Հասարակություն

Զուրաբ Ժվանիայի առեղծվածային մահը՝ կրկին վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մոտ տասը տարի առաջ տեղի ունեցած առեղծվածային մահվան թեման կրկին հայտվել է վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:  Այժմ  էլ պատճառը համացանցում  օրերս  հայտնված  նրա դիակի  նկարներն են`  մարմնական վնասվածքներով,  տեղադրված  «Սահակաշվիլին մարդասպան է» վերտառությամբ:  

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացել է 2005 թ. 42 տարեկան հասակում, պաշտոնական վարկածի համաձայն գազի թունավովորումից: Նրա ընտանիքի անդամներրը, սակայն մինչ օրս պնդում են, որ տեղի է ունեցել սպանություն` մասնավորապես դրա մեջ կասկածելով նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին:  Հանգուցյալ վարչապետի եղբայրը` Գեորգի Ժվանիան «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ եղբոր «մահվան հանգամանքների բեմականացումը 2005-ին անձամբ Սահակաշվիլին է ղեկավարել»: Նա հրապարակված լուսանկարները համարում է իրական, նկատելով, որ դրանք կօգնեն իրավապահներին գործը վերջնակապաես բացահայտելու համար:

Նշեմ, որ թեև Սահակաշվիլիի իշխանության տարիներին Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառը համարվեց բացահայված ու գործը փակվեց, այդուհանդերձ չդադարեցին այդ թեմայով մեղադրանքները:
Եվ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությունը գալով իշխանության, մի շարք աղմկոտ գործերի հետ վերսկսեց նաև նախկին վարչապետի գործի հետաքննությունը:
Ժվանիան Սահակաշվիլիի և Նինո Բուրջանաձեի հետ 2003թ Վարդերի հեղափոխության առաջնորդներից էր: Նա համարվում էր Վրաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը:
Պետրե Մամրաձեն, ով այդ տարիներին ղեկավարում էր պետական կանցելարիան, աշխատում նախկին նախագահ Սահակաշվիլիի հետ, այնուհետև նրա հակառակորդն էր, «ռադիոլուրին» փոխանցեց, որ Զուրաբ Ժվանիային ոչ ոք չի սպանել:

«Ես այդ ժամանակ խոսել եմ բազմաթիվ դիվանագետների հետ, ովքեր հաստատել են, որ Սահակաշվիլին իրենց հնարավորություն է տվել ծանոթանալ գործին և նրանք ոչ մի կասկած չեն ունեցել. տեղի է ունեցել դժբախտ պատահար»:

Սակայն ըստ Մամրաձեի, դրանից հետո կոպիտ միջամտությունները հանգեցրել են փաստերի անհամապատասխանելիության:
Անդրադառնալով հրապարակված լուսանկարներին, Մամրաձեն ասաց, որ դրանք չեն կարող փորձագետների եզրակացության հիմք ծառայել. «Լուսանկարում նա շապիկով է, իսկ, 2005-ին հեռուստատեսությամբ տեսանք, որ մահացած Ժվանիան կոստյումով էր»:

Չկասկածելով, որ Ժվանիայի մահը դժբախտ պատահ էր, կանցելարիայի նախկին ղեկավարը նշում է, որ ի հայտ են եկել նմանատիպ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանն ի վերջո իրավապահները պետք է գտնեն, որ այս պատմությունը փակվի:

Back to top button