Էկոսֆերա

Ի՞նչ նպատակով է «Բիդեք» ՍՊԸ-ն վարձակալել Թոխմախի լիճը․ «Էկոսֆերա»

Թոխմախի կամ Վարդավառի լիճն 99 տարով վարձակալել է «Բիդեք» ընկերությունը, որը պարտավորվել է բարեկարգել լճի տարածքը։

Սակայն, համաքաղաքացիներն ահազանգում են՝ լճի ջուրը պղտոր է, ձկներն անկում են։ Ընկերությունից տեղեկացանք, որ ջրի հոսքն ավելացվել է՝ խնդրի լուծման նպատակով։

Երևանի հնագույն և ծավալով երկրորդ խոշոր արհեստական լճակն ամխիթար վիճակում է։ Վարդավառի կամ Թոխմախի լիճը, ժամանակին նաև՝ Արգիշտի ծովը, վերջին օրերին շատերի ուշադրության կենտրում է։

Օգտատերերը լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է անկած ձկների զգալի քանակություն http://bitly.ws/Ioio։

Թե ի՞նչն է ձկների անկման պատճառը, ահազանգի հետքերով գնացել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները։

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շանազարյանը «Էկոսֆերա»-ին տեղեկացրեց, որ Վարդավառի լճում կենտրոնը դիտակետ չունի, բայց նախարարության հանձնարարականով նմուշառումներ են վերցրել ջրից ու արդյունքում պարզվել է․

«Դաշտային հետազոտական խումբը տեղում իրականացրել է ջրի որակի չափումներ, նմուշներն ուսումնասիրվել են լաբորատորիայում։ Նախնական արդյունքների համաձայն՝ տեղում թթվածնի բավականին ցածր քանակություն է արձանագրվել, որը ձկների կյանքի պահպանման համար բավականին ցածր է։ Երկրորդը լաբորատոր հետազոտություններով պարզել ենք, որ այնտեղ ազոտի, սուլֆատի քանակությունը բարձր է, նաև՝ կենսածին նյութերի պարունակությունն է բարձր, որը լճի վատ մաքրելու, ջուրը չշրջանառելու հետևանք է»։

Լճի ջուրը պղտոր է եղել, ակնհայտ է, որ որակական նորմերը պահպանված չեն։ Սա ևս արձանագրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները։

Մի քանի մասնագետների հետ կապվեցինք՝ լսելու նաև նրանց կարծիքները, սակայն ասացին, որ լճում որևէ ուսումնասիրություն չեն կատարել և, առանց գիտական հենքի, որևէ բան ասել չեն կարող։ Մասնագետների ուսումնասիրության տիրույթից դուրս է, քանի որ Թոխմախ լճի տարածքը պատկանում է մասնավոր ընկերության։

Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ Վարդավառի լիճը տրված է վարձակալության «Բիդեք» ընկերությանը՝ 99 տարի ժամկետով, որը և ստանձնել է լճի պահպանությունը։

«Բիդեք» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Ավետիսյանի հետ կապվեցինք։ Նրա փոխանցմամբ՝ ձկների անկում առաջին տարին չէ, որ գրանցվել է, նախկինում նույնպես արձանագրվել են նման դեպքեր։ Ընկերության տնօրենը նաև տեղեկացրեց, որ խնդրի լուծման համար ավելացրել են ջրի հոսքը։

Լճի անմխիթար վիճակը փաստում է, որ վարձակալած ընկերությունն ամեն դեպքում թերանում է աշխատանքներում։ Իսկ ահա վերահսկող մարմինը, որը ենթադրաբար պետք է լինի քաղաքապետարանը, տեղեկացնում է, որ չունի գործիքակազմ, որպեսզի իրավիճակին գնահատական տա։

Լճի պահպանությունը կարևոր է առնվազն երկու պատճառով։ Կիսաանապատային գոտում գտնվող Երևանի համար ջրային ավազանները կենսական նշանակություն ունեն՝ խոնավություն ապահովելու առումով։ Բացի էկոլոգիական նշանակությունից, լիճն ունի նաև պատմական նշանակալի հետագիծ։ Այն կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտիի ծով։ Այն կառուցվել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեք հազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև այսօր։

Back to top button