Վերնատուն

Օպերան՝ կենսակերպ․ «Վերնատուն»

Օպերային երգիչ, տենոր Հայկ Վարդանյանն առաջին մասնագիտությամբ մենեջեր է, երեք տարի Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրենն էր, ակտիվ զբաղվում էր մշակույթի կառավարման ծրագրերով, հետո որոշեց զբաղվել օպերային երգչի կարիերայով և այսօր ուզում է, որ իրեն բացառապես որպես երգիչ ընկալեն։

Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում օրերս Վերդիի «Աիդա» օպերայում նա հանդես եկավ Ռադամեսի դերերգով, որը, ինչպես ինքն է ասում, ամենաբարդ և պահանջկոտ դերերգերից մեկն է ու տենորների համար բարդ հաղթահարելի հնգյակում է։

«Սա վերջնական վերադարձ ու նվիրում է երգեցողությանը, և հուսով եմ՝ իմ առաջիկա 10–15 տարվա առաջնահերթությունը հենց դա է լինելու։ Իսկ կառավարչական գործունեությունը, որին ես իմ կյանքից 15 տարին նվիրեցի, կարտահայտվի տարբեր ծրագրերի իրականացման շրջանակներում, բայց և ինձ չի շեղի իմ հիմնական երազանքից», – ասում է երգիչը։

Հայկ Վարդանյանն ասում է, որ օպերային ոլորտն առանց պետության խոշոր մասնակցության զարգանալ չի կարող, քանի որ օպերան հասարակության կրթական–դաստիարակչական առանցքային դերակատարում ունի։ Ուրախությամբ նշում է, որ Ազգային օպերային թատրոնն արդեն մանկական ներկայացումներ է բեմ հանում։

«Օպերային երգիչ լինելը կենսակերպ է, եթե ընտրում ես այս մասնագիտությունը ուրեմն ամբողջ կյանքդ պիտի հարմարեցնես դրան։ Օպերային երգչի «ոսկե մոդելը»՝ մեր օպերային թատրոնում մշտական զբաղվածությունն է, բայց իմ երազանքն ու վերջնանպատակը աշխարհի կարևոր բեմերում հանդես գալն է, հայտնի եռյակը՝ Միլանի Լասկալան, Լոնդոնի թագավորական թատրոնը և Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան նվաճելը», – ասում է Հայկ Վարդանյանը։

Back to top button