

Այսօր քչերին է ծանոթ բանաստեղծ, արձակագիր Վռամ Հովսեփյանի գրական ժառանգությունը։ Դրանում անշուշտ իրենց դերը խաղացին թե Գլավլիտը, թե այն, որ գրողը պաշտում էր իր պատմական հայրենիքը և պոեմները գրում էր նաև հարազատ բարբառով։
Նա Տարոն-Տուրուբերանում չէր ծնվել, բայց ծնողներից՝ արյան ու գեների միջոցով ժառանգել էր ահռելի մի կարոտ ու սեր։ Անգամ Հայրենական պատերազմին կամ խաղաղ օրերին նվիրված գողտրիկ պատմվածքներում նա ակամա զուգահեռներ է անցկացնում Եղեռնի, Էրգրի ու նոր ժամանակների միջև։
Բանաստեղծ Արտաշես Արամն ասում է. «Իր առաջին գրքից՝ Արագածի լանջից» մինչև «Ջոջանց տուն» նա արժանապատվությամբ, սիրով կրում էր այդ կարոտը։ Երբ լույս տեսավ «Գուռգուռա» պոեմը ես գյուղում էի։ Գյուղն ալեկոծվում էր»։
Ժամանակն է մոռացությունից հանել Վռամ Հովսեփյանի հայրենասիրական ոգով տոգորված գործերը, մանավանդ, որ այսօր դրանք շատ կարևոր են։