

«Դա ակնհայտ հրաշք է․ ուռուցքը չկա։ Երեկ կար։ Ո՞ւր է։ Այս կինը ֆիզիկապես չի կարող երեխա ունենալ, բայց հիմա եկել է ինձ մոտ ու ես նայում եմ, չեմ հավատում․․․ Հազարավոր նման դեպքեր կան»։
Ծանր իրավիճակում հույսը նրա վրա է, ում վստահում ենք։ Քրիստոնյան մարմնի ու հոգու ցավի դեպքում Աստծուն է դիմում՝ բժշկվելու հույսով։
«Աղոթքը այն մոտեցումներից մեկն է, որն օգնում է իջեցնել սթրեսի մակարդակը և դրանով ունենում է իր դրական ազդեցությունը։ Եթե, իհարկե, մարդը հավատում է, որ դա իրեն օգնելու է»։
«ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր պարզելու է՝ ի՞նչ և ինչպե՞ս է բուժում աղոթքը։
***
Երբ դեռ պարզ չէր՝ ինչ է կայծակն ու երաշտը, և երբ մարդը չգիտեր՝ ինչպես վարվել դրանց հետ, դիմում էր նրան, ում ուժին հավատում էր՝ երևակայության հուշած մեթոդներով։ Հիմա, երբ կայծակն ու երաշտն ավելի հասկանալի են, կրոնները՝ կոնկրետ անուններով ու տարանջատված, ցեղից մեկին զոհաբերելու կամ բարձր ձայնով անձրև կանչելու կարիքը վերացել է։ Բայց հիմա էլ կան անհասկանալի հարցեր, անկառավարելի իրավիճակներ, որոնց դեպքում քրիստոնյա մարդը Աստծուն դիմում է հատուկ ծեսով՝ աղոթքով։
Մարդուն ասվել է՝ խնդրեցեք և կտրվի, բախեցեք և կբացվի։ Եվ նա հիվանդության պահին աղոթում է՝ երբեմն իսկապես դրական տեղաշարժ նկատելով։ Ի՞նչ է կատարվում մարդու օրգանիզմում, ինչպե՞ս է բացատրվում աղոթքի ապաքինող ուժը, աղոթքը բուժո՞ւմ է․ «ՀանցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։
«Աղոթքի մեջ շատ կարևոր է հավատքը, որովհետև Քրիստոս ասում է՝ այն ամենը, ինչ խնդրեք և հավատաք, որ կտրվի ձեզ, կստանաք։ Այստեղ խոսքը միայն բժշկության մասին չէ, ընդհանրապես Աստծուց ինչ-որ բան խնդրելու և ստանալու մասին է։ Բժշկությունը՝ այդ թվում։ Ընդ որում՝ շատ կարևոր է, որ մենք աղոթենք ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու բժշկության համար»։
Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս Առաքելյանն ասում է՝ հրաշքը սովորական ու բնական մի բան է։ Հավատացյալ մարդը չի զարմանում, երբ խնդրածը ստանում է, որքան էլ այն անհավանական թվա։ Եվ եթե ընտրել եք աղոթքի ուժը տրամաբանության, գիտականության սահմաններում հասկանալու տարբերակը, ամենայն հավանականությամբ կձախողեք․
«Ապացույցների գործիքակազմը միշտ տարբեր է։ Օրինակ՝ մաթեմատիկայում որևէ բան ապացուցելու շատ հստակ եղանակներ կան, բայց մաթեմատիկայի իմ գիտելիքները բավարարվում են աղյուսակի և մի քանի այլ տարրական հարցերի իմացությամբ։ Եթե հիմա դուք այս տաղավար հրավիրած լինեիք որևէ շատ ուժեղ մաթեմատիկոսի, ինքը ոչ մի դեպքում չէր կարողանա ինձ ապացուցել որևէ բան, որովհետև իր փաստարկների գեղեցկությունը, հստակությունը, տրամաբանվածությունը, հանճարեղությունը այդպիսին են միայն իր համար, որովհետև ինքը դա հասկանում է։ Իսկ ինձ համար դա դատարկ խոսք է, ես ունակ չեմ հասկանալու իր փաստարկները։ Ես չունեմ բավարար գիտելիքների հենք՝ իր փաստարկները մարսելու։ Նույնը նաև հավատքի հարցում է»։
Թովմաս Առաքելյանն ասում է՝ աղոթքի հիմնական գործառույթը ոչ թե բուժվելն է, այլ Աստծո հետ զրուցելը։ Եվ պատահական չէ, որ դրա կարիքը շատերն են ունենում, հատկապես՝ անզորության պահին․
«Շատ հայտնի ռուսական ասացվածք կա, որ մարդիկ կդադարեն դույլերով գնալ այն ջրհորի մոտ, որից ոչ ոք երբեք ջուր չի հանել։ Իսկ այսօր այս ջրհորի մոտ հերթեր են, հսկայական հերթեր, միլիոնավոր մարդկանց հերթեր։ Այսինքն, այնուամենայնիվ, ջրհորում ջուր կա, և մարդիկ դրա կարքին ունեն։ Մարդիկ ունեն աղոթքի կարիք»։
Ասում է՝ այս կարիքը ոչնչով չի փոխարինվում։ Եթե այն որևէ դեր չունենար, լիներ անկարևոր ու անիմաստ, ապա մարդը, որը բավականին խելացի է, կհրաժարվեր դրանից։ Ուրեմն՝ աթեիստների հետ այդպե՞ս է պատահել․
«Ոչ, ընկնող ինքնաթիռում աթեիստներ չկան։ Եվ մենք նաև չպետք է խոսենք միայն անհատի մասին։ Չկա աթեիստ ժողովուրդ և չի եղել երբեք, աթեիստ ցեղ, ազգություն, երկիր, չի եղել պատմության մեջ։ Սովետական միության տարիներին հազարավոր գիտնականներ ճգնում էին պետպատվերի տակ, որ գտնեին ամբողջ մարդկության պատմության մեջ մի ժողովորդ, որն աթեիստ է եղել, մի երկիր, որում աթեիզմ է եղել։ Այդպես էլ չգտան, եթե գտնեին՝ դա շատ ուժեղ արգումենտ կլիներ բոլշևիկյան քարոզչամեքենայի համար։ Չկար ու չկար։ Ու նույնիսկ այն աթեիզմը, որը պետականորեն պարտադրվում էր իբրև հիմնական գաղափարախոսություն, շատ շուտ վերածվեց ինքնուրույն կրոնի՝ իր քրմերով, խորհրդանիշերով ու իր ծեսերով»։
Թովմաս Առաքելյանն ասում է՝ մարդը շարունակելու է մերժել պարտադրված կրոնը, շարունակելու է բուժում (և ոչ միայն) խնդրել Աստծուց՝ աղոթքի միջոցով, քանի որ ունի դրա կենսական պահանջը և հրաշքի սպասումը։
«Եթե մենք տեսնում ենք երևույթ, որն ունի որոշակի ազդեցություն, դրանից հետո գալիս է հաջորդ փուլը, երբ մենք պետք է պատճառահետևանքային կապ կառուցենք։ Միայն կապը տեսնելը բավական չի էդ երևույթին ինչ-որ ազդեցություն վերագրելու համար, դու պետք է բացատրես այդ ազդեցությունը, տրամաբանություն կառուցես՝ ինչո՞ւ է ազդում, հետո ստուգես տրամաբանությունը, այլ հետազոտություններ կազմակերպես, հաստատես մի քանի տարբեր իրավիճակներում, որ նոր համարես հիմնավորված մեթոդ»։
Հոբեբույժ, հոգեթերապևտ, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հովսեփյանն կարծում է՝ աղոթքը կարող է բուժել ֆունկցիոնալ բնույթ կրող խանգարումները, որոնք առավելապես պայմանավորված են մեր հոգեկան վիճակով։ Սակայն լուրջ հիվանդությունների դեպքում, ասում է, մեծ էֆֆեկտիվություն ակնկալել պետք չէ․
«Աղոթքը այն երևույթներից մեկն է, որը կարող է մեր հոգեկան վիճակը որոշ չափով բարելավել ու դրանով մեր ֆունկցիոնալ խանգարման մակարդակը թեթևացնել կամ սրությունը իջեցնել։ Այս տեսակետից, իհարկե, աղոթքն ունի նույն էֆֆեկտը, ինչն ունի ցանկացած պլացեբոն»։
Բժիշկն ասում է՝ հավատացյալ մարդու համար աղոթքն աշխատում է նույն կերպ, ինչպես բժշկին վստահող մարդու համար՝ դատարկ դեղահաբը։ Գիտափորձերն ապացուցել են՝ դեղահաբն ընդունելիս, եթե նույնիսկ այն դատարկ է, մարդու առողջական վիճակը դրականորեն փոխվում է։ Սա տեղի է ունենում լավ լինելու սպասմամբ ու վստահությամբ պայմանավորված հուզական վիճակի կարգավորմամբ, ինչն էլ թույլ է տալիս օրգանիզմին ամբողջ էներգիան կենտրոնացնել բուն խնդրի դեմ պայքարելու վրա․
«Լինում է՝ ինձ մոտ խուճապային գրոհով մարդ է գալիս, հենց հիվանդասենյակում ունենում է այդ ծանր վիճակը, իրեն թվում է՝ հիմա մահանալու է և այլն։ Ես ունեմ դատարկ դեղահաբեր, կոչվում է սպիտակ դեղահաբ, իր մեջ որևէ բան չկա։ Տալիս եմ, ասում՝ սա այն բանն է, որը քեզ արագ կհանգստացնի, մարդն ընդունում է։ 1-2 րոպե հետո, երբ դեղահաբը անգամ չի հասցրել լուծվել ստամոքսում, ինքը հանգստանում է։ Եթե մենք խոսում ենք խուճապային գրոհի մասին, ապա սա հենց պսիխոգեն վիճակ է, այսինքն՝ մարդը վախեցել է ինչ-որ բանից։ Ասենք՝ ինքը վախենում է, որ հիմա սիրտը կկանգնի, դու տալիս ես իրեն դեղ, ասում ես՝ սա խմիր։ Դու բժիշկ ես, ինքը քեզ վստահում է, արդեն չի վախենում, որ կմահանա, ու միանգամից այդ վիճակը թուլանում է։ Նույնը կարող է լինել աղոթքի դեպքում, եթե մարդիկ հավատացյալ են»։
Պլացեբոյի էֆֆեկտը կարող է տատանվել շատ լայն՝ 5-70 տոկոս սահմաններում։ Օրինակ՝ գլխացավը կարող է անցնել դատարկ հաբի, աղոթքի, մեդիտացիայի, երաժշտության, ցանկացած օրգանիզմը հանգստացնող գործոնի օգնությամբ։
«Բայց եթե դու ունես ոսկորի կոտրվածք, աղոթքը բնականաբար ոչ մի ձև չի կարող օգնել, որ քո ոսկորը ավելի շուտ լավանա։ Կարող է օգնել, որ դու ցավն ավելի քիչ զգաս և կարող է օգնել, եթե դու ուժեղ սթրեսի մեջ ես և քո օրգանիզմն իր ողջ ռեսուրսները չի ծախսում լավացման պրոցեսի վրա, կարող է օգնել, որ դու քո ուժեղ սթրեսը իջեցնես և օրգանիզմն իր մաքսիմումով աշխատի քո լավացման համար»։
Բայց գիտության գործը աղոթքին մի պատվիրակեք՝ ասում է։ Այն կարող է օգնել, թեթևացնել վիճակը, որոշակիորեն լավացնել ինքնազգացողությունը։ Բայց լուրջ խնդրի դեպքում բժշկության փոխարեն աղոթքին ապավինելը կարող է վտանգավոր լինել․
