ԿարևորՎերլուծական

Էրդողանի երդմնակալությունից հետո Անկարայի քաղաքականության մեջ ավելի կընդգծվի ազգայնականությունը. թուրքագետներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալությունից հետո կհրապարակի նոր կառավարության կազմը։ Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ իշխանության կուլիսներում վաղուց բուռն քննարկվում է պաշտոնների բաժանման թեման։ Փարձագետները նկատում են, որ Էրդողանն իր կաբինետում զգալի տեղ է հատկացնելու ազգայնական ուժերին։ Ոմանց գնահատմամբ՝ դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ Էրդողանի ամբիցիաներն ավելի ագրեսիվ են դառնալու, այդ թվում՝ Հայաստանի ու հայկականության նկատմամբ։ Թուրքագետները հակահայկական տրամադրությունների կտրուկ աճ են կանխատեսում։   

Թուրքագետները կարծում են, որ կառավարման հերթական շրջանում Էրդողանն ավելի սուր ազգայնական քաղաքականություն է որդեգրելու. նա ժամանակակից Թուրքիայում իսլամականության ու ազգայնականության խորհրդանիշն է՝ նկատում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․

«Թուրքիայում ավելի են սրվելու պետական քաղաքականության մեջ ազգայնականության տարրերը և Թուրքիան դառնալու է ավելի ազգայնական պետություն, ինչը ուղիղ ազդեցություն է ունենալու հարևան երկրների վրա և առաջին հերթին Հայաստանի վրա»։     

Նախընտրական շրջանում Էրդողանը փորձում էր ավելի մեղմ ու հանդուրժող երևալ, բայց դա միայն արտաքին ձև էր։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նույնպես կարծում է, որ ազգայնական ուղղվածությունը սրվելու է Թուրքիայում։ Նա նկատում է, որ այդ երկի խորհրդարան նաև մոլի ազգայնականներ են անցել, ինչը, բնականաբար, ուղղակի ազդեցություն է ունենալու իշխանության վարած քաղաքականության վրա․

 «Այսպիսի կազմով Հայաստանի հանդեպ  քաղաքականությունն էլ կփոխվի։ Այսպիսի մի մարդու փոփոխության հետ հույսեր փայփայելը միանգամայն ավելորդ է։ Ի վերջո՝ չմոռանանք, որ այդ նույն Էրդողանը Թուրքիան ներգրավել է 44-օրյա պատերազմում Արցախի դեմ։ Ավելին՝ ահաբեկիչներ է տեղափոխել Արցախ»։

Պատերազմի ավարտից հետո էլ նույն Էրդողանն էր, որ հայտարարեց՝ Թուրքիան այս պատերազմին մասնակցել է՝ ավարտին հասցնելու երիտթուրքերի կիսատ թողած գործը, հիշեցնում է թուրքագետը։ Նա նման գործչի հետ հույս կապելն առնվազն ծայրահեղ միամտություն է համարում։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համոզված է՝ Հայաստանի նկատմամբ անհանդուրժողականությունն ավելի կսրվի, թեև ընտրվելուց առաջ Էրդողանը փորձում էր ավելի մեղմ լինել ու զսպել իր հայատյացությունը։ Հիմա կեղծելու պատճառ այլևս չունի․

 «Թշնամական գործողությունների ամբողջ սպեկտրը, կարելի է ասել, Հայաստանի հանդեպ կիրառվում է և առաջիկայում էլ հայ- թուրքական հարաբերությունների ցանկացած փոփոխության, չեմ ասում ՝ բարելավման, որովհետև դա բարելավում չի լինելու, պարագայում Հայաստանի հանդեպ փափուկ ու կոշտ ուժի համադրված մեթոդները կիրառվելու են»։   

Լուրջ երկրներում, կլինի բռնատիրություն, թե՝ ոչ, քաղաքականությունը ծրագրված է լինում, իր հերթին նկատում է  Հակոբ Չաքրյանը։ Խոսելով՝ 44-օրյա պատերազմից հետո հայ-թուրքական շփումների մասին, այդ թվում՝ երկրաշարժի օրերին Հայաստանից ուղարկված օգնության, կամ՝ ընտրվելու կապակցությամբ Էրդողանին հղված շնորհավորանքի, Չաքրյանն այսպիսի կարծիք հայտնեց.

«Էսպիսի քայլերը քաղաքական էթիկային կանոններին համապատասխան քայլ է ընդամենը։ Հայ-թուրքական նորմալացման գործընթացը առայժմ որևէ արդյունք չի տվել»։

Ռուբեն Մելքոնյանի ձևակերպմամբ՝ Հայաստանի իշխանությունների կողմից դիվանագիտական ռեվերանսները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը չեն օգնի։ Ըստ թուրքագետի՝ նման քայլերը ոչ մի ազդեցություն չեն ունենում և չեն էլ ունենա, ավելին՝ կարող են անգամ հակառակ արդյունքն ունենալ, քանի որ բացասական ընկալում ունեն Թուրքիայում.  

«Որովհետև, շարունակում եմ կարծել, որ Արևելքում հատկապես, արժանապատվությունը, այդ թվում՝ նաև պետությունների արժանապատվությունը, շատ կարևոր դեր ունի և չի կարող մի երկիր, որը շնորհավորել է Ադրբեջանին և շեշտել, որ նրանք համատեղ օկուպացրել են Ղարաբաղը, դրական ընկալի»։

Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Էրդողանն իր հավակնությունները կմեծացնի ամբողջ տարածաշրջանի նկատմամբ, եթե հնարավորություն ունենա։ Այս պահին, սակայն, Չաքրյանի խոսքով,  ֆինանսական չափազանց դժվար կացության մեջ է Թուրքիան։ Այդ երկրին վարկ չեն տրամադրում ոչ ԱՄՀ-ն, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ի բանկերը։ Թուրքիան Արևմուտքի համար դարձել է անվստահելի, անկանխատեսելի գործընկեր։ Դժվար է ասել, թե Էրդողանն ինչպես դուրս կգա այդ իրավիճակից, և կհասցնի՞ արդյոք, քանի որ բոլոր այդ խնդիրներին գումարվում է նաև նրա առողջական ակնհայտ վատ վիճակը։   

Back to top button