ԿարևորՀասարակություն

Ամատունի Վիրաբյան.«Շատ ուշացած, բայց փորձելու ենք ստեղծել ցեղասպանության զոհերի անունների շտեմարան»

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Շատ ուշացած պետք է ստեղծենք ցեղասպանության զոհերի անունների շտեմարան: Հրեաները Հոլոքոստի զոհերի վեց միլիոն անուն են հավաքել, երեք միլիոն լուսանկար: Մեր դեպքում այդ թիվը փոքր է, որովհետև շատ ենք ուշացել». Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր խոսել է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի, այլև 2014-ին նշվող Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:

Մինչ ցեղասպանության 100-ամյակին անցնելն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր անդրադարձավ 100-ամյա մեկ այլ պատմական հիշարժան իրադարձության ևս: 100 տարի առաջ աշխարհը հայտնվեց առաջին համաշխարհային պատերազմի ճիրաններում, որից անմասն չմնաց նաև հայ ժողովուրդը և որի ուղղակի հետևանքն էր նաև հայոց ցեղասպանությունը: Այդ պատերազմի մասնակից երկրները հոբելյանական տարեթիվը կնշեն տարբեր միջոցառումներով: Նախապատրաստվող հայ-ֆրանսիական համատեղ վիրտուալ ցուցահանդեսը ևս նվիրված է առաջին համաշխարհային պատերազմին:

Առաջին համաշխարհայինին նվիրված ցուցահանդես կկազմակերպվի նաև Ռուսաստանում, որտեղ առանձին հատվածով կներկայացվի կովկասյան ռազմաճակատը: Հենց այս ճակատում էին կռվում Անդրանիկի, Դրոյի, Քեռու ղեկավարությամբ գործող կամավորական ջոկատները: «Եվ դրանք ոչ թե թուրքական պետության դեմ ընդվզած ապստամբներ էին, ինչպես սիրում է ձևակերպել թուրքական պատմագրությունը, այլ մարդիկ, ովքեր վրեժ էին լուծում իրենք հայրենակիցմերի դեմ իրականացված սպանդի համար: Ըստ Ամատունի Վիրաբյանի՝ հենց դա են փաստում ազգային արխիվում պահպանվող բազմաթիվ վավերագրերը:

Հայաստանի ազգային արխիվը պատրաստում է նաև «Հայերի մասնակցությունն առաջին համաշխարհային պատերազմին» վերնագրով ռուսերեն ժողովածու, որը հավանաբար, լույս կտեսնի Մոսկվայում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակ տարելիցին նվիրված միջոցառումներին, ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ արդեն հրատարակվել է «Հայերի ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում» եռահատոր ժողովածուն, որի առաջին հատորը լույս է տեսել նաև անգլերեն լեզվով: «Շատ ուշացած, բայց փորձելու ենք ստեղծել ցեղասպանության զոհերի անունների շտեմարան»,-ասում է Ամատունի Վիրաբյանը:

Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդն ի վերջո հայրենիք կորցրեց, Վիրաբյանի ձևակերպմամբ՝ հայրենակորուստ դարձավ, կորցրեց մշակութային հսկայական ժառանգություն, նաև սեփական ունեցվածք: 1918-19 թվականներին Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել էր մի հանձնախումբ, որը հաշվել էր հայերի նյութական կորուստներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆրանսիական ֆրանկով իրականացված հաշվարկը պետք է ներկայացվեր փարիզյան համաժողովին, որպեսզի հայերը փոխհատուցում ստանան, բայց դա չեղավ: Ամատունի Վիրաբյանը ցավով է նկատում, որ հայերս սովոր ենք ամյակից ամյակ հիշել ու նշել ինչ որ բաներ: «Մինչդեռ պետք է անընդհատ աշխատանք տանել»,-ասում է:

Back to top button