Պատգամավորները կառավարությունից որակական ցուցանիշներ են ակնկալում
2022 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ կազմելով 67,4 տոկոս։ Սրան զուգահեռ ընթացիկ ծախսերը կատարվել են գրեթե ամբողջությամբ՝ խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելով՝ ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Փոխնախարարը նշել է, որ կապիտալ ծախսերը հիմնականում իրականացվել են դպրոցաշինության ոլորտում՝ «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում։
Պաշտոնյայի խոսքով՝ այս թվերից համապատասխան եզրակացություններ են արվել են։ Ընթացիկ միջնաժամկետ ծախսերի պլանավորման գործընթացում իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականն ավարտին հասցնել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարություն։
ԿԳՄՍ-ն նախորդ տարվա ընթացքում 12.5 մլրդ դրամ է ծախսել գիտական ենթակառուցվածքների արդիականացման համար։ Գիտության ոլորտի զարգացման համար տարբեր դրամաշնորհներով ֆինանսավորվել է 86 ծրագիր, որոնցում ներգրավված գիտնականների 73.3 տոկոսը երիտասարդներ են՝ ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մեծ գումարներ են հատկացվել նաև գիտական 15 կազմակերությունների հետազոտական հզորությունների համալրման և թարմացման համար։ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով պատգամավոր Գևորգ Պապոյանի այն դիտարկմանը, թե ինչ արդյունքներ են տվել այդ ներդրումները, նշեց, որ դրամաշնորհային ծրագրերը զարգացրել են գիտական կազմակերպությունների կարողությունները։
«Նրանք կարողացել են վերջին երկու տարիներին ներգրավել այնքան միջոցներ մոտ 2.9 մլն․ եվրո, ինչքան նախ կինում չեն կարողացել ներգրավել կամ համարյա այդքան են ներգարվել շուրջ 7 տարում։ Մենք այստեղ ունենք կարողությունների զգալի աճ, մեր գիտական կազմակերպությունները գնալով դառնում են ավելի մրցունակ»։
Պատգամավորի մտահոգություններին ի պատասխան՝ նախարարն ընդգծեց, որ վերոնշյալ ծրագրերը երկարաժամկետ են, և դրանց ավարտից հետո միայն տեսանելի կլինեն արդյունքները։ Սակայն որոշ արդյունքներ, ըստ նախարարի, արդեն իսկ կան։
«Ես մի արդյունք իմ խոսքում նշեցի սերնդափոխությունը։ Մենք ունենք գիտության ոլորտում այնպիսի ասպարեզներ, որտեղ գիտնականների միջին տարիքը շատ բարձր է և այստեղ ունենք սերնդափոխության շատ լուրջ խնդիր, եթե ուզում ենք այդ ոլորտի գիտական գործունեության շարունակականություն ապահովել։ Մեր կողմից անցկացվող դրամաշնորհային մրցույթների մասնակիցների 70 տոկոսից ավելին երիտասարդ գիտանականներ են»։
Այս կերպ երիտասարդ գիտնականների համար գիտությամբ զբաղվելը դարձնում են գրավիչ ու հրապուրիչ՝ ասում է նախարարը։ Դիտարկմանը հակադարձում է պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նորից ցանկանալով լսել արդյունքային ցուցանիշ։
«Ինձ հետաքրքրում է, որ 75-ը փոխարինում ենք 35-ով, ի՞նչ արդյունք է նա ստեղծել»։
Արդյունքային ցուցանիշների մասին խոսեց Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ըստ նրա՝ պետության նպատակը գիտության ոլորտում առավել զարգացած երկրների հետ համագործակցությունն է և այսպես ասենք, մեր գիտական մտքի միջազգայնացումը։ Այս տարի կավարտվեն մի քանի ծրագրեր, որոնք մեկնարկել են 2020 թվականին։ Արհեստական բանականության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում առաջընթաց կա՝ ասում է Գիտության կոմիտեի նախագահը։
«Այս պահին ծրագրի շահառու մի շարք խմբեր ունեն էքսպոնենցիալ աճ իրենց հրապարակային որակի և միջազգային համագործակցության շրջանակում»։
Գևորգ Պապոյանը, սակայն, իր հարցերի պատասխանները չստացավ։ Քանակական ցուցանիշները բավարար չեն արդյունքը գնահատելու համար։
«Հույս ունեմ, որ հաջորդ անգամ կլինեն որակական ցուցանիշներ, որոնք մեզ համար կարող են հիմք տալ եզրակացնելու այս կամ այն ծրագրի արդյունավետության մասին»։
Ըստ նախարարի՝ ատեստավորման փուլը հաջող չեն անցել գիտաշխատողների միայն 18.4 տոկոսը։ Աշխատավարձերի փուլային բարձրացումը շարունակվելու է մինչև 2025 թվականը։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի համար անհասկանալի են գիտաշխատողների ատեստավորման բարձր ցուցանիշերը։
«Ինչպե՞ս է ստացվում, որ ուսուցիչների շրջանում ատեստավորման ցածր ցուցանիշեր են, իսկ գիտաշխատողների դեպքում այս պատկերն է։ Շա՞տ են այն գիտնականները, որոնք ատեստավորվել են, մենք իրենց բարձր աշխատավարձ ենք տալիս, սակայն իրենք գիտությամբ չեն զբաղվում»։
Գիտության կոմիտեի նախագահի խոսքով՝ համավարակը տարիներին նման խնդրի հետևանքով 26 ծրագիր փակվել է։ Հիմա համալսարանների մեծ մասում բոլոր ծրագրերի ուղղությամբ արդյունավետությունը տեսանելի է։