ԿարևորՀասարակություն

Ղրիմում հանրաքվեի անցկացումը իսկական ֆարս է, ասել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ղրիմում հանրաքվեի անցկացումը իսկական ֆարս է եւ այն անօրինական է` հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան` այսօրվա մամուլի ասուլիսում խոսելով Ուկրաինայի իրավիճակի մասին: Դեսպանին լրագրողների հետ հանդիպման է այսօր հրավիրել Մամուլի ազգային ակումբը` «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում: Խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին` Իվան Կուխտան հայտարարել է, որ ինքը լավատես է եւ հույս ունի, որ այն շուտով կկայունանա:

Ուկրաինայում իրավիճակը բարդ է եւ առավել է այն բարդանում` կապված Ղրիմում մարտի 16-ին նշանակված, այսպես ասած, հանրաքվեի հետ` ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանը: Իվան Կուխտան հայտարարեց, որ Ուկրաինան գոհ չէ ԱՊՀ-ի գործունեությունից` կապված այդ երկրում ստեղծված իրավիճակի հետ:
Պատասխանելով ԱՊՀ կազմից Ուկրաինայի դուրս գալու հավանականությանն առնչվող հարցին` Իվան Կուխտան նկատեց, որ դա բավականին հետաքրքիր հարց է եւ հիշեցրեց, որ Ուկրաինան այս տարի նախագահում է ԱՊՀ-ում:

«Ուկրաինան որպես նախագահող երկիր առաջարկել էր մարտի 7-ին Կիեւում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստ անցկացնել: Սակայն նախարարները հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ զբաղված են: Այնուհետեւ ուկրաինական կողմն առաջարկեց հանդիպումն անցկացնել մարտի 12-ին, սակայն կրկին ԱՊՀ երկրների արտգործնախարարները հրաժարվել էին: Ուկրաինայի ԱԳ նախարարն իր դիրքորոշումն է արտահայտել այդ կապակցությամբ՝ եթե նախարարները նախագահող երկրի համար նման բարդ պայմաններում չեն կարողանում հավաքվել, ապա ինչի՞ համար է այդ կառույցն առհասարակ»:

Դեսպանի փոխանցմամբ` այդ իսկ պատճառով, իր կարծիքով, համապատասխան քաղաքական որոշում կկայացվի: Ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելու օրակարգ ձեւավորելու հնարավորության մասին հարցին` դեսպանը շեշտեց, որ նման հարց այսօր Ուկրաինան չի քննարկում եւ այդ մասին վարչապետը հստակ հայտարարել է:
Դեսպանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանը, ընտրվելիք նոր նախագահը, իրավիճակը կայունացնելուց հետո, համապատասխան որոշում կկայացնեն տվյալ հարցով:

Ղրիմում սպասվող հանրաքվեին անդրադառնալով եւ արձագանքելով Ղարաբաղի հետ զուգահեռներ անցկացնելու խնդրանքին` դեսպանը նախ շեշտեց, որ Ղարաբաղի հարցով զուգահեռները քաղաքագետների, վերլուծաբանների եւ փորձագետների խնդիրն է: Ինչ վերաբերում է Ղրիմին. Իվան Կուխտան շեշտեց, թե առաջին հերթին կա ԵԱՀԿ-ի դիրքորոշումը եւ այդ մասին ամրագրող հայտարարությունը, որտեղ հստակորեն ամրագրվում է, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվեի անցկացումն անօրինական է, ապակառուցողական եւ հակասում է ինչպես Ուկրաինայի Սահմանադրությանը, այնպես եւ միջազգային իրավունքին:

Այսպիսով, ԵԱՀԿ-ն հստակեցնում է, որ եթե անգամ հանրաքվեն կայանա, ապա այն չի ճանաչվելու ԵԱՀԿ-ի կողմից: Նման հաստատումներ են արել նաեւ աշխարհի շատ երկրներ: Ուկրաինայի դեսպանի խոսքով` առավել եւս Ուկրաինայի Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է երկրի տարածքում հանրաքվե անցկացնելու կարգը: Ընդ որում` այն, որ հանրաքվեն անցկացվում է նման իրավիճակում` երկշաբաթյա ժամկետում դա, պարզապես, իսկական ֆարս է` եւ չի կարող այն օրինական, իրավական ուժ ունենալ` շեշտեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Դեսպանը, միաժամանակ, շեշտեց, որ Ուկրաինան պատրաստ է այսօր խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ քննարկել իրավիճակը նաեւ Ռուսաստանի հետ:

Back to top button