Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ձեռնակություններին պետությունը կազատի հարկերից
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Շահութահարկի զրո տոկոս արտոնություն, եկամտահարկի մինչև տասը տոկոս ֆիքսված դրույքաչափ, ֆինանսական աջակցություն կառավարությունը կաջակցի ՏՏ ոլորտի սկսնակներին, հարցը քննարկվել է ՀՀ նախագահի մոտ և արժանացել նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն «ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկությամբ, հարաբերական առավելությամբ գրավի իր հատուկ տեղը»,- դիտարկումը հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանինն էր՝ կառավարության նիստում:
«Այս օրենքի նախագիծը, մեր կարծիքով, այդպիսի նախադրյալներ ստեղծում է նաև այլ գործիքակազմի հետ միասին: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել Վենչուրային հիմնադրամը, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծելու են մասնավոր ընկերությունները: Այդ հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start-up բիզնեսների ֆինանսավորմանը: Այն, որ մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ստեղծում ոլորտի համար, ազատելով բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն 10 տոկոսով ամրագրված եկամտահարկ, ազատելով շահութարկից, լրջագույն խթան է լինելու Start-up-երի համար և այս ոլորտում, կարծում եմ, կապահովի նոր առաջընթաց: Նաև համաձայն եմ այն առաջարկի հետ, որ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, քանի որ այն սպասված է նաև ՏՏ ոլորտի կողմից»:
Օրենսդրական նախաձեռնությունը հնարավորինս շուտ օրենսդիրում կքննարկեն, այն անհետաձգելի է համարվել, նախաձեռնությունից ակնակլիքները շատ են,ասում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Ինչու է ՏՏ ոլորտն այս պահին հայտնվել կառավարության ուշադրության առանցքում, հարցը շատերին է հետաքրքրում, ու չնայած կառավարության ղեկավարը նշեց, որ խնդիրը քնարկվել է նախորդ տարվա դեկտեմբերին Դիլիջանում, միևնույնն է էկոնոմիկային նախարարը կրկին նույն հարցն է լսում, իսկ հարցի ենթատքեստը «Դեմ եմ» շարժմանը միացած ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին է վերաբերում. «Եթե իսկապես հնարավոր է որևէ նախաձեռնություն ունենալ, որը նպաստավոր կլինի ոլորտի համար ու դրա հետևանքով «Դեմ եմ» շարժումը կողմ կլինի,ապա այո, դրա համար ենք անում»,- պնդեց նախարարը:
Կառավարությունը կշարունակի աջակցել նաև ՓՄՁ-ին, հարցը գործադիրի նիստում ուշադրության էր արժանանցել օրենսդիր մարմնի գործընկերների առաջարկով: Նրանք նախաձեռնությամբ են հանդես եկել ու կառավարությանը առաջարկել առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 1.5 տոկոս: Գործադիրում կարծում են, որ առայժմ պետք է ձեռնպահ մնալ փոփոխություններից, միաժանակ առաջարկում՝ մասնակցել վարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ-ի աջակցման խորհրդի նիստերին ու ծավալվող քննարկումներին: «Որոնել, գտնել տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ՓՄՁ ներկայացուցիչներին ու ընդդիմադիր գործիչներին»,- առաջարկ հորդորը վարչապետ Տիգրան Սարգսյանինն էր:
«Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ մեզ առաջարկություններ է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», — հարցի վերաբերյալ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ազգային Ժողովում առաջարկություններ են հնչեցրել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները, ում նույնպես պետք է այս քննարկմանը մասնակից դարձնել, որպեսզի մեր ընդունած տարբերակը ընդունելի լինի ոչ միայն կառավարության, այլև առաջին հերթին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև այն կուսակցությունների համար, որոնք նույնպես տվյալ ոլորտի վերաբերյալ նախաձեռնություններ ունեն»:
Կառավարությունն այսօր որոշեց մեկ միլիարդ դրամով ավելացնել ԼՂՀ –ին առաջին եռամսյակում միջպետական վարկի ծրագրային գումարը, լրացուցիչ 50 մլն դրամ էլ տրամադրեց ՄՄ անդամակցության փաստաթղթերի թարգամանության համար, Տարածքային կառավարման նախարարությանն էլ Երևանի քաղաքպետարանին հատկացնելու նպատակով տրամադրեց երկու միլիարդ դրամ՝ վթարային շենքերի բնակիչների համար բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով: Երևանում այժմ չորրորդ կարգի վթարային տասը շենք ու հանրակացարան կա, որոնք ավելի քան 400 ընտանիքի շուտափույթ վերաբնակեցման համար նոր բնակարաններ են անհրաժեշտ: