Չինարենի թեքումով երևանյան կրթօջախներից մեկում` Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում չինական շունչն ու մշակույթը տեսանելի է լինում հատկապես այն ժամանակ, երբ դպրոցում անցկացվում են չինացի հյուրերի հետ հանդիպումներ, ինչպես նաև չինարեն գրականությանը նվիրված հանդիսություններ, ինչպես օրինակ վերջերս հրատարակված չինարեն գրականության անթոլոգիայի շնորհանդեսն էր։
Երևանյան կրթական այս հաստատության այդ օրվա շունչը կիսաչինական, բայց ավելի շատ հայկական է։ Սոնա Վանի հանդիպումը չինարեն դասավանդող դպրոցների աշակերտների հետ պատահական չէ։ Չինաստանում` արվեստի և մշակույթի ամենամյա փառատոնում նրա «Լիբրետո անապատի համար» գիրքն արժանացել է գրական մրցանակի։
Թիվ 135 դպրոցը հայ-չինական բարեկամության լավագույն դրսևորումներից է։ Դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը ժամանակակից հայ գրողների ու արվեստագետների հետ հանդիպումները համարում է ուսանելի և պատմության տարբեր էջերը բացահայտելու միջոց։ «Մեր գրողներից շատերն իրենց գործերում անդրադառնում են մեր պատմությանը, տարբեր տեսանկյունից ներկայացնելով պատմության կողմերը։ Սոնա Վանը նույնպես նրանցից մեկն է, ում գործերում մեր պատմությունն է նաև»,- ասում է Գարեգին Ներսեսյանը։
Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, որը Սոնա Վանի պոեզիային ծանոթ է, նկատում է. «Նա շատ արդիական հայացք ունի, ինտելեկտուալ է, շատ խորքից է նայում, դիտարկում երևույթները»։
Ըստ գրականագետի՝ Սոնա Վանը՝ սփյուռքահայ գրող չէ, չնայած ապրում է ԱՄՆ-ում և սփյուռքահայ գրականությունը այսօր տարանջատելու խնդիր ունի։
Ամերիկահայ բանաստեղծուհու ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, այս առումով մեծ է Սոնա Վանի դերը արդեն համաշխարհային գրականության մեջ,ասում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը։
Նա համոզված է, որ բնական ձայնի ու տաղանդի կողքին մեծ է նաև համաշխարհային գրականության, այլ քաղաքակրթության դերը Սոնա Վանի գործերում, ինչն այսօր մի քիչ պակասում է հայաստանցի գրողների մոտ։
Սոնա Վանի հանդիպումները դպրոցականների հետ ինքնանպատակ չեն, այլ «սեփական փորձով ցույց տալ հայրենիքի, հողի կարևորությունը, խաղաղության հասնելու ճանապարհին գալիք սերնդի գործողությունների կարևորությունը և կնոջ դերը այս ամենում»,-ասում է բանաստեղծուհին։