ԿարևորՔաղաքական

Փաշինյանը չի հասկանում Ալիևին. Քիշնևից առաջ վարչապետը պարզաբանումներ է պահանջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ և’ Բաքուն, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանումներ տան Ալիևի՝ նախօրեին արած հայտարարությունների առնչությամբ և առնվազն բացատրեն՝ արդյոք դրանք բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարում չեն նշանակում։ Ուշագրավ է, որ Ալիևի հայտարարությունները հնչում են Քիշնևում հունիսի 1 -ին կայանալիք հնգակողմ հանդիպումից առաջ, որտեղ, ինչպես այսօր Հայաստանի վարչապետն է վստահեցրել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել՝ ասել է Փաշինյանը։

Փաշինյանն այս պահին բացառում է, որ հունիսի 1-ին Քիշնևում նշանակված հնգակողմ հանդիպմանը կստորագրվի խաղաղության որևէ փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը դեռ չի ստացել Վաշինգտոնից առաջ Ադրբեջանին փոխանցված չորրորդ խմբագրման առաջարկների մեկնաբանությունները:

«Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»:

Կա նաև այլ խնդիր․ Փաշինյանը սկսել է չհասկանալ Ալիևին և լրացուցիչ պարզաբանումների կարիք է տեսնում: Տպավորություն ունի, թե Ալիևը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից: Նախօրեին Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է տեղի ունենա միայն Ադրբեջանի պայմաններով։ Բրյուսելում էր, որ կողմերը պայմանավորվել էին ճանաչել միմյանց 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը:

Ադրբեջանի նախագահի նոր հայտարարությունների առիթով հանձնարարականներ ստացավ արտգործնախարար Միրզոյանը:

«Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ: Ես կարծում եմ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից , և ես կարծում եմ, պարոն Միրզոյան, մենք իսկապես մեր գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանանք, որովհետև եթե նշանակում է հրաժարում, տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել: Կարծում եմ՝ այստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք»:

Հայաստանյան ներքաղաքական և վերլուծական դաշտում սուր են ընդունել նաև Ալիևի հնչեցրած սպառնալիքները Արցախի Հանրապետության իշխանությունների հասցեին: 

Ալիևը համոզված է, թե միջազգային կառույցները «գրեթե ամբողջությամբ սատարում են» Ադրբեջանի դիրքորոշումը․ նա հայտրարել է, թե Արցախի խորհրդարանը պետք է ցրվի, նախագահը հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները հեռացվեն պաշտոններից։ Խոսել է ինչ-որ համաներման, ինչպես նաև ցանկացած պահի «հատուկ օպերացիա» կոչվածը իրականացնելու հնարավորության մասին:

ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, անդրադառնալով Արցախում պետական ինստիտուտները լուծարելու Ալիևի հայտարարությանը, հիշեցրել է՝

«Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝  ընտրված ժողովրդավարական սկզբունքներով»: Ավանեսյանը նկատել է, որ ընդամենը օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն էր հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Հայաստանի արտախորհրդարանական ուժերից օրինակ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը դիմել է Փաշինյանին: Քաղաքական գործիչը նշում է, որ Ալիևի պահվածքը խոսում է այդ պետության ու հասարակության՝ խաղաղության, բարի դրացիության, հաշտության ու հարևանության նկատմամբ ունեցած ընկալումների մասին։ Նորիկյանը ակնկալում է, որ պաշտոնական Երևանը շատ կոնկրետ, հստակ ու համարժեք կարձագանքի Ալիևի բարբաջանքներին։ «Պարտություն չի նշանակում ստորացում, նվաստացում ու ազգային արժանապատվության ոտնահարում»,- գրել է նա։

Ուշագրավ է, որ Ալիևի հայտարարությունները հաջորդել են մոսկովյան հանդիպումներին: Այնտեղ Արցախի հարցը օրակարգային է եղել, բայց Փաշինյանը Մոսկվայից ոգևորված չի վերադարձել:

«Քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը: Այս թեման քննարկել ենք ՌԴ մեր գործընկերների հետ, և ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է: Ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը, իհարկե, բավական մտահոգիչ է: Մենք շարունակելու ենք մեր քննարկումները, այդ թվում ռուսաստանցի մեր գործընկերների հետ այս իրադրության կարգավորման ուղղությամբ»:

Այս շաբաթ Մոսկվայում ևս մի եռակողմ հանդիպում է լինելու: Պայմանավորվածության համաձայն՝ աշխատելու է  փոխվարչապետերի գլխավորած ապաշրջափակման հարցերով աշխատանքային խումբը:

ԱԺ-ում Հայաստանի վարչապետը դարձյալ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է կոմունիկացիաների վերաբացմանը՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո և այդ ընդգծումը Մոսկվայում արվել է։ Փաշինյանի փոխանցմամբ՝ փորձում են աշխատել նաև երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա։ Ընդգծում է՝ եթե հարցի լուծումը միայն մեզնից կախված լիներ, վաղուց լուծված կլիներ:

Back to top button