«Եթե կա որևէ լուրջ հիվանդություն, այն անպայման պետք է ստանա բժշկական օգնություն։ Բժշկական օգնությունը կատարյալ չէ, բայց դա լավագույնն է, ինչ մենք ունենք այսօր։ Մենք ունենք հիվանդություններ, որոնց մեխանիզմները մինչև վերջ դեռ չենք հասկացել, ունենք հիվանդություններ, որոնց բուժումը լիովին դեռ չենք գտել, բայց անգամ այս անկատար վիճակում դա շատ մեծ աստիճանով տարբերվում է գոյություն ունեցող մյուս բոլոր մոտեցումներից։ Եվ եթե մենք ունենք մարդ, որ ասում է՝ գլուխս ցավում է, այդ դեպքում մենք կարող ենք առաջարկել՝ արա որևէ գործողություն, որը քեզ կթեթևացնի և դրանով քո խնդիրը կլուծի, այդ թվում՝ նաև աղոթիր։ Բայց եթե մենք ունենք լուրջ բնույթի խանգարում, օրգանական որևէ փոփոխություն կա մեր օրգանիզմում, ապա անպայման պետք է բժշկական բուժում»։
Ուղղափառ քրիստոնեությունը գիտության դեմ ոչինչ չունի։ Թովմաս Առաքելյանը վստահ է՝ աղոթքը կարող է հրաշքի հանգեցնել։ Բայց դա չի նշանակում, թե գիտությունը մերժելը, բժիշկներից հրաժարվելը և միայն աղոթական կյանքով առողջություն ակնկալելը ճիշտ մոտեցում է։
«Անշուշտ աղոթքը չի փոխարինում բժշկությանը, աղոթքը չի գալիս ընդդեմ բժշկության և բոլոր այն կրոնական կազմակերպությունները, կրոնները, աղանդները, որոնք պնդում են, թե բժշկություն պետք չէ, մենք կաղոթենք և ամեն ինչ լավ կլինի․․․ սրան իհարկե ուղղափառ քրիստոնեությունը դեմ է։ Մխիթար Հերացին բժիշկ էր և հոգևորական, Ամիրդովլաթ Ամասիացին քրիստոնյա մեկն էր, մեր բժշկության հիմնասյուներից մեկը։ Նրանք աղոթում էին, հետո սկսում էին բացատրել, որ չէ ժողովուրդ ջան, այն, որ մարդը ջերմություն ունի, չի նշանակում, որ նա դիվահարվել է ու իրեն պետք է ծեծել այնքան, մինչև դևերը դուրս գան։ Աղոթքը չի գալիս գիտության փոխարեն, այլ գալիս է գիտությանը օգնելու, մոր պես գիտությանը խնամելու։ Աղոթքը գալիս է բժշկի մի պահ դողացող ձեռքը բեռնելու ու հանգսատցնելու, ասելու՝ ամեն ինչ լավ կլինի»։
***
Աղոթքը կարող է բուժել։ «Կոնկրետ ի՞նչը, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով» հարցերը հավատքի տեսանկյունից միանշանակ պատասխան չունեն։ Այն ողջունում է հարցերը, կասկածը, բայց գիտափորձերի կարիք չի տեսնում․ «Երանի նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»։
Գիտությունը հարցուփորձին գիտափորձ էլ է միացրել։ Արդյունքը․ թե հավատում եք՝ հրաշալի է․ դրանով պայմանավորված վստահությունն ու հանգստությունը գիտությանը շատ կօգնեն։ Դա քիչ չէ, բայց մեծ մասամբ բավարար էլ չէ։
Մարդու հավատքին միջամտելը անշնորհակալ գործ է․ գիտությունն այդ խնդիրն իր առաջ չի էլ դրել։ Դա խնդիր կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ մարդը որոշի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, խմբագրել քրիստոնեական գաղափարները և մերժել բժշկության օգնությունը վստահ՝ աղոթքը բավարար է, այն կբուժի։