Հասարակություն

Հինգ կոմիտեները՝ մեկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՔԾ մասին օրինագիծը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը, որը նախատեսում է այսօր 5 գործող կոմիտեների փոխարեն ստեղծել ընդամենը մեկը: Նախագծին դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը: Ընդդիմադիր մնացած խմբակցությունների անդամները ձեռնպահ էին: Հիշեցնենք, որ ընդդիմադիրները պնդում էին, թե սա մի նախագիծ է, որը աշխատանքով կապահովի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Այսօր քննարկված մեկ այլ օրենքում եւս ընդդիմադիր պատգամավորները տեսնում էին «դավադրություն» եւ տողատակում երեւացող նպատակներ: Խոսքը «հեռուստատեսության եւ ռադիոյի» եւ «Գովազդի մասին» օրենքիներին է վերաբերվում:

Եթե մենք գնում ենք դեպի Մաքսային Միություն, իսկ Ռուսաստանն ամբողջովին արգելել է ոգելից խմիչքների գովազդը ԶԼՄ-ներով, ապա ինչու է Հայաստանը փոխում օրենքում առկա արգելքը եւ թույլ տալիս երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 6-ը գովազդել ոգելից խմիչքներ: Այստեղից ընդդիմադիր պատգամավորները հետեւություն են արել. սա չի բխում հանրային շահերից, ուղղորդված է եւ կոչված է ծառայելու մի խումբ մարդկանց շահերին: Այդպես են մտածում օրինակ դաշնակցական պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն անելու նախաձեռնող հանրապխետական պատգամավորները վկայակոչում են, որ ամեն ինչն արվել է բարի նպատակներով, որ բարելավվեն հեռուստատեսությունների ֆինանսական վիճակը: Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ առաջարկվող փոփոխության պարագայում տարեկան մոտ 1 միլիարդ դրամով կավելանա հեռուստատեսությունների եկամուտը: Նախագծի համահեղինակ հանրապետական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն, ի դեպ` դիմելով դաշնակցական պատգամավորներին ասաց, որ դատարկ խոսքերով պետք չէ մեղադրանքներ հնչեցնել: Համոզված է. չկա ոչ մի հայ գործարար, ով դեմ լինի այս օրենքին:

Ընդդիմադիր պատգամավորները համոզված են. այս փոփոխության դեպքում մեկ կենտրոնից ուղղորդվելու է, թե գովազդատուն որ հեռուստատեսությունով պետք է գովազդի իր արտադրանքը: Ի դեպ` այս ամենը վերաբերում է միայն մասնավոր հեռուստաընկերություններին, քանի որ մեկ այլ օրենսդրական նախաձեռնության համաձայն նախատեսվում է Հանրայինից հանել բոլոր գովազդները` բացառությամբ սոցիալականի եւ հովանավորների` այն էլ սահմանափակ: Սա ըստ էության կրկնակի մեծացնելու է մասնավոր հեռուստաընկերությունների եկամուտը` մի դեպքում ոգելից խմիչքների գովազդից, մյուս դեպքում գովազդի շուկայից` Հանրայինի դուրս գալու պատճառով: ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանը կողմնակից է «Գովազդի մասին» օրենքը քննարկել այլ տեսանկլյունից:

Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է նաեւ գովազդի ձայնի հետ կապված մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն: Ինչ վերաբերում է քննարկվողներին, ապա նախագծի հեղինակները չհամաձայնեցին ընդդիմադիրների առաջարկին հետ վերցնել նախագիծը ու մտածել բարձրացված հարցերի շուրջ: Այս հարցի քվեարկությունը կկազմակերպվի վաղը:

 

Back to top button