«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» այս տարի կհրատարակի երեք կարևորագույն աշխատություն
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» կհրատարակի նոր մատենաշար, որի 36 հաստափոր հատորներներում կներկայացվեն Արևմտյան Հայաստանի գավառները: Հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի փոխանցմամբ` մատենաշարում անդրադարձ կկատարվի շուրջ 7000 գյուղերի՝ ըստ գավառների:
Արևմտյան Հայաստանի բոլոր գավառների ճարտարապետությունն առջիկայում կներկայացվի «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախաձեռնած նոր մատենաշարում: Մեր պատմական հայրենիքի մոտ 70 գավառներից առաջինը անդրադարձ կկատարվի Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառին, քանի որ իր առաջին ճակատամարտից հետո Հայկ նահապետը հենց այս գավառում հիմնեց իր տունը:
«Յուրաքանչյուր հատորը ներկայացնում է տվյալ գավառի տարածքում գտնվող բոլոր գյուղերը՝ մեկ առ մեկ, հետևաբար այն ամփոփում է մեր պատմական հայրենիքի բոլոր գյուղերըն, առնվազն մեկ ու կես միլիոն նահատակների ծննդավայրերը»,-ասում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
2014 թվականի կարևորագույն ծրագրերից նա առանձնացնում է մի քանի աշխատությունների հրատարակություններ.«Խոջիվանքի գերեզմանոցին նվիրված մի հատոր լույս կտեսնի»:
2014-ին կհրատարակվի նաև Դադիվանքին նվիրված աշխատություն: Դադիվանքը գտնվում Արցախի ազատագրված Քարվաճառի շրջանում: Վանական մեծ մի համալիր, որի գլխավոր Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1214 թվականին և այս տարի նշվում է եկեղեցու 800-ամյակը:
Երեք կարևորագույն աշխատությունները, որոնք «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» կպատրաստի ու կներկայացնի 2014 թվականի ընթացքում: Դրանց կողքին նաև Արևմտյան Հայատսանի մոտ 70 գավառների շուրջ 7000 գյուղերի ճարտարապետությունն ամփոփող վերը նշված մատենաշարն է, որի առնվազն առաջին երկու հատորներն, ըստ Կարապետյանի, ընթերցողի սեղանին կդրվեն մինչև ցեղասպանության 100-ամյա տարելիցը: