ԿարևորՔաղաքական

Մասնակցե՞լ, թե՞ ոչ․ ՀԱՊԿ-ը համաձայնեցրել է առաջիկա զորավարժությունների ծրագիրը

Բելառուսում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Քննարկված հարցերից մեկն այս է եղել՝ ինչպե՞ս չեզոքացնել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերները։ Նիստի մասնակիցների հետ հանդիպել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Խոսելով հայ–ադրբեջանական հակամարտության մասին, Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Երևանն ու Բաքուն պետք է փորձեն փոխադարձ ընդունելի լուծում գտնել՝ հակամարտությունը հաղթահարելու համար։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին էր Մինսկ մեկնել։ Մինչ այդ նա ասել էր, որ պատրաստվում է ՌԴ իր պաշտոնակցի հետ քննարկել Հայաստանի պատվիրած զենքի խնդիրը, որը Ռուսաստանը մինչ օրս չի մատակարարել։

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստի մեկնարկին պաշտոնյաներին նախ ընդունել է Բելառուսի նախագահը։ «Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ` Լուկաշենկոն շեշտել է, որ անհրաժեշտ է համարում հետ կանգնել ՀԱՊԿ տարածքում առկա զինված հակամարտություններից։ Նա նշել է հատկապես հայ–ադրբեջանական հակամարտությունը։

«Պետք է փորձեր կատարել և համբերություն ունենալ՝ հարցի լուծումը գտնելու համար, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- շեշտել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն առաջարկել է մշակել մինչև 2035 թվականը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության հայեցակարգը, ինչը, ըստ նրա, կնպաստի անդամ երկրների տարածքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։  

Նիստում ելույթ է ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը, մասնավորապես ասել է․

«Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում»։

Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը՝ հիմնավոր չէ:

Նա կոչ է արել գործընկերներին՝ հստակ և հասցեական գնահատական ​​տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որ Արցախում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների․

«Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը»։

Հայ փորձագետները նկատում են, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ցույց է տալիս իր դժգոհությունը ՀԱՊԿ-ից, սակայն դրանք կիսաքայլեր են։ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համոզմունք հայտնեց, որ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ կստանա առաջին հերթին բանակի արդիականացման ու բարեփոխումների հարցում․

«ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, փաստացի, չգործող կառույց է։ Եթե այն չի գործում և միաժամանակ, այսպես ասեմ, Հայաստանի հնարավորությունները սահմանափակել է, ապա նրանից պետք է ազատվել։ Այնպես որ՝ այստեղ խնդիրը ոչ թե այլընտրանք գտնելն ու փոխարինելն է, այլ սահմանափակումներից ազատվելը, որից հետո արդեն մենք բաց և ազատ կկարողանանք հաղորդակցվել աշխարհի այլ ռազմական համակարգերի հետ և փորձենք ինչը, որ հնարավոր է, որտեղ որ հնարավոր է, տարբեր համակարգերի տարբեր տարրեր ներմուծել Հայաստան։ Ես նկատի ունեմ առաջին հերթին ռազմական տեխնիկա գնել ու բերել Հայաստան՝ հայկական բանակը վերազինելու, բարեփոխելու համար»։

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ավելի վաղ հիշեցրել էր, որ ռուսական կողմը Հայաստան չի ուղարկում այն սպառազինությունը, որի համար արդեն վճարվել է։ Մինսկ մեկնելուց առաջ Գրիգորյանն ասել էր, որ այդ հարցը քննարկելու է ռուս գործընկերոջ՝ Նիկոլայ Պատրուշևի հետ։ Սակայն նման հանդիպման մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

Ի դեպ՝ այս հարցին անդրադարձել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։ 24News-ի հետ զրույցում նա ասել է, որ Ռուսաստանում տեսնում են բոլոր այն դիտարկումները, որոնք հնչում են Երևանից՝ ուղղված Մոսկվայի քաղաքականությանը, սակայն դրանցից ոչ բոլորն են արդար համարում.

«Ես կարող եմ չտիրապետել ամբողջական տեղեկատվությանը, բայց, կարծում եմ, որ ցանկացած պարագայում, եթե ինչ-որ առանձին պայմանագրերով կան դժվարություններ, ինչը հնարավոր է, թերևս իմաստ կա այս խնդիրը քննարկել երկկողմ ձևաչափում։ Խնդիրն այն չէ, որ այդ համագործակցությունը դադարեցվում է, այլ առանձին դեպքերի մասին, որոնց շուրջ կան դժգոհություններ։ Ես վստահ եմ, որ մասնագետները կարող են երկխոսել և լուծել այդ խնդիրը»։

Վերադառնալով ՀԱՊԿ-ի նիստին՝ նշենք, որ Բելառուսում նաև համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շտաբային բանակցություններ են տեղի ունեցել։ Համաձայնեցվել է զորավարժությունների ծրագիրը։ Այս մասին Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն Twitter-ում այսպիսի գրառում է արել․

«Համաձայնեցվել են մտահաղացման հիմնական հարցերը, անցկացվել է տեղանքի հետախուզություն և ստորագրվել է արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի ընդհանուր տեսակետը առաջիկա իրադարձությունների վերաբերյալ»։

Առայժմ պաշտոնական Երևանի հայտարարությունը չկա, թե  ՀԱՊԿ-ի այդ զորավարժություններին Հայաստանը մասնակցելո՞ւ է , թե՞ ոչ։

Back to top button