ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ամենաուժեղ սիրո ժամանակ մենք բաժանված էինք, հիմա էլ նույն կարոտն է․ Օգիտա Ղուկասյան․ «Կյանքին ասել այո՛»

Ծնվել են նույն թվականին (1979)՝ երկու օրվա տարբերությամբ,  ապրել նույն շենքում, սովորել նույն դպրոցում, բայց սիրո առաջին խոստովանությունը տեղի ունեցավ միայն քսան տարեկանում։ Դավիթն ու Օգիտան ամուսնացան 2002-ի նոյեմբերի 9-ին։ Նրանց սիրո արդյունքը քսանամյա Նարեն է, տասնհինգամյա Մոնթեն ու յոթամյա Գոռը։ Դավիթ Անանյանը 2001-ին  ավարտել էր Ոստիկանության ակադեմիան, նույն թվականին սեփական դիմումի համաձայն Շուշիում նշանակվել  որպես  օպերլիազոր։ «Գնաց ու սկսվեց  ամենադաժան շրջանը։ Ամենաուժեղ սիրո ժամանակ մենք բաժանված էինք, հիմա էլ նույն կարոտն է»,-ասում է Օգիտան։

2002-ին, արդեն ամուսնությունից հետո, միասին  տեղափոխվեցին Բերձոր։ Արցախից վերադառնալուց հետո 2004-ին Դավիթը  հեռացավ Ոստիկանությունից ու աշխատանքի անցավ ապահովագրության ոլորտում։ Երկար ժամանակ աշխատել է նաև անվտանգության համակարգում։ 44-օրյային «ՈՄԱ» գումարտակի կազմում Արցախ մեկնեց հոկտեմբերի հինգին։  Դավիթ Անանյանը զոհվեց ավիառումբի հարվածից՝  նոյեմբերի տասին, զինադադարից ընդամենը մեկ ժամ անց։ Ամուսնու զոհվելուց հետո Օգիտային ուժ տվողն առաջին հերթին երեք զավակների հանդեպ պատասխանատվությունն է։ Համայնքապետարանում սոցիալական աշխատողի կարգավիճակում  շահառուներին օգնողից շահառուի վերածվելու փաստն էլ  նրան չկոտրեց, ինչ-որ առումով նույնիսկ  օգնեց։ Օգիտային օգնում են նաև Դավիթի երազանքները, որոնք ստիպում են առաջ շաժվել։ Դավիթի  երազանքն իրականացնելու համար հունիսի 3-ին եռագույնով Խուստուփ բարձրացավ։ Ասում է՝ ես տղաների պահած հողի, լեռների գինը գիտեմ, դրա համար էլ գնում եմ լեռներ։

Back to top button