Երկրորդ շնչառություն

Համակարգչային բազային գիտելիքներ՝ 50-ից հետո. առանցքայինը մեդիագրագիտությունն է․ «Երկրորդ շնչառություն»

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը 50 և ավելի տարեկան անձանց համար կազմակերպում է համակարգչային բազային դասընթացներ:

Ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 250 քաղաքացի: Այս պահին խումբ են հավաքագրում Լոռու մարզում, դասընթացները կանցկացվեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, իսկ սեպտեմբերից նոր խմբի համար դասընթացները կկազմակերպվեն նաև Երևանում:

«Առաջին անգամ ենք աշխատում այս թիրախային խմբի հետ, և սա մեզ համար շատ կարևոր սոցիալական նախաձեռնություն է»,- ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի համակարգող Լենա Բադալյանը:

Հայ-հնդկական գերազանցության կենտրոնի հատուկ ծրագրերի համակարգող Անի Ասատրյանի խոսքերով, դպրոցականներին պարապմունքների ուղեկցող ծնողների, տատիկների և պապիկների հետ զրույցների ընթացքում է գաղափար առաջացել նոր ծրագիր սկսել՝ թիրախում ունենալով միջինից բարձր տարիք ունեցողներին: Վերջինները, որպես կանոն, մտավախություն ունեն, թե չեն կարողանա յուրացնել նոր գիտելիքները:

«Դասընթացները կազմակերպվում են մեր կենտրոնում, դասարանները հագեցած են համակարգիչներով, այսինքն, դասախոսությունները ավելի պրակտիկ են, դասախոսը ինչ-որ ցույց է տալիս, նրանք միանգամից տեղում փորձելու հնարավորություն ունեն: Դասընթացներն անվճար են, 50-ից բարձր տարիքի բոլոր ցանկացողներին հերթագրում ենք, միակ նախապայմանը՝ մոտիվացիան է»,-ասում է նա՝ իրազեկելով, որ ընդգրկում են հիմնականում համակարգչային որևէ գիտելիք չունեցող անձանց, բայց որոշակի տարրական բաներ իմացողները նույնպես կարող են դիմել:

Դասընթացը բաղկացած է 16 դասից, շաբաթական երկու անգամ, երկու ժամով: Սովորում են ամեն ինչ. ինչպես օգտվել համակարգչից, ինչպես էլեկտրոնային հասցե ունենալ, ինչպես գրանցվել և գրագետ օգտվել սոցիալական կայքերից, ինչպես արդյունավետ կիրառել որոնողական համակարգերը և համացանցում փնտրել իրենց ուզած տեղեկատվությունը, ֆիլմ դիտել, գիրք գտնել ու կարդալ այլն:

«Մեր ամենամեծ մասնակիցն 82 տարեկան է եղել, զավեշտալի դեպքեր, իհարկե, շատ են լինում: Ընդհանրապես, դասընթացներն շատ ուրախ են անցնում, մասնակիցները միշտ գալիս են համեղ մի բան սարքած, թխած, բերում են դասախոսին, ընկերներին են հյուրասիրում, շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում անցնում է դասընթացը»,-պատմում է Անին:

Դասընթացի ամենակարևոր բաղադրիչներից մեդիագրագիտությունն է: Անդրադառնալով մեդիագրագիտության թեմային՝ զրուցակիցներս արձանագրում են, որ 50-ից բարձր տարիք ունեցող ուսանողներին դասընթացի շրջանակում սովորեցնում են գտած տեղեկատվությանը մոտենալ քննադատորեն, տարբերակել փաստն ու դատողությունը, փնտրել հեղինակին, ստուգել լուրի ժամկետը, վերլուծել ինֆորմացիան, այլ ոչ թե ուղղակի կարդալ և ընդունել որպես բացարձակ ճշմարտություն:

«Մեդիագրագիտությունն անպայման ներառել ենք մեր դասընթացի մեջ, քանի որ նկատում ենք, որ երբեմն մեծահասակները անձնական նամակը սխալմամբ մեկնաբանության դաշտում են տեղադրում ի տես բոլորի, հաճախ կասկածելի ինչ-որ նյութ, որ ընդամենն ինչ-որ մեկի դատողությունն է, սկսում են տարածել: Բոլորիս տանն էլ կան մեծահասակներ, ու գիտենք, թե այդ տարիքում որքան տպավորվող են, և ինչպես են կեղծ լուրերը վնասում իրենց»,- ասում է Լենան՝ խորհուրդ տալով սնկի պես ի հայտ եկող ու անհետացող կայքերից «շտապ է», «արագ կարդացեք», «անմիջապես տարածեք» հրահանգներով նյութերն արժանահավատ չհամարել, քանի որ դրանց հիմնական նպատակը այցերի միջոցով գումար վաստակելն է:

Նա բացատրում է, որ սոցցանցերով ժառանգությունների վերաբերյալ նամակներին արձագանքելու կարիք չկա, իսկ բանկային ու անձնական տվյալներ տրամադրելու պարագայում կարող են չարամիտները տարեց մարդու անունով վարկեր ձևակերպել, քաղցկեղը սոդայով բուժելու լուրերն ընդամենը մոլորություն են և կարող են լրջորեն վնասել առողջությանը:

Լենան առաջարկում է հարազատների միջոցով սոցցանցերում կարգավորումներն այնպես փոխել, որ տարեց մարդը հետևի միայն իրենց անհրաժեշտ և օգտակար աղբյուրներին, հավաստի լրատվություն մատուցող լրատվամիջոցներին: Եվ ամենակարևորը՝ մասնագետներն առաջարկում են մեծահասակներին սեփական անձնական կյանքը, ինչպես նաև զավակների ու թոռնիկների բոլոր լուսանկարները, այցելած վայրերը հասանելի չդարձնել համացանցում:

Back to top button