

Իր կտավներում Հայաստանի գեղատեսիլ բնությունն արարող նկարչի յուրահատուկ ստեղծագործությունները կարելի է ոչ միայն դիտել, այլև զգալ: Լուսավոր, գունեղ ու անչափ ներդաշնակ ստեղծագործություններ՝ լի ներշնչանքով ու լավատեսությամբ՝ արարված Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում:
Գեղանկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանն արվեստասերներին առավել հայտնի է Արմեն Լոռենց անունով:
Լոռվա բնաշխարհում անցկացրած մանկությունը շատ մեծ ազդեցություն է ունեցել նկարչի ստեղծագործական ճանապարհին, իսկ նկարելու տաղանդը ժառանգել է բազմաշնորհ հայրիկից:
Արմեն Լոռենցը սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, հետագայում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում, ծավալել ակտիվ մանկավարժական գործունեություն:
Հեղինակ է հինգ տասնյակից ավելի գիտամանկավարժական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների, ինչպես նաև նկարազարդել է ժողովածուներ:


Զրույց գեղանկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Լոռենց Հարությունյանի հետ։