Հասարակություն

«Կյանքի խոսք»-ը` լուծարման շեմին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հոգևոր աշխարհում վերջին իրադարձությունների և «Կյանքի խոսքի» գլխավոր առաջնորդի աղմկահարույց հայտարարության մասին է այսօր խոսել «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ այդմ նա չի բացառում, որ առաջիկայում կլուծարվի նաև Հայաստանի «կյանքի խոսքը» և կվերադառնա կաթոլիկ եկեղեցի: Ալեքսանդր Ամարյանն անդրադարձել է նաև մյուս աղանդներին և նշել, որ Եհովայի վկաների նոր խմբաքանակ է եկել Հայաստան: Ու փոխարեն ոստիկանությունը նրանց խոչընդոտի, օրենքից անտեղյակ ոստիկանները խոչընդոտում են աղմուկ բարձրացնող լրագրողի աշխատանքը:

Մի քանի օր է ինչ հոգևոր և աշխարհիկ լրատվամիջոցները ողողված են «Կյանքի Խոսք» աղանդի լուծարման մասին լուրերով: Մարտի 9-ին «Կյանքի Խոսք» աղանդի հիմնադիր և գլխավոր հովիվ Ուլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից` վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցի: Հայտարարությունը թերևս նոր է արվել, բայց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նման զարգացում կանխատեսում էր դեռևս 6 ամիս առաջ:

Ալեքսանդր Ամարյանին այժմ ոչ պակաս հետաքրքրում է հատկապես հայաստանյաց «կյանքի խոսքի» ճակատագիրը: Նա չի բացառում, որ մոտ ժամանակներում կլուծարվի նաև Հայաստանի ամենաաղմկահարույց աղանդը:

Նշենք, որ «Կյանքի խոսքի» հայաստանցի հետևորդների թիվն այժմ անցնում է 22.000-ը: Այսպիսով` «կյանքի խոսքը» լուծարման շեմին է, իսկ ահա «Եհովայի վկաները» գնալով ակտիվանում են և էլ ավելի են հարստացնում իրենց շարքերը: Ալեքսանդր Ամարյանի տեղեկացմամբ՝ Եհովայի վկաները ոչ միայն ակտիվացել են, այլև նրանց նոր խմբաքանակ է եկել Հայաստան:

Ամարյանի տեղեկացմամբ`վերջին տվյալներով մեր երկրում այսօր ոչ առաքելական եկեղեցու 350 000 հետևորդ կա, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար ահռելի թիվ է, և լուրջ սպառնալիք:

Back to top button