ Արարատն անհնար է, գոնե Արագած հասնենք, սկսել են Արայի լեռից, հետո՝ Աժդահակ: Մի շարք դժվարություններ հաղթահարելուց, ձախողումներ ունենալուց հետո տիկին Կարինեն սկսել է պարապել, նրա խոսքերով, մեկ օրվա մեջ մի քանի անգամ Կասկադի աստիճաններով է բարձրացել և իջել, արդյունքում, հաղթահարել է Մասիս տանող առաջնորդի պատրաստած բոլոր փորձությունները:

Ինտենսիվ մարզումների արդյունքում տարեցտարի նահանջել են քրոնիկ հիվանդությունները, և տիկին Կարինեն այսօր բնավ անձնագրում եղած տարիքը չի զգում:

«Գիտեք ինչ, բացի հայելուց ու իմ անձնագրային տվյալներից, ես ոչ մի բանով չեմ կարողանում զգալ ես 30 եմ, 20 թե՞ 60: Իրոք, հայելին ու անձնագիրը չլինեն, ես չեմ հիշի այդ մասին, որովհետև համարյա բան չի փոխվում, միայն մարդկանց վերաբերմունքը, որ կարող է ասեն, դե մեծ տարիքի է: Այդ ժամանակ ես զարմացած նայում եմ՝ այդ մեծ տարիքին ե՞ս էի, կարող է ինձ նկատի ունեն, ու հիշում եմ, որ, այո՛, իրանք ճիշտ են ասում, թվերը բռնում է, բայց դա ճիշտ արտահայտություն չէ, եթե դու այդ տարիքը չես զգում»,-ասում է տիկին Կարինեն՝ ավելացնելով, որ սկզբում ընտանիքն անհանգստացել է, հիմա արդեն սովորել են, իսկ հիմա ելք չունեն՝ խրախուսում են, որովհետև մի անգամ ասել է՝ Եթե պիտի մեռնեմ, թող Մասիսի գագաթին մեռնեմ։

«Արի» արշավային խմբի հիմնադիր Աստղիկ Հարությունյանը փոքրերին «Արի խոխա» արշավներ տանելիս նկատել է, որ ուղեկցող տատիկ-պապիկներն էլ պակաս ոգևորված չեն, բավականին մեծ ներուժ ունեն բարձունքներ հաղթահարելու: Նրա խոսքերով, մեծահասակները երբեմն կասկածում են, թե կկարողանան հաղթահարել, բայց քաջալերանքն ու առավել սիրալիր լինելն արագ արդյունք են տալիս:

Աստղիկը բացատրում է, որ բարձրանալիս ավելի շատ շնչառական դժվարություններ են լինում, ներքև իջնելն արդեն ծնկների համար է որոշ բարդություն ենթադրում:

Այսօր նա 50 և ավելի տարիքի անձանց հրավիրում է «50+ խոխեք» արշավների՝ միասին բացահայտելու Հայաստանի գողտրիկ անկյունները, նոր ընկերներ ձեռք բերելու, ֆիզիկական ակտիվությունն ապահովելու, հրաշք բնապատկերներ վայելելու, կյանքը գունավորելու և առողջական վիճակը բարելավելու նպատակով:

«Եթե մարդն ունի որոշում և այդ որոշմանը տեր կանգնելու հաստատակամություն, ապա ցանկացած տարիքում էլ հաջողություն չի ուշանա»,- համոզված է զրուցակիցս:

Back to top button