Կրակոցներ Սիմֆերոպոլում. կան զոհեր եւ վիրավորներ
Այսօր Սիմֆերոպոլում Կուբանի փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակ է բացվել նախնական տեղեկություններով դիպուկահարի կողմից, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ Ճշտված տեղեկություններով սպանվել է ինքնապաշտպանական մարտիկներից մեկը, եւս երկուսը վիրավորվել են։
«Տեղեկատվական դիմադրության» խմբի ղեկավար Դմիտրի Տեւչուկն էլ հայտնում է, որ գրոհ է սկսվել ուկրաինական А-3674 զորամասի վրա, որը գտնվում է Սիմֆերոպոլի Հաղթանակի պողոտայում։ «Ուկրաինացի մեկ զինծառայող վիրավորվել է վզի եւ անրակի շրջանում։ Այժմ մենք բարիկադավորվել ենք արտադրական մասնաշենքի երկրորդ հարկում։ Շտաբը գրավել են, հրամանատարին՝ գերել։ Առաջարկում են զենքը հանձնել, սակայն մենք մտադիր չենք հանձնվել»,- հայտնել է հրամանատարության ներկայացուցիչը։
Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել է, որ շտաբ օգնությանը թույլ չեն տալիս մոտենալ, հաղորդում է «Ուկաինսկայա պրավդան»։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գրոհի ժամանակ զոհվել է նաեւ մեկ զինվոր, որը ծառայությունն էր իրականացնում զորամասի այգում։