Գերդաստաններ

Նա հայրենիքի կարոտն առնում էր աղբյուրներից. Սևակ Արզումանյան․ «Գերդաստաններ»

Նա հեղինակն է «Վահան Թոթովենց», «Զապել Եսայան» հայտնի մենագրությունների, որոնք այսօր էլ լավագույն աղբյուր են գիտնականների և հետազոտողների համար։ Նա մեծ սեր արթնացրեց դեպի գրականությունն իր զավակների մեջ, որոնք դարձան գիտնականի գործի արժանի շարունակողները։ 

Մռավ սարի հյուսիսային լանջերին սփռված Խաչեն գյուղը համարում են նաև գիտնականների հայրենիք, քանի որ այստեղ են ծնվել մի քանի գիտնականներ՝ գրականագետներ Սերգեյ Սարինյանը և Սևակ Արզումանյանը։ Գյուղը հայտնի է ոչ միայն իր հրաշալի Սուրբ Հովհաննես և Սուրբ Ստեփանոս եկեղեցիներով և Կաչաղակաբերդով, այլև սառնորակ աղբյուրներով։

Հարություն Արզումանյանը հողագործ էր։ Նա այնքան էր  սիրում և գնահատում հողագործությունը, որ իր որդիներին էլ ուզում էր կապել այդ աշխատանքի հետ և անընդհատ հետևում էր, որ հանկարծ ուրիշ նախասիրություններ չունենան։ Սակայն գրքերի հետաքրքիր աշխարհն ամուր բռնեց Հարությունի որդի Սևակին և 15 տարեկանում շատ կարդացող, գրասեր պատանին հոր կամքին հակառակ արդեն հայտնի գրականագետ Սերգեյ Սարինյանի ձեռքը բռնած մեկնեց Երևան, և 1951 թվականին նրա առջև բացվեցին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դռները՝ պատմում է հանրահայտ գրականագետ Սևակ Արզումանյանի դուստրը՝ գրականագետ և գրող Լիլիթ Արզումանյանը։

Հարություն և Լիլիթ Արզումանյաններ

Շատ ազնիվ և ռոմանտիկ Սևակը սիրահարվեց գեղեցկուհի Ջուլիային, որն անսահման հոգատար էր Սևակի նկատմամբ, հատկապես, երբ Սևակը հիվանդ էր լինում կամ զբաղվում էր գիտական աշխատանքներով՝ շարունակում է Լիլիթ Արզումանյանը։

Գրականագետի շատ լուրջ ուսումնասիրությունների առարկան դարձան Զապել Եսայանի և Թոթովենցի ծանր ճակատագրերն ու հայրենանվեր կյանքն ու գործունեությունը։ Ստեղծվեցին այնպիսի աշխատանքներ, որոնք հետո անգնահատելի աղբյուր հանդիսացան հետագա ուսումնասիրողների համար։

Տաղանդավոր գիտնականը ուշի-ուշով հետևում էր, թե զավակներից ով կկարողանա շարունակել իր գործը։ Նա այդ ամենը, կարծես, տեսնում էր Լիլիթի մեջ։ Սակայն լավ սովորող, բայց չարաճճի Լիլիթին հետաքրքրում էր ռեժիսորի մասնագիտությունը, որին հայրը դեմ էր։ Հետո գիտնականը ընդդիմացավ նաև նրա՝ արվեստաբան դառնալու ցանկությանը և ի վերջո հաղթեց հայրը. Լիլիթը պաշտպանեց դոկտորական աշխատանքը՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» պոեմի թեմայով։

Աչրտակ Արզումանյան

Իր կյանքի վերջին տարիներին հայրը հիվանդանոցում կարդաց Լիլիթի  ստեղծագործությունը, հուզվեց և երջանկությունից փայլեցին նրա աչքերը, քանի որ արդեն տեսել էր աղջկան որպես գրականության մարդու։

Գրականագետի որդին՝ Հարությունը, մասնագիտությամբ նույնպես բանասեր է, և  նրան կրկին ուղղորդել է հայրը։ Սակայն տաղանդավոր տղայի հոգին ձգտում էր մեկ այլ, դյութիչ ու հոգեզմայլ աշխարհ, որի հետ կապվեց անքակտելիորեն։ 

Գրականությունն ու երաժշտությունը ձուլվեցին միմյանց և ստեղծեցին հանրահայտ  դիրիժորի սիրված կերպար, որը դարձավ միջազգային բազմաթիվ մրցույթների  հաղթող, ղեկավարեց այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են Մոցարտի Դոն Ժուանը, Տրավիատա, Աիդա, Դավիթ Բեկ և այլ բեմադրություններ ու գալա համերգներ՝ ասում է Հարություն Արզումանյանը։

Բանասիրական կրթություն ստացավ նաև Սևակ Արզումանյանի մյուս որդին՝ Արտակ Արզումանյանը, որը հաջողություններ ունեցավ լրագրության ոլորտում, հայրենասեր տղան զոհվեց պատերազմում մարտական հանձնարարություններ  կատարելիս՝ շարունակում է քույրը՝ Լիլիթը։

Հաղորդման ավարտին մեկ անգամ էլ մեր ունկնդիրներին հիշեցնենք հայրենապաշտ և ծննդավայրի կարոտով ապրող գրողի ու գրականագետի շատ հուզիչ խոսքերը, որը երբեմն-երբեմն այցելում է նաև մեզանից.

«Չգիտեմ՝ ով, ինչպես, բայց ես կարոտս առնում եմ աղբյուրներից և կարոտիս ծարավը քիչ-քիչ եմ հագեցնում՝ վայելելով», — ասում էր Սևակ Արզումանյանը:

Back to top button