ԿարևորՀասարակություն

Դեբետի խաղահրապարակի ողբերգության հետքերով

Դեբետ գյուղի խաղահրապարակում հոսանքահարված 11–ամյա աղջնակի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում 11-ամյա Լուսինեն դիպել է լուսավորող էլեկտրասյուն հոսանքալարին։

«Բայց քննության նախնական արդյունքներով, հավանաբար, երեխաները խաղալիս են եղել այդ տարածքում։ Այդ հատվածը շատ նեղ է, որտեղից հովանցումով անցնում է հոսանքը, որը մատակարարել է խաղահրապարակի լուսավորությունը։ Հավանաբար, խաղացել ու բացել է լարը, որից առաջացել է հոսանքահարում։ Բայց սա նախնական տվյալ է», – «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը։

Նրա  խոսքով՝ աղջկա հետ մեծահասակ չի եղել։ Աղջիկը քրոջ,  եղբայրների և հարևանի երեխաների հետ է խաղալիս եղել։ 

«Թաքնվոցի են խաղացել։ Թաքնվել է երեխան այդ հատվածում։ Պաշտպանիչ երկաթի մասը ոնց որ թե չի եղել։ Չգիտենք՝ ինչ հանգամանքներում, սակայն  լարը փաթաթված է եղել ժապավենով։ Ժապավենը հավանաբար  հեռացվել է երեխայի կողմից, որովհետև քննության նախնական արդյունքներով պարզ էր դարձել, որ թարմ էր ժապավենի բացված լինելը»։

Ո՞ր կառույցն է վերահսկում խաղահրապարակների անվտանգությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերահսկողության տակ այն բակերն են, որտեղ արտադրական վտանգավոր օբյեկտներ, օրինակ,  կարուսելներ կան։ Մյուսների մասով  կառույցը որևէ լիազորություն չունի։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ևս հսկում է միայն ռեեստրում գրանցված օբյեկտները։ Այժմ նման գործընթաց են իրականացնում  մանկական ժամանցի բոլոր վայրերում, զննում են գործող ատրակցիոնները: Բակային խաղահրապարակներում որևէ վերահսկողություն այս կառույցն էլ չունի։ Լոռու մարզպետարանից էլ «Ռադիոլուրին» նույն պատասխանը տվեցին։ Բակերի ու խաղահրապարակների  վերահսկման գործառույթ չունեն․ բարեկարգում, վերանորոգում ու խնամում են, բայց դրանց անվտանգության ապահովման ու հսկման լիազորություն չունեն։

Դեբետի խաղահրապարակը 2021 թվականին կառուցել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը։ Ըստ վարչական ղեկավարի՝ անվտանգությանն առնչվող մտավախություններ երբևէ չեն ունեցել։ Բոլոր սղարաններն ու աստիճանները պլաստմասե են, երեխաների համար անվտանգ։

«Երբ  մենք ընդունել ենք, բանուկ օգտագործվող խաղահրապարակ է եղել։ Որևէ խնդիր ու դրա հետ կապված մտահոգություններ չեն եղել։ Այդ հատվածը, որտեղ երեխան հոսանքահարվել է, աչքից հեռու տարածք է։ Չենք մտածել, որ այդտեղ կարող է հոսանքը վնասված լինի։ Հիմա քննությունը ցույց կտա, թե խնդիրը որտեղից է եկել»։

Երևանում ևս  նման վտանգավոր խաղահրապարակներ կան։ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչը  դժգոհում է իրենց բակի խաղահրապարակից։ Առաջին հայացքից գեղեցիկ, բարեկարգ բակ ունեն, սակայն երեխաների համար հասանելի հատվածում հեռագրալարերի մեծ ենթակայան կա։ Երեխաների համար «թաքնվելու» հարմար վայր՝ ասում է զրուցակիցս։

«Իհարկե, նորմալ չի, որ խաղահրապարակներին կից, մոտակայքում դեռ կան նման վնասված հոսանքազրկեր կամ հոսանքակայան։ Մենք մեր երեխաներին դուրս թողնելուց միշտ զգուշացնում ենք, բայց երբեք ապահովագրված չենք, որովհետև դրսում երեխաների համար խնդիրները շատ են»։

11–ամյա Սերժը բակում ընկերների հետ գնդակով միշտ է խաղում։ Ասում է ՝ գիտի, որ խաղահրապարակին կից գործող ենթակայանը շատ վտանգավոր է։

«Մեր բակում մի ենթակայան կա։ Մի անգամ գնդակը խաղալուց ընկավ այդ հոսանքների ենթակայանը։ Ես վազեցի, որ հանեմ ու հիշեցի, որ այն շատ վտանգավոր է։ Մայրս ու հայրս միշտ զգուշացրել են, որ այն վտանգավոր է, ու կարող է հոսանքահարվեմ։ Այդ ժամանակ մենք օգնության կանչեցինք մեր ծնողներին»։ 

Խաղահրապարակներում մահվան ելքով դեպքեր էլի են արձանագրվել։ 2015 թվականին  մեկ այլ  ողբերգական դեպք էր գրանցվել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խաղահրապարակներից մեկում կարուսելն ընկել էր 12-ամյա աղջկա վրա: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել էր։

2022 թվականին հանրապետությունում  26 805 մահ է արձանագրվել․ այս թվի մեջ  մեկ տոկոսից ավելին մինչև 4 տարեկան երեխաներն են։ Ըստ մասնագետների՝  այդ թվի մեջ  մեծ է  կանխարգելելի մահերի բաժինը։ Դրանք այն մահերն են, որոնք  արձանագրվել են և՛ դժբախտ պատահարների, և՛ առողջապահական ծառայությունների ոչ պատշաճ իրականացման հետևանքով։ Մասնագետներն ասում են՝ այս թիվը  ցույց է տալիս, որ երեխաների անվտանգության նորմերը կանոնակարգված չեն։

Back to top button