Երաժշտական եռանկյունի

Քավե Զյուլե՝ Հայաստանում նոր նվագախմբի հիմնադիր․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի Հանրապետությունում գործում են մի քանի պետական սիմֆոնիկ նվագախմբեր՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սիմֆոնիկը և Օպերային թատրոնի Սիմֆոնիկ նվագախումբը:

Հայտնի է, որ այդ նվագախմբերից մեկը ստեղծվել է ուսանողների կողմից, և դա միակ օրինակը չէ, երբ երիտասարդների նախաձեռնությունը հետագայում վերափոխվում է մշտական գործող պրոֆեսիոնալ նվագախմբի: Այդ առումով «Կանդինսկի օրկեստրան» բացառություն չէ, միայն մեկ վերապահումով. նվագախմբի հիմնադիրը Իրանի քաղաքացի է, ով կոմպոզիտորի մասնագիտացումը ստանալով իր երկրում՝ տեղափոխվում է Հայաստան՝ ուսանելով դիրիժորի մասնագիտություն.

«Դեռևս ուսանողական տարիներին մտահղացա ստեղծել Սիմֆոնիկ նվագախումբ, և քայլ առ քայլ շարժվում էի դեպի իմ նպատակը՝ սկզբնական շրջանում համախմբելով ուսանողներին կամերային նվագախմբի գաղափարի շուրջ, իսկ հետագայում ստեղծելով լիարժեք սիմֆոնիկ կազմ»,-ասում է դիրիժոր, նվագախմբի հիմնադիր Քավե Զյուլեն:

Այսօր կարող ենք շնորհավորել մեր հաղորդման հյուրին՝ Երևանի Պետական Կոնսերվատորիայի դիպլոմ ստանալու կապակցությամբ և խոսել նվագախմբի ստեղծման, զարգացման և հեռանկարների մասին:

Հարկ է նշել, որ Կանդինսկի անվանումը պատահական չէ ընտրված, քանի որ այդ գեղանկարիչը հայտնի է իր հեղափոխական նորարարությամբ և ստեղծագործական համարձակությամբ: Նմանօրինակ մոտեցումներ փորձում է դրսևորել նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը՝ այն  առաջին հերթին արտահայտելով նվագացանկի բազմազանության մեջ:

Նվագախումբը կատարում է և՛ դասական, և՛ ժամանակակից երաժշտություն, և եթե ուսանողական տարիների ընթացքում նպատակներից մեկը ուսումնառությունն էր՝ որոշակի փորձ ձեռք բերելու համար, ապա վերջին շրջանի համերգների և՛ նվագացանկը, և՛ կատարողական արվեստի մակարդակը վկայում են ստեղծագործական հստակ հայեցակարգի և նպատակների մասին:

Զրույցի ընթացքում դիրիժորն անդրադարձավ նաև մասնագիտական և կրթական խնդիրների՝ նշելով, որ Երևանի Պետական Կոնսերավոտրիայում դիրիժորական բաժնի ընթացակարգը չի ենթադրում ապագա դիրիժորների պրակտիկ աշխատանքը սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ինչով մասամբ բացատրվում է այդ մասնագիտության ոչ այնքան գրավիչ լինելը:

Ուսանողն ավարտելով Կոնսերվատորիան՝ փաստացի փորձ չունի աշխատելու մեծ կազմերի հետ, և սրան գումարած այն հանգամանքը, որ երկրում ընդամենը երեք նվագախումբ է գործում, երիտասարդ դիրիժորի մասնագիտացումն ու զարգացումը խիստ վտանգված են: Նման իրավիճակը  կարծես թե բնականոն է դարձել Երևանի Կոնսերվատորիայի համար, և հասկանալով դա՝ Քավե Զյուլեն հանդգնություն ունեցավ հակադրվել եղած «համակարգին» և ստեղծել սեփական նվագախումբ, որն այսօր իր ուրույն տեղն է գրավում հայաստանյան երաժշտական դաշտում և ամեն անգամ ներկայանում նոր և համերգից համերգ բարդացող համերգային ծրագրերով:

Դիրիժորը բարձր է արժևորում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հոգատար վերաբերմունքը, ինչպես նաև Արամ Խաչատրյան մեծ համերգասրահի տնօրինությանը՝ նրանց մշտական աջակցության համար թե՛ կազմակերպչական, թե՛ նվագարաններ տրամադրելու առումով:

Նաև պետք է նշել, որ նվագախումբը չունի հովանավոր և չի ստանում որևէ աջակցություն ո՛չ Իրանի, ո՛չ էլ Հայաստանի մշակույթի նախարարությունների կողմից: Նվագախմբի բոլոր խնդիրները հոգում է ինքը՝ Քավե Զյուլեն:

Հաղորդման ընթացքում հնչում են «Կանդինսկի օրկեստրա» նվագախմբի տարբեր տարիների կատարումները:

Back to top button