Վերնատուն

Եթե որևէ բան ճիշտ է կառուցված, այն արդեն գեղեցիկ է․ «Վերնատուն»

Նկարիչ, գրաֆիկ–դիզայներ Հարություն Սամուելյանն աշխատել է և՛ Խորհրդային, և՛ նորանկախ, և՛ այսօրվա Հայաստանում, նախագծել, մշակել, ձևավորել և նկարազարդել է շուրջ 500 աշխատանք՝ նամականիշերից մինչև մետաղադրամներ և թղթադրամներ, ֆիրմային և առևտրային նիշեր, մեդալներ, տառատեսակներ, մի շարք գրքեր, ալբոմներ, հանդեսներ և տպագիր այլ արտադրանք։

Ինչո՞ւ է գերադասելի «դիզայն» օգտագործել և ոչ՝ «ձևավորում»։ Հարություն Սամուելյանը մեկնաբանում է․

«Դիզայնը կառույց է, որն իր մասերով համատեղում է, համադրում, հաշվի առնում բոլոր գործառույթներն ու համաչափությունները, որպեսզի այն ճիշտ նպատակին ծառայի և միևնույն ժամանակ լինի գեղեցիկ։ Եթե որևէ բան ճիշտ է կառուցված, այն արդեն գեղեցիկ է, այն բոլոր գործառույթների համաչափության արտահայտումն է։ Եթե իրը կամ գիրքը ճիշտ է արված և ծառայում է նպատակին, այն հեշտ է ընթերցել, կարևոր բաները միանգամից ես տեսնում, նկարազարդումը ոչ թե խանգարում, այլ օգնում է հասկանալ տեքստը և հավելյալ ձևավորման կարիք չունի։ «Սիրուն», ավելորդ օրնամենտները, որոնք նպատակին չեն ծառայում՝ ձևավորում է, իսկ դիզայնը տրամաբանական գործառույթային, համագործակցային համադրումն է»։

Հարություն Սամուելյանը նյութին, հղացքին փիլիսոփայորեն է մոտենում՝ ասում է ամեն ինչ, ինչ որ կա և կատարվում է՝ օրինաչափ է, պատահական ոչինչ չկա, և եթե դժվարություն ու խնդիր չլինի, առաջընթաց չի լինի։

Դիզայներն ասում է, որ բոլոր հաջողված գործերում ամփոփված է ժամանակակից դիզայնը։ Նախնադարյան մարդու հատիչը նույնպես դիզայն էր, քանի որ ուներ գործառույթ, ձև, որակ, սա դիզայնի դասական տրիադան է, որն արդյունաբերական դիզայնի ստեղծման և զարգացման ընթացքում իր արտահայտությունը գտավ մի շարք հիանալի նմուշներում։

Հարություն Սամուելյանը նշում է, որ մեր օրերում դիզայնը լայն տարածում է գտնում ամենուր․ այն ոչ միայն որևէ իրի կառուցումն է, այլ նաև մտքի, խոսքի, տրամաբանա–վերբալ նախագծերի, գաղափարների հղացումն է, կառուցումն ու ձևավորումն է։ Այնտեղ և՛ դիզայն կա, և՛ ճարտարապետություն, և՛ հղացք։ Եթե աշխարհը ներդաշնակ է, արդար և ճիշտ կառուցված ուրեմն այն գեղեցիկ է։

Back to top button