ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ընկերս մարմնով պահեց ինձ․ Մանվել  Մարտիրոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Մանվել Մարտիրոսյանը ծնվել է 1994 թվականի մայիսի 7-ին Վարդենիսի շրջանի Ազատ գյուղում։ Ավարտելով Վարդենիսի պետական քոլեջի խոհարարական բաժինը` 2012-ին զորակոչվել է բանակ, ծառայել Արցախի Մարտունի 2 զորամասում։ Հոր մահից հետո նույն թվականի օգոստոսին տեղափոխվում է Նոյեմբերյանի զորամաս։ «Երկու ամիս էր մնացել ծառայությանս, քաղցկեղից մահացավ նաև մայրս»,-պատմում է Մանվելը։ Ժամկետային զինծառայությունից հետո նա պայմանագրային ծառայության անցավ Քարվաճառի շրջանում։ 2017-ին ամուսնացավ, որդի ունեցավ, սակայն հետագայում ամուսնալուծվեցին։

44-օրյա պատերազմի օրերին Մանվելը հիմնականում Քարվաճառում էր, որտեղ էլ հոկտեմբերի 1-ին ԱԹՍ-ի հարվածից բեկորային ծանր վիրավորում է ստանում։ Նույն հարվածից կորցնում է ընկերոջը՝ Ապերին։ «Աչքերս վառվել էին, ես ոչինչ չէի տեսնում։ Ընկերներս պատմեցին, որ հարվածն առաջինն իրեն էր կպել, հետո՝ ինձ։ Փաստորեն, ընկերս մարմնով պահեց ինձ»,-ասում է Մանվելը։ Թշնամու բեկորից տուժել էին  ձախ ոտքը, ձեռքը և աչքը։ Ութ վիրահատություն ու վերականգնողական լուրջ աշխատանք Զինվորի տանը։ Արդյունքում՝ արդեն կարողանում է ինքնուրույն քայլել։

Վիրահատությունից հետո աջ աչքի տեսողությունը զգալիորեն վերականգնվել է, ձախը՝ ընդհանրապես չի տեսնում։ Քարվաճառը կորցնելուց հետո թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված Մանվելի հարազատ Ազատ գյուղում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելն այսօր բավականին բարդ է։ Ցանկանում է իր մասնագիտությամբ՝ խոհարարությամբ զբաղվել , ինչը երբևէ չի արել։ Գուցե բախտը այս ոլորտո՞ւմ  իրեն ժպտա, հույսը չի կորցնում։

Back to top button