ԿարևորՏնտեսական

Ուղևորափոխադրողներ.«Վնասով չաշխատելու համար ուղեվարձի գինը չի կարող պակաս լինել 200 դրամից»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր արձագանքել են խորհրդարանում քննարկվող օրինագծին, որով նախատեսվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կառավարումը հանձնել համայնքի ղեկավարությանը և ներդնել մեկ օպերատորի ինստիտուտը: Երևանում գործող 55 ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն այս փոփոխության մեջ մենաշնորհի վտանգ են տեսնում: Նրանք համոզված են, որ դրա գործադրման արդյուքում գործող ընկերությունները սնանականլու են, իսկ տրանսպորտի ուղեվարձը բարձարանալու է:

Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշում կայացրեց 2013-ի հուլիսին, հանրային ճնշման արդյուքնում որոշումը կասեցվեց, հանձնաժողով ձևավորվեց, որը պետք է ուսումնասիրոություններ կատարեր ու մասնագիտական հաշվարկներ ներկայացներ ուղեվարձի ձևավորման խնդրի վերաբերյալ: Խումբն արդեն 7 ամիս աշխատում է, բայց որևէ որոշում առայժմ չի հրապարակել:

Ուղևորափոխադրող ընկերություններն այս ընթացքում անելանելի վիճակում են հայտնվել՝ ասում է Փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

«Ընկերությունները սկսել են երթուղիների սպասարկումից հրաժարվել, մի մասը փակվել է, քանի որ չեն կարողանում աշխատել: Մի քանի օր առաջ, ելնելով այս ծանր իրավիճակից, դիմել ենք հանրապետության քաղաքապետին, վարչապետին ու նախագահին, որ դեմքով դեպի մեզ շուռ գան»:

Փոխադրող ընկերությունների միության նախագահն ասում է, որ սակագնի հարցով զբաղվող հանձնաժողովը համապատասխան ուսումնասիրություններ ծախսերի, ուղևորահոսքի վերաբերյալ արել է, հաշվարկները կան, բայց արդյուքնը չի ներկայացվում: Իսկ գործող ուղեվարձի պայմաններում աշխատելը սնանկացնում կամ դրա եզրին է հասցնում ընկերություններին: Հրանտ Եղիազարյանը սնանկացման գործընթացը միտումնավոր է համարում:

«Արդյունքը կլինի այն, որ այս ընկերությունները կվերանան, երևի այս ամենի մեջ հեռուն գնացող նպատակներ կան. կտիրանան այս բիզնեսին, մեկ օպերատոր կլինի, մեկ փոխադրող, որը վաղն ինչ սակագին կուզի, դա էլ կսահմանի, ու որևէ խոսակցություն չի լինի»:

ՀՀ կառավարուրթյունն իսկապես մտադիր է փոխել մայրաքաղաքային տրանսպորտի կառավարման սկզբունքները: Այս օրերին խորհրդարանում քննարկվում է «Ավտոմոբիլային միջոցների մասին» օրենքում փոփոխության կատարելու հարցը, որով նախատեսվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կառավարումը հանձնել համայնքի ղեկավարությանը և այն իրականցնել մեկ օպերատորի միջոցով:

Ուղևորափոխադրող ընկերություններն այս փոփոխության մեջ մենաշնորհի վտանգ են տեսնում: Միության անդամներից Աշոտ Արշակյանը համոզված է, որ սա նաև սակագնի բարձրացում է բերելու:

«Կունենանք մեկ օպերոտոր ու այն սակագինը, որը նա կցանկանա: Այսինքն, տրանսպորչտի ոլորտում էլ մեզ սպասում է այն նույն վիճակը, որը կա գազի ու էլեկտաէներգիայի ոլորտներում»:

Այդ նույն փոփոխության արդյուքնում ծանր իրավիճակում կհայտնվեն նաև հենց իերնք ՝ փոխադրող ընկերությունները: Դրանց ներկայացուցիչներն այսօր իրական վտանգ համարում էին, ոչ միայն սնանկացման ու գործազրկության հեռանկարները, այլ նաև ֆինանսական լուրջ խնդիրները: Ընկերություններից մեկի նախագահն իրավիճակն այսպես է նկարագրում:

«Մարդիկ հսկայական վարկեր են վերցրել, հիմա ասում են ՝ տալիս ենք ուրիշ ձեռնարկության , այսինքն նոր մենաշնորհ են զարգացնում»:

Փոխադրող ընկերությունները շարունակում են պնդել, որ վնասով չաշխատելու համար ուղեվարձի գինը չի կարող պակաս լինել 200 դրամից: Նշում են նաև, որ այս պնդումն անելով ՝ չեն մտածում, որ բարձրացման բեռը պետք է մնա հասարակության ուսերին: Փոխհատուցման բազմաթիվ տարբերակներ կան, որոնք, ըստ փոխադրողների, չեն օգտագործվում:

Back to top button