ԿարևորՀասարակություն

Զեկույցներն անիմաստ են, եթե չեն օգտագործվելու քաղաքական հարթությունում․ իրավապաշտպանները՝ ՄԻՊ զեկույցի մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում  իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով կազմված արտահերթ զեկույցը։

Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերը եղել են Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական բնակավայրերում ու արձանագրել հիմնական խախտումները։ Իրավապաշտպանները ողջունում են այս աշխատանքը, բայց նաև նկատում՝  ցանկացած զեկույց, բանաձև կամ փաստաթուղթ պետք է օգտագործել բանակցություններում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հրապարակած արտահերթ զեկույցում նշվում է, որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ՝ բնակիչների տներից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ։ Հաճախ կրակոցներ են արձակվում մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ, բնակավայրի հարևանությամբ կիրառվում  են խոշոր տրամաչափի զենքեր՝ իրական վտանգ ստեղծելով մարդկանց կյանքի ու առողջության համար: Այդ կրակոցներից զոհվել են քաղաքացիական բնակչությանը պաշտպանող 4 հայ զինծառայողներ, 6-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՄԻՊ փաստահավաք խումբը նշում է, որ ադրբեջանական զինուժը զենքի ցուցադրմամբ ահաբեկում է մարդկանց, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում ։

Պաշտպանն  արձանագրել է, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերի ուղղությամբ գործում են նույն նպատակով և նույն ձեռագրով։ Մասնավորապես, զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում համայնքների օդային տարածքներում և այլն։ Ավելին՝ ադրբեջանական զինված ուժերը խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում, արոտավայրերում, ինչը  թույլ չի տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ողջունում է սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքը, ինչի հիման վրա զեկույց է կազմվել, սակայն կարծում է, որ այս ուղղությամբ շատ ավելի խորը և համակարգված  աշխատանքի կարիք կա։  

«Ցանկացած դետալիզացում շատ կարևոր է, քանի որ խոսքը մարդու մասին է։ Սահմանամերձ գոտում ապրող մարդը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք տեսանելի չեն։ Դրա համար առանձին դեպքերով պետք է փաստերը հավաքել ։ Մի բան է թվային գրառումներ անելը, լրիվ այլ բան է միջազգային կառույցներում իրական իրավիճակի մասին գնահատականը, քանի որ խնդիրը տեխնիկական չէ, այլ գոյաբանական։ Մարդը, որ ապրում է գյուղատնտեսությամբ, հնարավորություն չունի իր հոտը տանել արոտավայր, կամ բերք հավաքել»։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է ՄԻՊ զեկույցում տեղ գտած արձանագրումները  բավարար չեն, կան սահմանամերձ այլ բնակավայրեր էլ, որոնք պետք է ՄԻՊ–ի դիտակետում լինեն, բացի դրանից՝  կարծում է, որ պետք է լրջորեն մտածել,  թե ինչպես կիրառական ուժ տալ Բաքվի դեմ գրվող զեկույցներին, բանաձևերին ու  վճիռներին։

«Որպեսզի այս զեկույցը կիրառվի, նախ պետք է  ներկայացվի Հայաստանի գործընկեր միջազգային բոլոր կառույցներին։ Բացի դրանից՝ չպետք է սահմանափակվել միայն Տեղ համայնքով, քանի որ նման խնդիրներ կան ողջ սահմանագծի երկայնքով ՝Երասխում, Սոթքում և այլ բնակավայրերում։ Եվ այսպիսով՝ ավելի ամբողջական զեկույցներ ներկայացնելու կարիք կա։ Բացի դրանից՝ պետք է այս զեկույցները կիրառվեն բանակցությունների ընթացքում, ինչը մենք այսօր չենք տեսնում։ Հայկական կողմի բանակցողներից մենք լսում ենք այլ բնույթի հայտարարություններ, բայց, օրինակ, Հայաստանի ռմբակոծման, Արցախի շրջափակման մասին մենք չենք լսում»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ավելի կարևորում է  հավաքված փաստերի հիման վրա կազմված զեկույցների ու փաստաթղթերի  օգտագործումը՝ քաղական հարթությունում, բանակցությունների ժամանակ․

«Որքանո՞վ է սա օգտագործվելու քաղաքական ատյաններում ներկայացնելու իրական իրավիճակը․ որովհետև կարող ես ունենալ բազմաթիվ զեկույցներ, բայց դրանք չօգտագործելու դեպքում կդառնան անիմաստ»։

Եթե գործիքակազմն ամբողջական օգտագործվեր, փաստերը ներկայացվեին ու ամրապնդվեին միջազգային հարթակներում, ապա, ըստ իրավապաշտպանի,  նոր գերիներ,  հարձակումներ ու սադրանքներ չպետք է լինեին։

Կարապետյանցի կարծիքով՝ իրավական հարթությունում որոշ առաջընթաց կա, ինչը չի կիրառվում  քաղաքական բանակցություններում․

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ հիշեցնում է մի քանի ազդեցիկ փաստաթղթերի մասին, որոնք կարելի էր օգտագործել միջազգային հարթակներում քննարկումների ժամանակ․

«Մենք ունենք բանակցային դիրքում շատ ուժեղ ելակետեր․ օրինակ՝ ՄԱԿ Միջազգային քրեական դատարանի որոշումը Արցախի շրջափակման վերաբերյալ։ Ունենք բազմաթիվ եվրոպական կառույցների փաստաթղթեր, քաղաքական հայտարարություններ՝ ընդունված  Ռուսաստանի, Ֆրանսիայի կողմից, Գերմանիայի վարչապետի կողմից, այսինքն՝ աշխատելու հնարավորություն կա»։

Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ  արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին, ՀԿ-ներին և միջազգային կառույցներին:

Back to top button