

«Արվեստը պահանջում է անկեղծություն, մեծ նվիրում, մտքերի ու զգացմունքների խտացում: Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պետք է լինի»:
Մինաս Ավետիսյան
Գույնի և լույսի վարպետը՝ Մինասը, ի վերուստ օժտված լինելով խորունկ մտածելակերպով, գույնի նրբագույն զգացողությամբ և վարպետությամբ, գեղանկարչության պատմության մեջ իր արվեստով կերտեց նոր էջ, որի արմատները ձգվում են դեպի հայկական մանրանկարչություն:
Հայրենի բնություն, այստեղ ապրող ու աշխատող մարդիկ, հայկական բնաշխարհ, լուսավոր տպավորություններ. անչափ հաճելի, գրավիչ երանգավորումներով, ջերմ տրամադրություն հաղորդող արվեստ, որի անկյունաքարը գունամտածողության նուրբ զգացողությունն է:
Ու չնայած Մինաս Ավետիսյանի ստեղծագործական կյանքը կարճ էր, բայց ժողովրդի կողմից սիրված արվեստագետն իրեն լավագույնս դրսևորել է նկարչության յուրաքանչյուր ժանրում՝ գեղանկարչություն, գծանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն, բազմաժանր նկարիչն իր ավանդն ունի նաև կինոյի ասպարեզում: Զրույց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի հետ: