Երաժշտական եռանկյունի

Սեդրակ Երկանյան՝ «Տաղարանի» ստեղծագործական ուղիները․ «Երաժշտական եռանկյունի»

Դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի հետ մենք պարբերաբար առիթներ ենք ունենում զրուցելու նվագախմբի հերթական նախագծերի, համերգների և առաքելության մասին: Անսամբլը միակ կոլեկտիվն է, որը Հայաստանում զբաղվում է արևմտաեվրոպական և հայկական հնագույն երաժշտության հավաքագրումով, մշակումներով և կատարումներով:

Համույթը հիմնադրվել է Երևանում, 1981 թվականին։ Հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը՝ Գրիգոր Դանիելյանն է (Դանիել Երաժիշտ)։

1985-1987 թվականներին «Տաղարանը» գործել է առանց գեղարվեստական ղեկավարի։ 1987 թվականին կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ստանձնելով «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարությունը, նոր շունչ բերեց համույթի համերգային, ստեղծագործական կյանքում, կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկում էր 300-ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ։

«Տաղարան» համույթի ներկայիս գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանյանը (1994 թվականից), ով շարունակում է զարգացնել համույթի առջև դրված գեղագիտական և գեղարվեստական խնդիրները։

«Տաղարանն» ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և քարոզելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը։ Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը։

«Տաղարանի» ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցումով հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ։

«Հիմնադրման օրվանից անսամբլը մեկ նպատակ ունի՝ կատարել և պրոպագանդել հնագույն երաժշտության գոհարները՝ հասարակությանը հաղորդակից դարձնելով այն արժեքներին, որոնք ձևավորել էին եվրոպական և հայկական երաժշտական մշակույթի դեմքը»,-ասում է Սեդրակ Երկանյանը:

Սրան զուգահեռ անսամբլը չի դադարում զարմացնել համերգային ձևաչափերի և տարբեր երաժշտական ժանրերի խաչերուկներում ստեղծվող նոր նախագծերով և ստեղծագործական համագործակցություններով՝ ֆոլկլորային երաժշտությունից մինչև ֆյուժն և ջազ: Նման նախագծերից կոմպոզիտորն առանձնացնում է վերջին շրջանում տեղի ունեցած համերգները, համատեղ համերգային ծրագրերը, ջազային թառահար Միքայել Ոսկանյանի, ջազային կոմպոզիտոր և դաշնակահարուհի Լյուսի Խանյանի, ինչպես նաև ակադեմիական երաժշտության ոլորտում համագործակցությունը պրոֆեսոր Աննա Մայիլյանի, վոկալի դասարանի շրջանավարտների հետ:

Այդպիսով «Տաղարանը» մշակությաին կամուրջ է հանդիսանում  հնագույնի և նորագույնի միջև:

Հաղորդման ընթացքում հնչում են «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի հանրաճանաչ և վերջին շրջանում տեղի ունեցած համերգներից ձայնագրությունները:

Back to top button