Մտքի ուժը

Բետոնի ամրության բարձրացում՝  ածխածնային նանոկառուցվածքների շնորհիվ․ հայ գիտնականների առաջարկը․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս շինարարությունն ավելի ամուր, պակաս ծախսատար դարձնել։ Ի՞նչ անել, որ ցածր գինը որակի վրա չազդի։

Այստեղ է, որ օգնության է գալիս գիտությունը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ոչ միայն գիտեն հարցերի պատասխանները, այլ նաև փորձարկումներ են կատարում։

Հայ գիտնականների առաջարկը բետոնի սեղման ամրության մոտ 25% աճ է ապահովում։ Առաջարկի հիմքում նանոտեխնոլոգիաներն են։ Հայաստանում շինարարության ոլորտում նանոտեխնոլոգիաներն առաջին անգամ է կիրառվում ու փորձարկվում։ Սկզբնական քայլերն արվեցին, երբ երիտասարդները մասնակցեցին գիտության կոմիտեի հայտարարած առաջատար հետազոտողների աջակցության գիտական թեմաների մրցույթին ու ֆինանսավորում ստացան։ Համալսարանի շինարարական նյութերի ամբիոնի դասախոս Ավետիք Արզումանյանն ասում է․

«Այսօր համալսարանում աշխատում ենք բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնային նանոկառուցվածքների միջոցով թեմայի շուրջ։ Արդեն ունենք որոշակի ձեռքբերումներ՝ բետոնի սեղման ամրության մոտ 25 տոոկս աճ։ Նշված ու այլ ստացած գործնական ձեռքբերումներն արդեն իսկ գիտական հոդվածի տեսքով տպագրված են։ Հիմնական շեշտը բետոնի սեղման ամրության բարելավումն է, բայց ձգման ամրությունը նույնպես հետազոտում ենք, այլ բնութագրեր նույնպես, որոնք կարևորում են ամրության համար։ Բետոնի բաղադրակազմում ներառել ենք ածխածնային նանոկառուցվածքներ։ Երկրորդ փուլում նանոմասնիկները ցեմենտին ենք խառնում, հաջորդ փուլում նոր լցանյութերը՝ ավազը և խիճն ենք խառնում»։

Մասնիկների առավելությունը շատ է, բայց կարևորագույնը ստացվող բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունները բարելավելն է, ավելի ամուր դարձնելը։ Աշխատում են քիչ քանակի նանոմասնիկ օգտագործել, բայց ստանալ ամուր բետոն։ Ավետիք Արզումանյանը թեմայի մասին վաղուց էր մտածում։ Գիտական խումբ էր պետք, գիտության կոմիտեի տրամադրած գումարն այդ բացը լրացրեց։ Համագործակցում են  տեղական ու միջազգային տարբեր խմբերի ու գիտնականների հետ։  Նյութն արդիական է, քանի որ ածխածնային նանոտեխնոլոգիաներով բետոնի և շաղախի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսոմնասիրությունը տարածված է, ասում է։ Ածխածնային նանոխողովակները գրաֆինային կառուցվածք ունեցող ցանցերն են, փաթաթված լինում են բազմաշերտ ու միաշերտ՝ փոփոխելով ամրությունն ու տրամագծերը։ Դրանք, ի դեպ, շատ փոքր են՝ պատմում է առաջին կուրսի ասպիրանտ Սուրենը․

«Տրամագիծը կարելի է ասել աչքի համար անտեսանելի է։ Այդ փոքր մասնիկը իր քիմիական կառուցվածքից ելենլով մեծ ամրություն է ապահովում»։

Երիտասարդներն ասում են, որ գիտության աշխարհը հետաքրքիր է, հատկապես, երբ մասնագիտությամբ ես աշխատում։ Կա խնդիր, իսկ դու ունես դրա լուծումը։ Առկա է խնդրի օրինաչափությունը, գիտնականն էլ ձգտում է ռացիոնալի՝ ստանալ անհրաժեշտ ամրությունը՝ քիչ ռեսուրս ծախսելով, բացատրում է Սուրենը։ Գիտնականները վստահ են՝ իրենց առաջարկը տնտեսությունում ներդնելու դեպքում շինարարության ոլորտում ինքնարժեքը կնվազի, ամրության աստիճանը կավելանա։

Back to top button