Սփյուռքի ձայնը

Փարաջանովի անտիպ գործերը՝ Մոսկվայի հայկական թատրոնում․ «Սփյուռքի ձայնը»

«Ռուս արվեստասերները բարձր են գնահատում Փարաջանովի արվեստը»,- ասում է Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի հիմնադիր Վլադիմիր Գաբբեն։ Թատրոնը Մոսկվայում 30 տարվա պատմություն ունի, սակայն հիմնադրվել է ավելի վաղ՝ Հայաստանում։

Աշխարհահռչակ կինոռեժիսորին թատերական տեսանկյունից ներկայացնելը, նրա կյանքն ու ստեղծագործությունները օտարներին հասանելի դարձնելը որքանով էր կարևոր՝ հատկապես օտարների համար.

«Հենց առաջին օրից գաղափարը կար, որ Փարաջանովի ֆենոմենը և արվեստը կրկնօրինակել հնարավոր չէ և իմաստ էլ չունի։ Կարևոր էր, որ օտարության մեջ լինի մի անկյուն, որը ներշնչված կլիներ նրա գեղագիտությամբ ու ներդաշնակությամբ։ Թատրոնը ստեղծվել է ֆոյեից, նրան նվիրված աշխատանքներից, նրա կոլաժներից, գրաֆիկայից և այլն։ Այսինքն՝ թատրոնը նրա արվեստի առաջ խոնարհում է»,-ավելացնում է։

«Ես պրոֆեսիոնալ չեմ ու չեմ էլ հավակնում լինել։ Իմ ցուցահանդեսը հոբի չէ, այլ իմ մասնագիտական անհրաժեշտությունն է։ Ես ռեժիսոր եմ, աշակերտել եմ մեծ վարպետներ Սավչենկոյին ու Դովժենկոյին, երկուսն էլ նկարում էին, Էյզեյնշտեյնն էլ էր նկարում, և ակամա ես էլ սկսեցի նկարել, կոլաժներ անել։ Ես ուզում եմ, որ ցուցահանդես այցելեն երեխաները, որովհետև եկել է գեղեցիկը որոնելու, գտնելու և իրականացնելու ժամանակը, մեզ շրջապատող գեղեցիկը՝ մեր լեռները, երկինքը»։

Սերգեյ Փարաջանով

2024 թվականին լրանում է Փարաջանովի 100-ամյանը։ Վլադիմիր Գաբբեն համոզված է, որ նրան նվիրված փառատոն է անցկացվելու, նաև նրա անտիպ սցենարաները վերջապես կհրապարակվեն։

«Ռուսաստանում Փարաջանովին նվիրված արդեն երկրորդ գիրքն է լույս տեսնում։ Հրատարակողը նրա անձնական խմբագիրը՝ Կորա Ծերեթելին է։ Գրքում Փարաջանովի այն սցենարներն են, որոնք դեռևս որևէ մեկին հասանելի չեն, որոնք դեռևս բեմադրված չեն եղել»։

«Հայաստանն ինձ համար ճամփորդության վայր չէ, ես հայ եմ իմ բջիջներով, ուղնուծուծով և ամեն ինչով: Ես իմ պարտքը հայրենիքի հանդեպ կատարել եմ ինչ-որ չափով: Թեկուզ արդեն այնքանով, որ հայկական կինոյում պատուհան եմ բացել, որից կարելի է զննել Նարեկացու ու Սայաթ-Նովայի, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի, Հաղպատի ու Սանահինի գեղարվեստական զարմանահրաշ աշխարհը՝ արդի կինեմատոգրաֆիական հայեցողությամբ…»։

Սերգեյ Փարաջանյանը. «Նռան գույնը» ֆիլմից հետո

Փարաջանովին բացահայտելը բարդ է։ Իսկ նրա գործերը՝ ֆիլմեր, կոլաժներ, գիտեն միայն նեղ մասնագետները։ Հետաքրքիր են նաև նրա բանտային շրջանի օրագրերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա կենսագրության մեջ։ Իրենց թատրոնում շատ են անդրադառնում նրան՝ բոլոր կողմերից, -ասում է Վլադիմիր Գաբբեն։

Բացի բեմադրությունները, հաճախ են անցկացվում երեկոներ, հանդիպումներ կինոյի ու թատրոնի ճանաչված դեմքերի հետ, որոնք ճանաչել կամ համագործակցել են վարպետի հետ։ Թատրոնի հիմնադիրը, որն արդեն երեք տասնամյակ ապրում է Ռուսաստանում և ռուսական մշակութային միջավայրում, նշում է, որ թատրոնը պահելն այնքան էլ հեշտ չի եղել, ունեցել են և՛ վայրէջքներ, և՛ դժվարություններ։

Back to top button