Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Զվարթնոց» օդանավակայանում
Մայիսի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կազմակերպել և անց է կացրել «Ուժեղ երկրաշարժի ժամանակ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը «Զվարթնոց» օդանավակայանում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական՝ իր ձևաչափով նախադեպը չունեցող ուսումնավարժություն, որն առավելագույնս մոտեցված էր իրական պայմաններին։
Միջոցառմանը տեղում հետևել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Ուսումնավարժանքը ղեկավարում էր ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը և փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի («Արմենիա միջազգային օդանավակայան» ՓԲԸ) և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար կազմը։
Ուսումնավարժության ղեկավարի տեղակալը և շտաբի պետն էր ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։ Ներգրավված էին ՓԾ ՓՈՒՎ ՀՓԱԿ, ՀՆՓԱԻ կենտրոնի, ԵՓՎ թիվ 1 և թիվ 7 ՀՓՋ-ների ծառայողները, Հոգեբանական աջակցության բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության, օդանավերի փրկարարական և հակահրդեհային ծառայության աշխատակիցները։
Ըստ ուսումնավարժության մտահղացման՝ տեղի էր ունեցել ուժեղ երկրաշարժ, ինչի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում փլուզվել էին շենքեր, շինություններ, օդանավակայանի ավիաուսումնական կենտրոնում բռնկվել էր հրդեհ, աշխատակիցներն արգելափակվել էին շենքում և չէին կարողանում դուրս գալ, կային տուժածներ և անհետ կորածներ։
Նշենք, որ մինչ ՓԾ ուժերի և միջոցների ժամանումը, «Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմը, տարածքում ծուխ նկատելով, անակնկալ ձևով միացել էր վարժանքին՝ մեկ մարտական հաշվարկ և շտապօգնության ավտոմեքենա ուղարկելով պայմանական հրդեհի վայր։ Իրենց ուժերով իրականացրել էին 17 աշխատակցի տարհանում, իսկ տեղի շտապօգնության ավտոմեքենան մեկ տուժածի տեղափոխել էր մոտակա բժշկական կենտրոն։
ՓԾ ուժերը, դեպքի վայր հասնելուն պես, ծավալել էին գործողությունների համակարգման օպերատիվ շտաբ և իրականացրել տեղանքի հետախուզման աշխատանքներ։
Սցենարով գործողությունները նախատեսված էին երկու փուլով և առավել բարդեցված էին պարբերաբար տրվող անակնկալ միջանկյալներով։
1-ին փուլում ԵՓՎ թիվ 1 և թիվ 7 ՀՓՋ հրշեջ-փրկարարներն իրականացրեցին հետախուզման և հրդեհաշիջման աշխատանքներ, հայտնաբերեցին 1 տուժածի և դուրս բերեցին ծխապատ գոտուց, ում ԲԱՎ հերթապահ բժիշկը ցուցաբերեց առաջին բուժօգնություն և շտապօգնության բրիգադը տեղափոխեց բժշկական հաստատություն։ Հոգեբանը տարհանվածներին ցուցաբերեց հոգեբանական աջակցություն։
Միաժամանակ մեկ այլ տեղամասում հրշեջ-փրկարարները, հատուկ տեխնիկա կիրառելով, կտրեցին և բացեցին փակ դուռը, հայտնաբերեցին և դուրս բերեցին 1 զոհ։
Երկրորդ փուլում խաղարկվեցին ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական և հետախույզ կինոլոգիական ջոկատի հնարավորությունները․ փրկարարները տեղադրեցին լուսային աշտարակ՝ գիշերային պայմաններում փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, իսկ հատուկ վարժեցված շները փլատակներում հայտնաբերեցին տուժածներին, որոնց փրկարարները դուրս բերեցին անվտանգ տարածք։
Ինչպես նշեց ուսումնավարժանքի շտաբի պետ փ/ծ գնդապետ Ա․Գևորգյանը, վարժանքի բարդությունն ու առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ իրականությանը համապատասխանող փորձարարական պայմաններում օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման ընթացքում և՛ արձագանքող, և՛ տեղի ուժերը գործեցին լավագույնս, քանի որ վերջիններս նախապես պատրաստված չեն եղել, ծանոթ չեն եղել վարժանքի սցենարին: Ահազանգը ստանալուն պես իրենց մշտական տեղակայման վայրից մեկնել են դեպքի վայր՝ ճանապարհին հանդիպելով իրական պատահարի։ Հաղթահարելով իրական խոչընդոտները՝ օպերատիվորեն հասել են դեպքի վայր, իրականացրել փրկարարական և հրդեհաշիջման գործողություններ։ Իսկ տեղի ուժերն առանց վարժանքի նախապատրաստվելու և ցուցումների իրականացրել են իրենց պլաններով նախատեսված գործողությունները։
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել՝
- իրական և աշխատանքային առավել բարդ պայմաններում արձագանքող ստորաբաժանումների մարտավարական ունակությունները,
- աղետի դեպքում տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը,
- ուժերի և միջոցների կիրառման տակտիկատեխնիկական հնարավորությունները,
- տեղի ուժերի հետ փոխհամագործակցության ուղիները և աշխատանքի համակարգման ընթացքը։
Վարժանքի ավարտին ՓԾ տնօրեն Կ․ Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժության բոլոր մասնակիցներին, դրական գնահատեց մասնակիցների գործողությունները՝ նշելով, որ մարտավարական ուսումնավարժանքը ծառայեց իր նպատակին։
Տնօրենը հավելեց, որ նման ձևաչափով վարժանքները հնարավորություն են տալիս հստակեցնել և ամրապնդել փոխհամագործակցության ուղղությունները, ինչպես նաև կատարելագործել փրկարարական ծառայողների ունակությունները և կարողությունները, վեր հանել թերությունները և հասկանալ խոչընդոտները, որոնց շտկումն ապագայում հնարավորություն կտա առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատանքները։