ԿարևորՀասարակություն

Ինչպիսի՞ն կլինի Ազնավուրի «չընտրված» արձանը․ քաղաքապետարանը ընտրում է, հետո՝ մրցույթ հայտարարում

Քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի երևանյան արձանի բաց մրցույթ է հայտարարել։ Ամիսներ առաջ քաղաքային իշխանությունը հայտարարեց ֆրանսիահայ շանսոնեի 100-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում նրա արձանը տեղադրելու մտադրության մասին։ Այդ հայտարարությունից հետո նախ քննարկումների առարկա  դարձավ արձանի համար ընտրված վայրը, ապա՝ դրա մանրակերտը։

Քանդակագործ Դավիթ Երևանցու առաջարկած մանրակերտը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էր հրապարակել ու հայտարարել, որ հենց կկանգնի Ֆրանսիայի հարապարկում։ Այս հայտարարությունից 20 օր անց է քաղաքային իշխանությունը որոշել արձանի նախագծերի բաց մրցույթ  հայտարարել։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ ի վերջո ինչպիսին կլինի կամ չի լինի մեծանուն հայի երևանյան արձանը։

  • Նախ՝ ընտրություն, հետո՝ մրցույթ

Քանդակագործ Դավիթ Երևանցին հիմա ավելի մեծ եռանդով է աշխատում, հաստատ որոշել է, որ կմասնակցի Շառլ Ազնավուրի երևանյան արձանի համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթին։  

Շաբաթներ առաջ համացանցում հայտնվեց Երևանցու հեղինակած էսքիզներից մեկը։ Շանսոնեի գիպսե մանրակերտը բուռն քննարկումների առարկա դարձավ։  Հանրությունն այն ընդունեց որպես արձանի՝ արդեն ընտրված տարբերակ, քանի որ  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը  քանդակագործին այցելելուց հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակում արեց։

Այս գրառումից 20 օր հետո քաղաքապետարանն արձանի բաց մրցույթ հայտարարեց։

Թե ինչու քաղաքապետարանը դե ֆակտո ընտրություն կատարեց, հետո որոշեց մրցույթ կազմակերպել,  կառույցում չեն մեկնաբանում։ «Ռադիոլուրի» հարցին կարճ պատասխան տրվեց՝ Դավիթ Երևանցու արձանը չանցավ, լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա։ Քանդակագործին այս փաստը ոչ թե անհանգստացնում, այլ մոտիվացնում է։

«Իհարկե, ժողովրդավար երկրում, ընտրությունները պետք է այդ սկզբունքով լինեն։ Բայց հիմա որոշել եմ այլ տարբերակներ էլ փորձել ու ներկայացնելու եմ արձանի մի քանի տարբերակներ։ Եվ շատ ուրախ եմ, որ մրցույթ պետք է լինի»։

Այս փուլում հայտարարված մրցույթն արդեն ձևական բնույթ ունի՝ կարծում է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։ Անհանգստացած է՝ արդյո՞ք քաղաքային իշխանության բացահայտ հովանավորչությունը տեսնելուց հետո արվեստագետները կցանկանան մասնակցել մրցույթին։

«Առնվազն զավեշտալի է, որ Facebook-ում հայտարարվում է, իսկ դա վաղուց պաշտոնական հրապարակմանը հավասարազոր բան է, Դավիթ Երևանցու ու նրա ստեղծած մոդելի մասին, դրա շուրջ աղմուկ է բարձրացվում, և հետո հանկարծ մրցույթ է հայտարարվում։ Ի՞նչ դնել սրա անունը, ի՞նչ է սա։ Շատ ժամանակակից արվեստագետներ, քանդակագործներ, որոնք նման մրցույթների պոտենցիալ հաղթողներ կարող են լինել, պարզապես չեն մասնակցի մրցույթին, քանի որ իրենք լավ հասկանում են, որ ի սկզբանե պատվիրատուի կողմից ցանկալի թեկնածուն արդեն ընտրված է»,– ասում է Լիլիթ Սարգսյանը։

Արվեստագետներն ու քանդակագործները 1 ամիս ու10 օր ունեն մեծանուն հայի կերպարն արտացոլող արձանի մանրակերտը ներկայացնելու համար։ Մրցութային հայտի պահանջներում քաղաքապետարանը ցանկալի է համարել, որ ներկայացվող տարբերակները «լավագույնս արտահայտեն երգչի ստեղծագործական կերպարը, նրան բնորոշ ժեստիկուլացիան ու շարժման տպավորություն ստեղծեն»։ Մրցույթի պայմանները հրապարակելով՝  քաղաքապետարանը նաև հիշեցրել է, որ արձանը տեղադրվելու է Երևանի Սայաթ–Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում։ 

Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լըպաժի» քանդակը Ֆրանսիայի հրապարակում
  • Ազնավուրի երևանյան հասցեն

Մասնագիտական հանրության ու քաղաքապետարանի կարծիքները հասցեի հարցում նույնպես  չեն համընկնում․ դեռ ամիսներ առաջ մասնագետները «Ռադիոլուրի» հետ զրույցում անընդունելի էին համարել արձանը մարդկանց շարժից հեռու՝ երթևեկելի խաչմերուկի կենտրոնում տեղադրելը։

Ազնավուրի արձանի համար ընտրված տեղն անընդունելի է․ արվեստագետները համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ

«Սա արձան, քանդակ կամ առհասարակ որևէ բան դնելու տեղ չէ՝ բազմաթիվ հանգամանքներից ելնելով, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական ու արվեստաբանական։ Նախկինում քաղաքաշինական, գեղարվեստական որհուրդներ էին գործում․ ուր են այդ խորհուրդները, որտեղ են մասնագետները, ով է ասել, որ դա լավ ու ճիշտ տեղ է նման մեծության արձանի համար։ Այդ հրապարակը անգամ Լը Պաժի արձանի համար հարմար չէ, և մենք բազմիցս դրա մասին ասել ենք»,– ասում է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։

Շառլ Ազնավուրի արձանի մի տարբերակ արդեն ունեցող քանդակագործ Դավիթ Երևանցին, սակայն, այլ կարծիք ունի։

«Եթե ստացվի Ազնավուրի էությունը ներկայացնել, տեղը կարևոր չէ․ որտեղ էլ որ դնենք նա կխոսի, կերգի ու կասի․ «Ես եկել եմ երգեմ իմ ազգի ու բոլորի համար»։

Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում

Արձանը պետք է  ոչ թե երգի, այլ արտացոլի  արտիստի մեծությունն ու համապատասխանի մոնումենտալ քանդակի առանձնահատկություններին՝ ասում է արվեստաբան  Լիլիթ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝  հուշարձանի այն տարբերակը, որը Դավիթ Երևանցին էր առաջարկում, այս պահանջներին չէր բավարարում։

«Շառլ Ազնավուրը փոքրամարմին էր, բայց արվեստի մեջ կա խնդիր՝ ցույց տալ նրա անձի մեծությունը, և քանդակագործը պետք է այնքան տաղանդավոր լինի, որ կարողանա շրջանցել արտիստի տիպիկ մարմնական առանձնահատկությունները ու այնպիսի հնարքների դիմի, որ ցույց տա անձի մեծությունը։ Ես ամենայն պատասխանատվությամբ, որպես արվեստաբան ասում եմ, որ Դավիթ Երևանցին դա իրականացնել չի կարողանում Երևանի Վիլյամ Սարոյանի արձանը ձեզ օրինակ»,– ասում է արվեստաբանը։

Ի վերջո, ինչպիսին կլինի Շառլ Ազնավուրի երևանյան արձանը,  պարզ կլինի հուլսի 28-ին։ Հենց այդ օրը՝ ներկայացված աշխատանքների ցուցադրությունից հետո, մասնագիտական հանձնաժողովը կհայտարարի հաղթողի անունը։ Քաղաքապետարանը նախատեսում է հուշարձանի հիմնարկեքը 2024թ հոկտեմբերին իրականացնել։ Հոկտեմբերի 4-ը Ազնավուրի մահվան տարելիցի օրն է։

Back to top button