ՌԴ նախագահն այսօր հանդես կգա ուղերձով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված արտահերթ ուղերձով: Պետության ղեկավարի ելույթի թեման կլինի Ղրիմը, որն հայտարարել է իր անկախության մասին և պաշտոնապես դիմել է Ռուսաստանին որպես Դաշնային սուբյեկտ նրա կազմի մեջ մտնելու խնդրանքով:
Պուտինը նախօրեին հրամանագիր է ստորագրել Ղրիմի հանրապետությունն անկախ պետություն ճանաչելու մասին: «Հաշվի առնելով Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունը 2014 թվականի մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեում Ղրիմի հանրապետությունը, որի Սեվաստոպոլ քաղաքն ունի հատուկ կարգավիճակ, ճանաչել որպես ինքնիշխան և անկախ պետություն», -ասվում է հրամանագրի տեքստում: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:
ԱՄՆ նախագահի հետ հանրաքվեին հաջորդած գիշերը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ հանրաքվեի անցկացումը միանգամայն համապատասխանել է «միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և հաշվի է առնվել նաև Կոսովոյի նախադեպը»:
Պուտինի խոսքով` թերակղզու բնակիչների համար երաշխավորված է եղել ազատ կամարտահայտության և ինքնորոշման հնարավորությունը:
Ուղերձն այսօր կհնչի Կրեմլի Գիորգիևյան դահլիճում` հայտնել է Պետական Դումայի փոխխոսնակ Իվան Մելնիկովը: Պաշտգամավորները ծրագրում են այսօր քննարկել նաև միջազգային մի պայմանագիր, որը ինչպես հայտարարել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վրադիմիր Վասիլևը, կորոշի Ղրիմի ներկայացվածության հարցը Ռուսաստանի խորհրդարանում: «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը պարզաբանել է, որ պայմանագրում ներկայացված կլինեն անցումային հարցեր, կապված «պետական մարմինների գործունեության և դրանց փոխհամաձայնեցման» հետ:
Պաշտոնյան անդրադարձել է նաև Ղրիմի բնակիչների քաղաքացիության խնդրին, նշելով, որ թերակղզու բնակչության համար նոր անձնագրեր ստանալիս չպետք է լինեն դժվարություններ առաջացնող պահանջներ և ֆինանսական ծախսեր: