Երաժշտական եռանկյունի

«Նաիրյան» վոկալ անսամբլի ամերիկյան հյուրախաղերը․ «Երաժշտական եռանկյունի»

«Նաիրյան» վոկալ քառյակը ազատ արվեստի դաշտում գործող այն փոքրաթիվ ստեղծագործական միավերներից մեկն է, որն առանձնանալով իր տեսակով՝ ուրույն տեղ է գրավել հայ բեմում և սիրվել ո՜չ միայն Հայաստանում:

Վերջերս Միացյալ Նահանգների 6 քաղաքներում կայացած անսամբլի  հյուրախաղերը դրա փայլուն ապացույցն են, և մեր զրույցը անսամբլի հիմնադիր Նաիրա Մուղդուսյանի և երգչուհի Ելենա Ազարյանի հետ ընթացավ վերը նշված կարևոր համատեքստի մեջ, այն է՝ ազատ արվեստագետի ճանաչումը հայրենիքում և Սփյուռքում:

«Մի քանի ամերիկյան, հայկական հասարակական կազմակերպություններ և 100-ից ավել բարերարներ իրենց կազմակերպչական ու նյութական ներդրումներով աջակցեցին մեր հյուրախաղերին: Կարծում եմ՝ սա ոչ եզակի, բայց քիչ դեպքերից է, երբ արվեստը գնահատող Սփյուռքի ներուժը նման համախմբում ունեցավ և հնարավոր դարձրեց մի քանի նահանգների 6 քաղաքներում մեր համերգներն իրականություն դարձնել»,- ասում է Նաիրա Մուղդուսյանը:

Համերգները հիմնականում ընթանում էին հայկական և ամերիկյան եկեղեցիների սրահներում, ինչը որոշակի կերպով նպաստում էր հայկական ավանդական, հոգևոր և կոմպոզիտորական երգացանկի կատարմանը՝ դրանց հաղորդելով բացառիկ հոգևոր երանգ:

Դահլիճները լեցուն էին, ինչը որերորդ անգամ գալիս է վկայելու, որ Սփյուռքի հետաքրքրությունը հայկական դասական և ժողովրդական երաժշտության նկատմամբ անկեղծ է և անսպառ:

Քառյակի անդամները հնարավորություն ունեցան շփվելու Սփյուռքի ոչ միայն մշակութային լավագույն գործիչների հետ, այլ նաև կարևոր հայկական կառույցների ղեկավարների հետ:

Բազմաթիվ այցելություններ ունեցանք հայկական կենտրոններում և թանգարաններում, ինչպես նաև անձնային շփումներ, քանի որ հյուրընկալվում էինք հայկական ընտանիքներում:

Ամերիկյան մամուլի արձագանքներից կարելի է եզրակացնել, որ «Նաիրյան» անսամբլի հյուրախաղերը ըստ արժանվույն գնահատվեցին հայ-ամերիկյան մշակութային կապերի համատեքստում և շատ ամերիկացիների համար առիթ հանդիսացան ծանոթանալու հայկական երգարվեստին:

«Նաիրյան» վոկալ անսամբլը հայտնի է իր ոչ միայն երաժշտական, այլ նաև ներառական ուղղվածություն ունեցող մշակութային միջոցառումներով, կատարումներով, և այդ հանգամանքը, ինչպես նաև կատարողական հատուկ ոճը՝ արտիստները ժեստերի լեզվով ցուցադրում են երգերի բովանդակությունը, ցնցող տպավորություն գործեցին ներկաների վրա և ստեղծեցին յուրօրինակ անկեղծության և ջերմության մթնոլորտ համերգասրահներում:

«Հաճախ լսում ենք, որ Սփյուռքի հայությունը այլ երաժշտական ճաշակի դրսևորումներ ունի, և հաճախ ժամանցային երաժշտությունը գերիշխում է նրանց ընկալումների մեջ: Բայց այս վեց համերգների ընթացքում համոզվեցինք հակառակում: Շփվեցինք մի հասարակության հետ, որն առիթը բաց չի թողնում հագեցնելու իր քաղցը՝ իսկական հայկական երաժշտությամբ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրում ներառել էինք և՛ ֆոլկլորիկ, և՛ հոգևոր, և ինչը շատ կարևոր է՝ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ»,-եզրափակում է Ելենա Ազարյանը: Քառյակում երգում են նաև Թինա Ասատրյանը և Աննա Մինասյանը։

Հաղորդման ընթացքում հնչում են «Նաիրյան» վոկալ քառյակի կատարումները:

Back to top button