Ագատա Վուրին՝ Ֆրանսիայից և Մանուել Բաղջաջյանը՝ ԱՄՆ-ից Հայաստան են եկել կամավորության նպատակով։ Նրանց, ինչպես շատ այլ սփյուռքահայ երիտասարդների, Հայաստան է բերել «Դեպի Հայք» կազմակերպությունը:
Ագատան միջազգային կապերի մասնագետ է, Մանուելը՝ լրագրող և ռեժիսոր։ Երիտասարդ կամավորները համոզված են, որ այսօր սփյուռքի՝ հատկապես հայ երիտասարդները, շատ անելիքներ ունեն։
«Նրանք կարող են գալ Հայաստան և այստեղ աշխատել և կարող են մնալ այլ երկրներում և այնտեղից ծառայեն մեր հայրենիքին։ Կարևորն այն է, որ հայ մարդը գիտակցի իր՝ հայրենիքի համար աշխատելու պատասխանատվությունը»,- ասում են երիտասարդները:
Ագատան թեև երիտասարդ, սակայն հետևում է թե՛ Հայայաստանի, թե՛ Ֆրանսիայի դիրքորոշումներին ու միջազգային կապերին. «Ֆրանսիան պատերազմի օրերին փորձեց մեզ օգնել, ինչպես և այսօր, սակայն այն այնքան էլ բավարար չէ: Այսօր ֆրանսիական մեդիաները հիմնականում խոսում են Ուկրաինայի մասին, մեզ գրեթե չեն անդրադառնում, սա նաև մեր բացթողումն է»,- նշում է:
Ագատա Վուրին մի քանի օր առաջ է եկել Հայաստան: Արդեն կամավորում է ամերիկյան մի կազմակերպությունում, որի միջոցով միջազգային հանրությանը տեղեկացնում է իրականությունը, մեր տարածաշրջանում տեղի ունեցողը:
Մանուելը՝ ԱՄՆ-ից, սովորել է հայկական դպրոցում: Ասում է, որ հայկական շրջանակի հետ շփվել է՝ հատկապես Կալիֆոռնիա նահանգում: Վտահ է, որ այսօր հենց դրսի երիտասարդները պետք է խոսեն մեր պատմության մասին:
«Մենք հաճախ սպասում ենք, որ օտարները մեր մասին խոսեն, մեզ ներկայացնեն: Եթե մենք չխոսենք ու մեր մասին չտեղեկացնենք, որևէ մեկը դա չի անելու: Իսկ այօրվա տեխնոլոգիաները տալիս են բոլոր հնարավորությունները: Բացի այդ մենք պետք է մշակութային դաշտում ներկայացնենք ու խոսենք մեր պատմության մասին: Օրինակ՝ հիմա պատրաստել ենք հայոց պատմության կարևոր ու ցավալի էջերից մեկի մասին պատմող ֆիլմը ներկայացնել ԱՄՆ-ում»,- ասում է: