Երկրորդ շնչառություն

82 տարեկանում՝ պոդիումի վրա. մարդկային ջերմությունը՝ թոշակից կարևոր․ «Երկրորդ շնչառություն»

Ամենօրյա զբաղվածությունը, սեփական ներուժն օգտագործելու հնարավորությունը, դիմացինից եկող ջերմությունն ու հոգատարությունը թոշակի անցած մարդկանց համար սոցիալական ապահովություն և առողջական խնդիրների լուծումից կարևոր են:

Սրանում Հայկական Կարիտասի Գյումրու ցերեկային կենտրոնի շահառուներ Սամվել Գյոզալյանը և Ջեմմա Մելքոնյանը համոզվել են տարեցների համար նախատեսված կենտրոն գալուց և իրենց կյանքը վերաիմաստավորելուց հետո: Տիկին Ջեմման պատմում է, որ ամբողջ կյանքն աշխատել է, երկրաշարժից 30 տարի անց սպիացած վերքերով տնակային կյանքը հաղթահարելով ուժ է գտել շարունակել ապրելը և այսօր երջանիկ ու հագեցած կյանք ունի:

Ցերեկային կենտրոնը հիմնովին փոխել է նրա կյանքը, այստեղ նոր ընկերներ է ձեռքբերել, նոր մասնագիտություն սովորել: Գործում են, կարում, ձեռագործ այլ աշխատանքներ կատարում, իսկ իրենց ստեղծածը ներկայացնում են ցուցահանդես-վաճառքներին և նվիրում են:

Տիկին Ջեմման պատմում է, որ իրենց մոտ 50 հոգանոց խմբի մի մասն էլ ներգրավված է կարի արտադրամասում, ընկերուհիների կարած հագուստն իրեն են վստահել 82 տարեկանում պոդիումի վրա ներկայացնելու: «Առանց Կարիտասի ես իմ կյանքը չեմ պատկերացնե, եթե այս կազմակերպությունը չեղներ, ես էլ երևի չեղնեի արդեն: Ինձ իրենք շունչ են տալիս, կյանք են տալիս, մեզի հետ կվերաբերին ինչղ մենք իրենց ծնողն էղնինք»,- ասում է նա ու ավելացնում, որ առանց հուզմունքի իր շնորհակալութունն արտահայտել չի կարող:

Պարոն Սամվելը խորհրդային տարիներին պրոֆեսիոնալ լուսանկարիչ է եղել, այսօր էլ մասնագիտական աչքն օգտակար է լինում ընկերներին լուսանկարելիս: Բայց հետահայաց նայելիս կարծում է, որ եթե աշխատելուն զուգահեռ իր ոլորտի նորարարությունները յուրացներ, այսօր դեռ մրցունակ մասնագետ կլիներ:

Երիտասարդ թոշակառուի կարգավիճակը թույլ է տվել նոր մասնագիտություն ձեռք բերել, նոր գործում հմտանալ: Նա հաճախում է «Ստեղծագործ ձեռքեր» խմբակն ու ավագ ընկերների հետ փայտե տարբեր իրեր է պատրաստում: Տարեկիցներին զրուցակիցներս խորհուրդ են տալիս տանը միայնակ մնալու փոխարեն, անպայման իրենց նախասիրություններից բխող զբաղմունք գտնեն, նոր ընկերներ ձեռք բերեն ու այդ ամենով վերաիմաստավորեն կյանքը:

Back to top button