Չորս ամսվա ազատազրկում՝ «Հարսնաքար» ռեստորան ներխուժելու համար
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ՀՀ Պն N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանին այսօր դատապարտեց 4 ամսվա ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի: Ազատազրկման ժամկետը հաշվվում է հուլիսի մեկից:
«Փաստինֆո»- ն հայտնում է, որ դատավճռով ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց իր մեղադրանքում, ըստ որի նա հուլիսի 1-ին ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր էր տեղափոխել:
Հիշյալ համալիրի տարածքում ավելի վաղ՝ հունիսի 17-ին, տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել ու ծեծի ենթարկվել ևս 4 անձինք:
Ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել էր արագացված դատաքննության կարգով՝ այդ կարգը կիրառվում է այն դեպքում, եթե ամբաստանյալն ընդունում է մեղադրանքն ու դրա հիմքում ընկած ապացույցները, դատավճռի դեմ բողոքարկելու դեպքում վիճարկման ենթակա է միայն պատժաչափը:
Հիշյալ գործով ամբաստանյալն ընդունեց մեղադրանքը, Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդեց նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 000 դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդեց պայմանականորեն պատիժը չկիրառել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալը զղջացել է, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, «ուղղվելու ճիշտ ճանապարհին է»: